Փաշինյանից բացի, այլ թեկնածու առաջադրվեց՝ կընտրվի վարչապետ. «Իմ քայլում» կան մարդիկ, որոնք հասկանում են՝ ի՞նչ է կատարվում. Լևոն Մարտիրոսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի սահմանադրականության հարցով կարող է Սահմանադրական դատարան դիմել մինչև մարտի 9-ը ներառյալ, սակայն երկրի համար նման ծանրագույն իրավիճակում միանձնյա որոշումներ կայացնելու սահմանադրական գործիքներ չունեցող ՀՀ նախագահի դիրքորոշումից, խոշոր հաշվով, որևէ բան չի կարող փոխվել, որովհետև ունենք այնպիսի Սահմանադրություն, որը բոլոր լծակներն ու լիազորությունները կենտրոնացրել է մեկ մարդու՝ վարչապետի ձեռքում։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով երկրում առկա քաղաքական ճգնաժամի ու այս փուլում ՀՀ նախագահի անելիքների մասին, ասաց ՀՀ նախագահի նախկին խորհրդական, քաղաքական գործիչ Լևոն Մարտիրոսյանը։

«Նախագահը կստորագրի՞, թե՞ ոչ, հարց չի լուծում, որովհետև այս Սահմանադրությամբ նախագահը չի ստորագրում, այդ օրենքը, միևնույն է, ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով։ Հենց սա է, որ անհեթեթություն է, իհարկե, կդիմի Սահմանադրական դատարան, բայց նույնիսկ, եթե չդիմի էլ, այս խնդիրը չի լուծվում։ Հենց այս թնջուկներում է, որ թաքնված է շան գլուխը։ Հիմա նախագահականի հարթակն օգտագործվում է՝ որպես չեզոք հարթակ։

Երկխոսության միջոցով է փորձում հանգուցալուծել նախագահը ճգնաժամը, որովհետև չունի այլ լծակ, չի կարող, օրինակ, միանձնյա խորհրդարանը ցրել, կամ վետո կիրառել, հետևաբար՝ ունեցած լծակներն էլ օգտագործում է երկխոսություն ապահովելու և այս իրավիճակից ելքեր գտնելու համար»,- ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ այդ ամենով հանդերձ՝ ակնհայտ է, որ երկրում վիճակն այն աստիճանի վատ է, որ օր առաջ այսպես մնալը երկիրը տանում է կործանման։

«Իրավիճակը կատաստրոֆիկ էր, և մենք դա գիտեինք մինչև ԳՇ-ի հայտարարությունը, բայց պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աստիճանի է վատ, որ զինվորականների 90 տոկոսը պահանջում է գերագույն հրամանատարի հրաժարականը։ Կրկնում եմ՝ Հայաստանում իրավիճակը գնահատում եմ ողբերգական։ Սա արտառոց մտահոգիչ մի ժամանակահատված է, իհարկե, զինվորականների հայտարարություններից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է, սակայն դրանից առաջ էլ էր վիճակը մտահոգչ. մենք պարտվել ենք պատերազմում և պետք է հետևություններ անենք»,- ասաց Մարտիրոսյանը՝ ԳՇ-ի տարածած հայտարարությունը համարելով ոչ թե ռազմական հեղաշրջման փորձ, այլ մտահոգության ճիչ, արտահայտման մի ձև։

«Ռազմական հեղաշրջման փորձերն իրենց տարրերն ունեին, տանկեր և այլն. մեզ մոտ այդ դեպքը չէ։ Մեզ մոտ ռազմական հեղաշրջման մասին խոսք լինել չի կարող։ Որքանով ԳՇ պետի հետ ես իմ շփումներով գիտեմ՝ ռազմական հեղաշրջում անելու ոչ ցանկություն կա, ոչ նպատակ. եղել է ընդամենը կոչ»,- ասաց Մարտիրոսյանը։

Քաղաքական գործչի փոխանցմամբ՝ եթե Հայաստանում լիներ նորմալ քաղաքական համակարգ, ապա պատերազմի ավարտից անմիջապես հետո վարչապետը հրաժարական կտար՝ անկախ նրանից՝ ցանկություն ունե՞ր, թե՞ ոչ։

«Սակայն, քանի որ մեզ մոտ քաղաքական մոդելը տանում է դեպի փակուղի, իսկ բոլոր լիազորությունները կենտրոնացված են մի մարդու ձեռքում՝ սուպերվարչապետական է երկիրը, ապա ստացվում է, որ անգամ պատերազմում պարտվելուց հետո այդ մեկ մարդու ցանկությունից է կախված՝ ինքը հրաժարական կտա՞, թե՞ ոչ։

Այս սուպերվարչապետական մոդելից պետք է դուրս գանք առաջիկայում. Իհարկե, առաջիկայում պետք է հրաժարական էլ տա, պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ինչպես նաև՝ պետք է իրականացնենք սահմանադրական բարեփոխումներ, բայց, քանի որ դեռ դա տեղի չի ունեցել, մենք պետք է հասկանանք, որ շան գլուխը թաղված է այս սուպերվարչապետական համակարգում։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլընտրանք չունեն. առհասարակ պետք չէ վախենալ ընտրություններից, որովհետև քաղաքական ուժերը խորհրդարանական կառավարման երկրներում ճգնաժամերի դեպքում գնում են ընտրության, սակայն սրան զուգահեռ՝ փոփոխություններ պետք է արվեն, որպեսզի մենք ունենանք բալանսավորված զսպումների և հակակշիռների մեխանիզմներ, որպեսզի չզարմանանք, որ ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետն անում է այն, ինչ ուզում է»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ընդդիմությունն ու իշխանությունն ի վերջո գան կոնսենսուսի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով, Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց։
«Փաշինյանը վախենում է, որ, եթե հուշագիր չստորագրի քաղաքական ուժերի հետ, հնարավոր է՝ առաջադրվի այլ վարչապետի թեկնածու և դառնա վարչապետ։ Իշխանությունը վախենում է, որ, եթե Փաշինյանից բացի, այլ թեկնածու առաջադրվի, նա կընտրվի վարչապետ, որովհետև «Իմ քայլում» կան մարդիկ, որոնք հասկանում են՝ ինչ է կատարվում։

Կրկնում եմ՝ արտահերթ ընտրությունների կարող ենք գնալ Փաշինյանի կամավոր ցանկությամբ՝ նախագահը չի կարող ցրել խորհրդարանը, նախագահը նման լիազորություն չունի, փողոցի ընդդիմությունը ևս չի կարող, հետևաբար՝ արտահերթ ընտրության Փաշինյանը կարող է գնալ՝ նաև առանց ընդդիմության համաձայնությունը ստանալու՝ միայն «Իմ քայլի» ձայներով, որոնք բավարար են խորհրդարանը ցրելու համար»,- ասաց Մարտիրոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս