Իրականությունն ու Նիկոլ Փաշինյանի երևակայությունը. Տարօրինակ հակադրություններ  

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է հայտարարություններ անում տարբեր երևույթների ու իրադարձությունների վերաբերյալ։ Սակայն, տարօրինակ զուգադիպությամբ, դրանք ոչ միայն չեն իրականանում, այլև կարճ ժամանակ հետո տեսնում ենք, որ հակառակն է եղել։ Ասում է մի բան, ունենում ենք բոլորովին այլ բան։

Նման օրինակները բազմաթիվ են. Նա խոսում էր մարդկանց կյանքը բարելավելու մասին, հիմա մարդիկ ավելի վատ են ապրում, քան ապրում էին նախկինում, հայտարարում էր տնտեսության մեջ թռիչքային աճեր ապահովելու մասին, ունեցանք կտրուկ անկում, բյուջեի եկամուտների աննախադեպ աճերից էր խոսում, ունեցանք աննախադեպ նվազում, պարտքերն էր նվազեցնում, պարտքերը կտրուկ ավելացան, տնտեսական հեղափոխություն էր իրականացնում, տնտեսությունը խորն անդունդի մեջ է, ասում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», կորցրեցինք Ղարաբաղը, գոռում էր, թե հաղթելու ենք, բայց խայտառակ պարտություն կրեցինք։

Այսպիսի օրինակներ շատ երկար կարելի է թվարկել. էլ ներդրումային ու շինարարական բումեր, էլ մեծ հայրենադարձություն ու ներգաղթ, էլ սակագների նվազեցումներ ու ապրանքների էժանացումներ, և այսպես շարունակ։ Բոլոր առումներով հիմա ունենք տրամագծորեն հակառակ պատկերը։

Ինչո՞ւ է այդպես։ Այդպես է, որովհետև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կտրված են իրականությունից, կապ չունեն իրականության հետ։ Դրանք ասվում են մեկ նպատակի համար, որպեսզի գրավեն հասարակությանը։ Բայց դրանց համար բավարար հիմքեր չկան։ Եվ ոչ միայն չկան, այլև քայլեր չեն արվում, որպեսզի ստեղծվեն այդպիսի հիմքեր։

Սա է պատճառը, որ կարճ ժամանակ անց բախվում ենք դառն իրականության հետ. «աննախադեպ» զարգացումները դառնում են նույնքան աննախադեպ անկումներ ու կորուստներ։

Բայց Նիկոլ Փաշինյանը լավ է յուրացրել հասարակության զգացմունքների վրա խաղալու նուրբ արվեստը։ Միշտ փորձում է ջրից չոր դուրս գալ։

Կարևոր չէ, որ կարճ ժամանակ անց բախվելու ենք հերթական չիրականացված հայտարարությանը կամ խոստմանը։ Դրա համար հաստատ արդարացումներ կգտնվեն։

Շատերը կհիշեն, թե համավարակի առաջին փուլում, երբ իշխանությունների անխոհեմ քայլերի հետևանքով փլվում էր տնտեսությունը, ինչպես էր Նիկոլ Փաշինյանը փորձում արդարացումներ գտնել դրա մեջ։ Նույնիսկ նոր հնարավորություններից ու նվաճումներից էր խոսում։

«Այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե՝ որպես ողբերգություն, այլ՝ որպես նոր հնարավորություն՝ համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղն ու դիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության օրակարգն ավելի արդյունավետ կյանքի կոչելու համար»,- համավարակի սկզբնական շրջանում, երբ այլևս պարզ էր, որ տնտեսությունը խորտակվում է, փորձում էր հասարակությանը համոզել Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ աշխարհում համախառն ներքին արդյունքի 3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, այսինքն՝ այդքան տեղ է ազատվելու, և պետք է տրամադրվենք, որ այդ ազատված տեղից առնվազն 30 միլիարդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը զբաղեցնի։

Թե համավարակից հետո որքանով է հաջողվել փոխել Հայաստանի տեղն ու դերը համաշխարհային տնտեսության մեջ, վկայում են այն արդյունքները, որոնք արձանագրում ենք։ Հայաստանի տնտեսության դիրքերն արտաքին աշխարհում մի բան էլ թուլացել են։ 30 միլիարդանոց նոր շուկաներ գրավելու մասին չենք էլ խոսում։ Ընդամենը 12 մլրդ դոլարի ՀՆԱ և 2,5 միլիարդի արտահանում ունեցող երկիրը չի կարող 30 միլիարդանոց շուկաներ գրավել։

Պատկերացրեք, թե ինչպիսին պետք է լինի մեր տնտեսության աճի տեմպը, որպեսզի 5 տարի հետո արտահանումը 2,6 մլրդ դոլարից հասնի 30 միլիարդի։

Մեծ երևակայություն պետք չէր հասկանալու համար, որ դա անհնարին է։ Բայց վարչապետն այդպես էր ասում։ Այդպես էր ասում հասարակության ուշադրությունը խնդիրներից շեղելու և ապագայի նկատմամբ կեղծ հույսեր արթնացնելու համար։

Զարմանալի չէր, որ նոր շուկաներ գրավելու փոխարեն՝ ունեցանք կորուստներ։

Անցած տարի արտահանումը նույնիսկ նվազեց։ Հայաստանի արտաքին առևտրի դիրքերը թուլացան։

Մտահոգիչ պատկեր ունենք հատկապես Եվրամիության երկրների հետ հարաբերություններում։ Արտահանումը հասել է վերջին առնվազն 10 տարվա նվազագույնին։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի ասած համաշխարհային նոր շուկաների բացերը լրացնելու փոխարեն, մի բան էլ, դուրս ենք շպրտվում այդ շուկաներից։

Անցած ամբողջ տարվա ընթացքում Եվրամիության երկրներ է արտահանվել ընդամենը 429 մլն դոլարի ապրանք։ Անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 26 տոկոս։

Բայց դա չէ ամբողջ իրականությունը։ ԵՄ շուկաներում Հայաստանը շատ ավելի վաղուց էր սկսել կորցնել իր դիրքերը։ Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը կամ 2017թ. Եվրամիության երկրներ արտահանումը հասել էր 633 մլն դոլարի։ Հիմա 429 միլիոն է։ Այն կրճատվել է ավելի քան 200 մլն դոլարով։

Մենք կորցրել ենք մեր շուկան նաև հիմնական գործընկեր երկրներում։ Խոսքը Եվրասիական տնտեսական միության մասին է, որի բազմամիլիոնանոց շուկան հույս ունեինք օգտագործել հայկական ապրանքների արտահանման և իրացման համար։

Պարզ է, որ այդպես էլ պիտի լիներ։ Արտահանում իրականացնելու համար նախ պետք է մտածել ապրանք արտադրելու մասին։ Իսկ այսօր Հայաստանում արտադրվող քիչ ապրանքներ կան, որոնք կարելի է արտահանել։ Շատ դեպքերում էլ դրանք ուղղակի մրցունակ չեն։ Պետք է հասկանալ, որ շուկաները նվաճում են ոչ թե օդից վերցրած հայտարարություններով, այլ գործով։ Դրա համար հարկավոր է ունենալ մրցունակ տնտեսություն, ինչը մենք չունենք ու անցած 3 տարիներին ոչինչ չենք արել ունենալու համար։

Մեր տնտեսությունը խնդիրների պակաս չունի։ Այդ խնդիրները լուծելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվել է իրականությունից կտրված կեղծ հայտարարություններով, կարծես հայտարարությունները պիտի փոխեին իրավիճակը երկրում։

Զարմանալի չէ, որ ժամանակ առ ժամանակ հասարակությունը բախվում է այլ իրականության հետ։ Իրականություն, որը ոչ մի կերպ չի համընկնում Նիկոլ Փաշինյանի երևակայության հետ։ Չնայած դա չի խանգարում նույն ջերմեռանդությամբ խաբել ու մոլորեցնել հասարակությանը։ Այլ բան, թե դա նրան դեռ որքան կհաջողվի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս