Նիկոլ Փաշինյանի հետին խելքը

Հայաստանի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, ու դա ստիպել է Նիկոլ Փաշինյանին կրկին հիշել Ամուլսարի ծրագրի մասին։ Ծրագիր, որն այս վիճակում է հայտնվել իր ու իր կառավարության բացարձակ անգործության հետևանքով։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած քաղաքական թիմն ամեն ինչ արեցին, որպեսզի Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը հայտնվի փակուղում։

Շուրջ 3 տարի այդպես էլ կառավարությունը չհամարձակվեց իր վրա պատասխանատվություն վերցնել և որևէ խելամիտ որոշում կայացնել միլիոնավոր դոլարի հասնող ծրագրի հետագա ճակատագրի վերաբերյալ։

Գրեթե 3 տարի ծրագրի իրականացումը պահելով անորոշության մեջ՝ Նիկոլ Փաշինյանը մեծ հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանն ու հատկապես ներդրումային մթնոլորտին։ Դրա հետևանքով լրջորեն սասանվեց երկրի ներդրումային հեղինակությունը, եթե դրանից ինչ-որ բան դեռ մնացել էր։

Հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ծրագրի արգելափակումը չէր կարող անտարբեր թողնել ներդրողներին, այն էլ՝ դրսի ներդրողներին։ Զարմանալի չէ, որ վերջին 3 տարում այդպես էլ որևէ լուրջ ներդրող չեկավ Հայաստան։

Հիմա, երբ իշխանությունների անպատասխանատու վարքագծի հետևանքով մեր տնտեսությունն ու երկրի ֆինանսական համակարգը ծանր օրեր է ապրում, Նիկոլ Փաշինյանը վերստին հիշել է Ամուլսարի մասին։

Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը մեծ է, ասում է վարչապետը. «Այդպիսի հավանականություն կա, և այո, կարող ենք ասել, որ մեծ է»:

Երեք տարում Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, հասկացել է, որ հանքարդյունաբերությունը կարևոր դեր ունի երկրի տարադրամային հոսքերն ապահովելու գործում։ Այդ հոսքերի հետ կապված խնդիրները գուցե այդքան զգացնել չտային, եթե կառավարությունը ժամանակին քայլեր ձեռնարկեր այլ ոլորտների հաշվին տնտեսության արտահանելի հատվածները զարգացնելու և արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ։

Սակայն 3 տարում ոչինչ կամ գրեթե ոչինչ չի արվել դրա համար։ Պատահական չէ, որ ինչպես՝ նախկինում, այնպես էլ՝ հիմա Հայաստանի արտահանումն ու տարադրամային հոսքերի ապահովումը մնացել է ընդերքի հույսին։

«Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը՝ ասելով, որ՝ տեսեք, պատերազմական իրավիճակի մեջ ենք, և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր: Ժամանակը դա ցույց տվեց»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Մարդ, ով իշխանության գալուց առաջ ու հետո առիթը բաց չէր թողնում ընդերքն անխնահ շահագործելու մեջ նախկիններին մեղադրելու համար, հիմա հայտարարում է, որ առանց ընդերքի շահագործման չի կարող յոլա գնալ։

«Ժամանակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է։ Այդ պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքները լինեն կառավարելի: Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք՝ շատ դառն արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք»,- Նիկոլ Փաշինյանը հատուկ Շրջակա միջավայրի նախարարություն էր գնացել այս մասին հայտարարելու համար, որքան էլ այցը ծանր նստեց նրա վրա. կառավարության շենքից երրորդ մասնաշենք կամ ընդամենը 150-200 մետր ոտքով գնալու համար նա ոստիկանական հսկայական բանակ էր հանել։  Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ շուրջ 3 տարի պահանջվեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հասկանա ընդերքի տեղն ու դերը Հայաստանի տնտեսության մեջ։ Անցած տարի, երբ մեր տնտեսության գրեթե բոլոր մյուս արտահանելի հատվածներն անկումային էին, միայն հանքարդյունաբերությունն էր, որ աճում էր, այն էլ՝ երկնիշ։

Ընդերքը միշտ էլ կարևոր դեր է ունեցել Հայաստանի տնտեսության համար, ու չնայած նախկինում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին, այդ դերը ոչնչով չի նվազել նաև նրա իշխանության տարիներին։

Ընդերքի շահագործումը վերջին տարիներին հասել է աննախադեպ ծավալների։ 2019թ. այն ավելացավ 20 տոկոսով։ Անցած տարի աճը համեմատաբար ավելի ցածր էր, բայց կրկին երկնիշ՝ ավելի քան 12 տոկոս։ Չնայած դա էլ նրանից չէր, որ կառավարությունը որոշել էր սահմանափակել ընդերքի արդյունահանումը։ Պարզապես ղարաբաղյան պատերազմի ընթացքում ու հետո զգացնել տվեցին Սոթքի հանքի շուրջ ծագած խնդիրները։

Դրա հետևանքով տարեվերջին հանքարդյունաբերությունը զրկվեց աճից։ Այսօր էլ զրկված է։

Ու նաև դա է պատճառը, որ վարչապետը կրկին հիշել է Ամուլսարի մասին։ Հատկապես որ, հանքարդյունաբերությունն ունի ոչ միայն կարևոր տնտեսական, այլև բյուջետային նշանակություն։

Մեր բյուջեի միջոցների գրեթե 10 տոկոսը գալիս է այդ հատվածից։ Սոթքի հետ կապված՝ սպասում է հանքարդյունաբերության ծավալների նվազում, ինչն ազդելու է նաև բյուջեի եկամուտների վրա։ Այն բյուջեի, որն առանց դա էլ բախվել է ֆինանսական միջոցների ապահովման լուրջ խնդիրների հետ։ Անցած տարի ունեցանք եկամուտների կրճատում։ Այս տարվա սկիզբը ևս հուսադրող չէ։

Ամուլսարի ծրագրի իրականացումը, անշուշտ, կարող է փրկություն լինել այս պարագայում։ Բայց դեռ հարց է, թե վարչապետի ու կառավարության համարձակությունը որքանո՞վ կբավարարի դրան գնալու համար։

Հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները հակված չեն նահանջել, իսկ իշխանությունները պատրաստ չեն կամ մինչև հիմա պատրաստ չեն եղել վերցնել իրենց բաժին պատասխանատվությունը և հանքի հետագա ճակատագրի առումով որոշում կայացնել։ Այդպես էլ օդից կախված է մնում հանք տանող ճանապարհները բացելու վերաբերյալ՝ շուրջ մեկուկես տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոչը։

Հիմա կառավարությունը վերստին քննարկում է հանքի շահագործման հնարավորությունը։ Ինչպիսի՞ն կլինի որոշումը, շուտով կտեսնենք։

Անկախ դրանից՝ մի բան հստակ է. իշխանությունը պետք է պատասխան տա այն հարցին, թե այս ընթացքում Ամուլսարի ծրագրի հետ կապված իր անգործության հետևանքով ինչպիսի՞ վնասներ է հասցրել երկրի տնտեսությանն ու ներդրումային հեղինակությանը։ Եթե հանքը պիտի շահագործվեր, ապա կարող էր շահագործվել շատ ավելի վաղուց և օգուտներ ապահովեր երկրի համար, հատկապես այսպիսի ծանր պայմաններում։ Ու եթե չի շահագործվել, մեղավորը կառավարությունն է, որը 3 տարի շարունակ չի համարձակվել ստանձնել իր բաժին պատասխանատվությունը և կայացնել երկրի շահերից բխող որոշում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս