Նիկոլ Փաշինյանը՝ թավշյա թակարդում

Մարտի 1-ին իշխանության կազմակերպած հանրահավաքի ամենադրամատիկ ու, միևնույն ժամանակ, ամենաէժանագին դրվագներից մեկը Նիկոլ Փաշինյանի կողմից ներողություն խնդրելու հատվածն էր։

Նա նախ հայտարարեց, որ ինքն ու իր իշխանությունն արել են բոլոր հնարավոր սխալները, ապա ներողություն խնդրեց դրանց համար։

Իր ապաշխարությունն առավել համոզիչ դարձնելու համար այդ պահին Նիկոլ Փաշինյանն անգամ ձայնին հուզված երանգ հաղորդեց, փորձեց ցույց տալ, թե այնքան է մեղանչում, որ անգամ լացը թաքցնել չի կարողանում…  Նրա դերասանական տաղանդը, անշուշտ, արժանի է գովասանքի․ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ է ապացուցել, որ կատարյալ է պոպուլիզմի ժանրում, իսկ դերասանությունը պոպուլիզմի անբաժանելի մասն է։

Նույնը, սակայն, չի կարելի ասել Նիկոլ Փաշինյանի լացակումած հնարքի բովանդակության մասին։ Նրան, փաստորեն, թվում է, թե կարելի է հանցավոր գործողություններով ու ավելի հանցավոր անգործությամբ հանձնել Արցախի մեծ մասը, պատճառ դառնալ ավելի քան 5000 զոհերի ու 10 հազարից ավելի վիրավորների համար, գալ հրապարակում ներողություն հայցել ու պատմությունը համարել ավարտված։

Նիկոլ Փաշինյանի գործողություններում ու անգործության մեջ կան շատ կոնկրետ քրեաիրավական դրվագներ, որոնք պետք է արժանանան ոչ թե հրապարակի ամբոխի ներմանը, այլ նույնքան կոնկրետ քրեաիրավական ու նաև քաղաքական գնահատականների։

Բայց մի պահ ընդունենք, որ բոլոր դիվային ու հանցագործ քայլերի, կործանարար սխալների համար կարելի է հրապարակում կանգնել ներողություն խնդրել ու արժանանալ ներման։ Եթե դա կարելի է Նիկոլ Փաշինյանին, ապա կիրառելի պետք է լինի բոլորի նկատմամբ։ Եվ եթե ամբոխի կազմակերպված գոչյուններով կարելի է ներման արժանանալ հազարավոր կյանքեր արժեցած սխալների համար, ապա նույն տրամաբանությամբ պետք է ներել նաև բոլոր նրանց, ում նույն Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ մեղադրել է ամենատարբեր հանցանքների մեջ։ Որեմն ցանկացած հանցագործ կարող է գալ Հանրապետության հրապարակ, ներողությոն խնդրել լացակումած ձայնով ու հարցը այդպիսով փակել:

Այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանը ընդունելի է համարում հրապարակում ներվելու ինստիտուտը, ապա պետք է նույնը կիրառի նաև բոլոր նախկինների, առհասարակ՝ բոլորի նկատմամբ։ Ընդ որում, եթե նախկին իշխանություններին նա ու իր թիմակիցները մեղադրել են առավելապես թալանի ու կոռուպցիայի, այսինքն՝ գանձագողության մեջ, ապա անձամբ իր ու իր թիմակիցների ձեռքերը թաթախված են հազարավոր հայորդիների արյան մեջ։

Բայց անկախ մեղքերի ծանրությունից, եթե ներվում է մեկին, ապա պետք է ներվի նաև մյուսներին։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը, գիտակցված կամ ոչ, հյուսել է թակարդ, որում հայտնվել է առաջին հերթին՝ ինքը։ Նա, մի կողմից՝ ցանկանում է ներման արժանանալ հրապարակում, մյուս կողմից՝ նույն հրապարակում իր հռետորաբանությունը կառուցում է նախկինների թալանի ու մյուս՝ բոլորին անչափ հոգնեցրած կարգախոսների վրա։

Ավելին՝ նա հայտարարում է, թե անգամ որոշած են եղել հնարավոր արտահերթ ընտրությունների հիմնական կարգախոսը՝ «վերջ թավիշին»։ Ու նույն պահին կամ դրանից առաջ ներում է հայցում հրապարակից։

Ստացվում է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն պետք է ներեն հազարավոր մարդկանց սպանության պատճառ դարձած «սխալների» համար, իսկ մյուսներին, ում ինքը տարիներ շարունակ մեղադրել է թալանի մեջ, բայց այդպես էլ չի կարողացել ապացուցել, պետք է վերաբերվել ավելի խիստ՝ «առանց թավիշի»։

Այդպես չի լինում, և Նիկոլ Փաշինյանը պետք է կողմնորոշվի՝ եթե «վերջ թավիշին», ուրեմն դա պետք է սկսել առաջին հերթին իրենից՝ առանց թավիշի, այսինքն՝ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելով առնվազն վերջին պատերազմում կրած պարտության ու հազարավոր զոհերի համար։

Իր կառավարության անդամների, թիմակիցների կոռուպցիոն գործարքների մասին դեռ չենք խոսում:

Իրականում խնդիրը, իհարկե, թավշյա տափակաբանությունը չէ։ Պարզապես Նիկոլ  Փաշինյանը հայտնվել է անելանելի վիճակում և փորձում է բոլոր հնարավոր միջոցները՝ միաժամանակ, և՛ ամբոխին դեռ դուր գալու, և՛ քաղաքական մանր առևտրի մեջ մտնելու համար։

Բայց այդ ժամանակներն անցել են։ Նիկոլ Փաշինյանը հիմա պետք է ունենա և վստահաբար ունի միայն մեկ մտահոգություն՝ այն մասին, որ իր հեռացումը լինի իսկապես թավշյա և հանկարծ ու հանկարծ իր հեռացման պարագային որևէ մեկի մտքով չանցնի իսկապես վերջ տալ թավիշին։

Արշավիր Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս