«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում թուրք-ադրբեջանական միացյալ դիվանագիտական ագրեսիային Հայաստանը պատասխանել է զրո ելույթով». Արմեն Աշոտյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ եթերը նվիրված էր իր ձևակերպմամբ` քաղաքական դասալիքներին՝ այս իշխանություններին, որոնք Հայաստանի և Արցախի պետական ու անվտանգային շահերը ստորադասում են իրենց ճղճիմ քաղաքական հաշվարկներին։

«Փետրվարի 24-26-ը կայացել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նիստը, որը կորոնավիրուսով պայմանավորված` եղել է առցանց։ ԵԱՀԿ-ն խոշորագույն խորհրդարանական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում են Հայաստանը և ևս 56 երկիր` Ամերիկայից, Կանադայից մինչև Ռուսաստան և Միջին Ասիայի երկրներ»,-ասաց Արմեն Աշոտյանը` հավելելով, որ իր նշած նիստին մասնակցել է շուրջ 300 պատգամավոր։

Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ-ն Արցախի հարցով մանդատ ունեցող միակ լեգիտիմ միջազգային կազմակերպությունն է։

«Փետրվարի 24-26-ը տեղի ունեցած նիստը բաղկացած էր մեկ պլենար կամ լիագումար նիստից և 3 ոլորտային հանձնաժողովների նիստերից։ Հայկական պատվիրակությունը, ինչպես բոլոր պատվիրակությունները, ղեկավարում էին ուսապարկային խմբակցության ներկայացուցիչները։ Այս դեպքում 6 հոգանոց պատվիրակությունը 4 իշխանական պատգամավոր էր ներկայացնում, ղեկավարը` Հայկ Կոնջորյան»,-ասաց ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։

Աշոտյանի խոսքով` բոլոր միջին վիճակագրական բանիմացություն, գրագիտություն և հայրենասիրություն ունեցող մարդիկ կպատկերացնեն, որ յուրաքանչյուր հայ կաշխատեր այս դիվանագիտական հարթակում ներկայացնել ճշմարտությունը Արցախյան վերջին պատերազմի մասին ու հակադարձել թուրք-ադրբեջանական տանդեմին։

«Պլենար նիստի ընթացքում ելույթ են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակները։ Վերջինս շատ կեղտոտ ելույթ է ունեցել` հայերին մեղադրելով այսպես կոչված՝ Խոջալուի ցեղասպանության մեջ։ Հայաստանը թուրք-ադրբեջանական միացյալ ագրեսիային արձագանքել է 0 (զրո) ելույթով։ Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ պետք չէր սպասել, որ ինչ-որ մեկը հոխորտա դրսում, որ մենք խոսեինք։ Մենք պետք է հարձակվողի, այլ ոչ թե պաշտպանվողի դիրքում լինեինք»,- նկատեց Արմեն Աշոտյանը։

Վերջինս նշեց, որ առաջին պլենար նիստից հետո ինքը հասկացել է, որ հասունանում է հերթական դիվանագիտական կատաստրոֆան։

Անմիջապես այդ նիստից հետո, ըստ ՀՀԿ փոխնախագահի, տեղի է ունեցել քաղաքական հարցերով կոմիտեի նիստը։

«Այս նիստում ելույթ են ունեցել մի քանի թուրք պատգամավորներ։ Եղել է նաև Ադրբեջանը ներկայացնող պատվիրակության 3 ելույթ։ Այդ կեղտոտ ելույթները Հայաստանին մեղադրում են ամեն ինչում` ահաբեկչության, գերիների խոշտանգման մեջ։ Պատկերացնո՞ւմ եք լկտիության աստիճանը. ադրբեջանցի պատվիրակները մեզ մեղադրում են գերիներին խոշտանգելու և հումանիտար իրավունքի այլ խախտումների մեջ»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Նա կրկին ընդգծեց, որ ադրբեջանական թեզերի ներկայացմամբ լավ պատրաստված այս ելույթներին հայկական կողմից որևէ հակադարձում չի հնչել, այդ կարևոր միջազգային հարթակում Հայաստանը եղել է մերկ, քանի որ ներկայացված է եղել դավաճանական իշխանությունների կողմից։

Մանրամասները` տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս