ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակությունը բաց է թողել նստաշրջանի առանցքային նիստերը․ ինչ փորձեց թաքցնել Կոնջորյանը
Չնայած ծանրակշիռ ու հիմնավոր քննադատություններին, որ իշխանական պատգամավորները լքել են ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի իրենց «խրամատը» հանուն Նիկոլ Փաշինյանի փետրվարի 25-ի հանրահավաքի՝ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն այսօր փորձեց ապացուցել, թե ակտիվ մասնակցել են նստաշրջանի աշխատանքներին, ավելին, ամենաակտիվ պատվիրակություններից մեկն են եղել։
Կիրակի օրը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մի ողջ ուղիղ եթեր նվիրեց ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության մասնակցության ներկայացմանը, նշելով,որ հայկական պատվիրակությունը լիովին բաց է թողել փետրվարի 25-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի օրը, կայացած երկու կարևոր՝ պլենար նիստն ու քաղաքական հարցերով կոմիտեի նիստը և թուրք-ադրբեջանական միացյալ ագրեսիային արձագանքել է 0 (զրո) ելույթով։
ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը փետրվարի 24-26-ին կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի առցանց ձմեռային նստաշրջանի աշխատանքներն ամփոփեց այսօր կայացած ասուլիսին, ըստ էության արձագանքելով Արմեն Աշոտյանի մեղադրանքներին։
Հայկ Կոնջորյանն ասաց, որ ընդհանուր ութ ելույթ են ունեցել, որից յոթը` «Իմ քայլի» պատգամավորները, մյուսը` «Լուսավոր Հայաստանից»: Նա տեղեկացրեց, որ նստաշրջանը տևել է երեք օր և եղել են տարբեր նիստեր, և իրենց համար առանցքային է եղել առաջին օրվա Մշտական կոմիտեի նիստը (փետրվարի 24), որին մասնակցում են պատվիրակության բոլոր անդամները, բայց ելույթի իրավունք ունեն պատվիրակության ղեկավարները, և մյուս վճռական կարևորագույն նիստն իրենց համար եղել է Մարդու իրավունքների մշտական կոմիտեի նիստը (փետրվարի 26), որտեղ հումանիտար գլխավոր հարցը պետք է քննարկվեր և քննարկվել է՝ գերիների հարցը։ Կոնջորյանը փոխանցեց, որ մասնակցել են նաև Տնտեսական կոմիտեի նիստին (փետրվարի 26)։
Ըստ նրա, այս նիստերի ընթացքում երբեմն նույնիսկ կրկնվելով՝ ներկայացրել են հայ ռազմագերիների խնդիրները, իսկ առաջին օրը Մշտական կոմիտեի նիստում ինքն անձամբ խոսել է երեք անգամ։ Նա նաև ասաց, որ եղել է նաև նիստ, որի կոնկրետ հատվածի չեն մասնակցել։
Ուշագրավն այն է, որ Հայկ Կոնջորյանը փորձեց հմտորեն շրջանցել և չներկայացնել, թե ինչ նիստերի չի մասնակցել իր ղեկավարած պատվիրակությունը և որ օրը։ Ուսումնասիրելով ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքն ու յութուբյան ալիքում տեղ գտած տեսագրությունները՝ կարող ենք փաստել, որ հայկական պատվիրակությունը լիովին բաց է թողել ԵԱՀԿ ԽՎ փետրվարի 25-ին կայացած բոլոր կարևոր նիստերը։ Նախ սկսենք նստաշրջանի մեկնարկից՝ փետրվարի 24-ից, երբ տեղի է ունեցել Մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել Կոնջորյանը։
Նիստը, կարելի է ասել, ընկալվում է՝ որպես տեխնիկական, նախապատրաստական նիստ, և սովորաբար այդ նիստի տեսագրությունը նույնիսկ տեղ չի գտնում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի յութուբյան էջում։ Ըստ էության, բոլոր կարևոր նիստերին, դրանց ընթացքում ծավալված քննարկումներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ։
Սակայն գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ ԽՎ ամենակարևոր և լուրջ քննարկումները ծավալվում են լիագումար նիստի ընթացքում, սովորաբար հենց այդ նիստին են լրջորեն պատրաստվում պատվիրակները, իսկ այդ նիստին, որը կայացել է փետրվարի 25-ին, ոչ մի հայ պատվիրակ չի մասնակցել, չի խոսել և չի հակադարձել թուրք-ադրբեջանական «հարձակումներին»։ Եվ ստացվում է, որ հանուն հանրահավաքի՝ իշխանությունը բաց է թողել ԵԱՀԿ ԽՎ ամենակարևոր քաղաքական քննարկումները՝ թուրք-ադրբեջանական մեղադրանքներն անպատասխան թողնելով։
Ավելին, նույն օրը՝ լիագումար նիստին հաջորդել է Քաղաքական հանձնաժողովի նիստը, որին ևս ոչ մի պատվիրակ չի մասնակցել, ոչ մի հայկական հարց չի հնչել։ Փետրվարի 26-ին կայացել են երկու կոմիտեների նիստեր՝ Մարդու Իրավունքների և ժողովրդավարության կոմիտեի նիստ, որտեղ խոսել է Անի Սամսոնյանը և Մարիա Կարապետյանը, և նույն օրը եղել է Տնտեսական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է Հռիփսիմե Գրիգորյանը։ Այսինքն՝ պնդումները, որ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը մաքսիմալ ակտիվ է եղել ու խոսել է բոլոր նիստերի ընթացքում, իրականությանը չի համապատասխանում, քանի որ քաղաքական ամենակարևոր նիստերին հայկական պատվիրակությունը որևէ ելույթով հանդես չի եկել։