«Այդ խոսելաձևը հատուկ է միայն այնպիսի ղեկավարի, որը երրորդ երկրում ինչ-որ միջնորդական գործողություններ է իրականացնում». Ռազմական փորձագետը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մասին

Սյունիքում Նիկոլ Փաշինյանի ու Պաշտպանության նախարարի հորդորով բոլոր շահեկան դիրքերը թշնամուն հանձնելուց ու բնակիչներին ուղիղ թշնամու հսկողության տակ դնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Սյունիքում անլուծելի խնդիրներ չունեն։

«Կարծում եմ, որ ո՛չ, մենք չունենք անլուծելի խնդիր: Սա չի նշանակում, որ չունենք խնդիրներ: Բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է: Պարզ է, որ միջավայրը փոխվել է, և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ: Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում: Եվ ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է՝ այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել: Եվ դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք:

Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման թեմային, կարծում եմ, որ այդ խնդրի կառուցողական և փոխշահավետ լուծումն այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն: Եվ բացի երկարատև և կայուն խաղաղությունից, բերել նաև որոշակի տնտեսական օգուտներ, փոխել մեր տարածաշրջանի ու նաև Հայաստանի տնտեսական դիմագիծը, պոտենցիալը»,- իր վերջին հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

168.am հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով Սյունիքի վերաբերյալ Ն. Փաշինյանի հայտարարություններին, նկատեց՝ դժվար է հասկանալ ու ընկալել Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, թե Սյունիքում անլուծելի խնդիրներ չկան, քանի որ նոր իրողություններով պայմանավորված՝ խնդիրները Սյունիքում ավելի են շատացել։

«Իրավիճակն ավելի է սրվել, նույնիսկ մեկ տարի հետո մենք ականատես կլինենք, որ այն բնակավայրերը, որոնք թշնամին ուղիղ նշանառության տակ է վերցրել կամ գտնվում է  ավելի բարձրադիր դիրքերում, դրանք դատարկվելու են, այնտեղ որևէ մեկը չի մնալու։ Եթե մտածում են, որ դա լուծում է, այսինքն՝ բնակիչներին իրենց բնակավայրերից հանել ու մեկ այլ բնակավայր տեղափոխելը, ապա դա խնդրի ավելի խորացում է։ Եթե ճանապարհների վերահսկողությունը հանձնում ենք Ադրբեջանի զինված ուժերին և դա համարում ենք խնդրի լուծում կամ նոր հնարավորությունների բացում, ապա ես դա իսկապես չեմ կարողանում հասկանալ ու ընկալել»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այն ճանապարհներին, որտեղ տեղակայված են նաև ադրբեջանական դիտակետեր, նաև ռուսական, պետք է հստակ հասկանալ, որ Ռուսաստանն այնտեղ հավերժ չի կարող մնալ։ Այսինքն՝ 5 տարի հետո Ռուսաստանն իր դիտակետերը հանելու է, և հայկական կողմը մենակ է մնալու թուրք-ադրբեջանական սահմանապահների հետ։

«Խնդիրներն ավելի են սրվում, գուցե 6 ամիս կամ 1 տարի հանգիստ լինի, քանի որ ռուսական կողմը ներկա է, բայց, ի վերջո, նա գնալու է, և մենք կանգնելու ենք մեծ խնդիրների առջև։ Ուզում եմ հասկանալ, թե մենք այդ ի՞նչ օրինակով ենք վստահ, որ խնդիրներ չենք ունենալու՝ մեր աչքի տակ ունենալով Նոյեմբերյանի միջպետական ճանապարհը, երբ մշտապես կրակում են բեռնատարների, մարդատար մեքենաների ուղղությամբ, վնասում ու փակում են ճանապարհը։ Այնպես որ, մենք ունենք օրինակ, որ խնդիրներ ունենք այնտեղ, որտեղ ռազմական գործողություններ չեն իրականացվում, թշնամին կրակում է։ Նույնիսկ օրինակ ունենք Նախիջևանի կողմից, երբ նախորդ տարի կրակել էին կոմբայնավարի վրա, երբ նա դաշտում գործ անելիս էր եղել։ Այսինքն՝ խնդիրներն ավելի են խորացել ու խճճվել, քան որևէ լուծում է ստացել»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։

Ըստ  ռազմական փորձագետի, եթե ազգը չի ընդունում Սյունիքում տեղի ունեցող փոփոխությունները, ապա դա չընդունվող է, հետևաբար՝ ազգի լիդերը պարտավոր է ներկայացնելու միայն ազգի պահանջը։

«Այդ խոսելաձևը հատուկ է միայն այնպիսի ղեկավարի, որը երրորդ երկրում ինչ-որ միջնորդական գործողություններ է իրականացնում և ինչ-որ հարցեր է լուծում երրորդ երկրի համար, այլ ոչ թե՝ սեփական երկրի։ Նմանատիպ կարող էին արտահայտվել, օրինակ, միջնորդ երկրները Հայաստանի նկատմամբ, բայց ոչ թե՝ ՀՀ ղեկավարը։ Իրականում սյունեցիների անհանգստությունները տեղին են, և ոչ միայն՝ սյունեցիների»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ Կարեն Հովհաննիսյանը շեշտեց, որ այն պաշտոնյաները, որոնք խոսում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առևտրի մասին, խոսում է նրանց՝ տնտեսության վերաբերյալ անգրագիտության մասին։

«Թուրքիան, եթե ոչ՝ իր զենքով, ապա՝ տնտեսությամբ, այդ դեպքում պարզապես կհոշոտի Հայաստանին և Հայաստանը, որպես այդպիսին՝ աշխարհագրական առումով կլինի, սակայն որպես երկիր ու պետություն՝ կոչնչանա։ Հայաստանը չի դիմանա Թուրքիայի տնտեսությանը, այնպես որ, ճանապարհների ապաշրջափակումը մեր դեմ է»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս