«ՀՀ-ում Պողոս անվանումը ստացածները գտնում են հոգեկան խանգարումներ ունեցող փրկչի, և նրանց համար կարևոր չէ սոցիալական պաշտպանություն, արդարություն». Վարդան Բոստանջյան
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքով՝ երկրում սոցիալական արդարության հաստատման և պահպանման համար առաջին պայմանն այն է, որ բոլորն օրենքի առաջ պետք է լինեն հավասար։
Երկրորդ պայմանը, ըստ տնտեսագետի՝ մարդու նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ են համապատասխան երաշխիքներ։
«Երկրների արդյունավետությունն ու վարկանիշն ամբողջ աշխարհում առաջին հերթին պայմանավորված է նրանով, թե իր քաղաքացիները որքանով են պաշտպանված։ Սա մասնավորապես կարող ենք հասկանալ եվրոպական երկրների կտրվածքով և քաղաքակրթված այլ երկրների օրինակով, որոնց քաղաքացիները պաշտպանված են։ Մյուս նախապայմանն այն է, որ պետությունն աշխատանքով պետք է ապահովի աշխատունակ յուրաքանչյուր մարդու և ապահովի արժանավայել աշխատավարձ»,- Հայաստանում սոցիալական արդարության հաստատման ճանապարհին հանդիպող խոչընդոտներին նվիրված քննարկմանն ասաց տնտեսագետը։
Նրա դիտարկմամբ՝ սոցիալական արդարության հաստատման ճանապարհին յուրաքանչյուր մարդ կրթության, սպորտի, մշակույթի ոլորտներում պետք է ունենա ազատ մուտք։
Անդրադառնալով պաշտոնատար անձանց խոշոր պարգևավճարներին և այդ համատեքստում դիտարկելով սոցիալական արդարությունը, Վարդան Բոստանջյանն ասաց, որ պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ, պարգևավճար, սակայն պետք է նայեն իրենց երկրի հնարավորություններին։
«Խոշոր առումով, ես հակված չեմ այսօրվա իշխանություններին միշտ փնովել, մենք մեր ամենատարբեր մտքերով ու վերլուծություններով արտահայտվում ենք։ Իշխանությունը ոչ թե անշնորհք է, այլ դրանից բարձր մակարդակ չունի՝ կառավարման, այն էլ՝ պետության կառավարման համար։ Փաստորեն, այս երեք տարվա մեջ մենք տեսանք, որ չկա Սահմանադրություն, օրենք գոյություն չունի, և այլն։ Եթե մի բան էլ հղում ենք տալիս օրենքին, ապա դա այն կտրվածքով, որպեսզի իրենք օգուտն ու շահերը պաշտպանեն»,- հավելեց Վ. Բոստանջյանը։
Նա նաև ընդգծեց, որ կառավարումն այսօր թողնված է հասարակ բնակիչների վրա, և մարդիկ իրենց տան մեջ ապրում են վախվորած, քանի որ բոլոր երաշխիքները բացակայում են։
«Իհարկե, մենք չպետք է ապակողմնորոշվենք, որ հիմա կան որոշակի նենգ սուբյեկտներ, տգետ տիպեր, որոնք ՀՀ-ում ստացել են Պողոս անվանումը, նրանք ամեն ինչի կարող են շուտափութորեն հավատալ։ Սրանք մարդկանց այն խումբն է, որ օգտակար գործողության գործակից չունեն, խոշոր առումով՝ իրենք փնտրում են փրկչի, վախկոտ են այդ տիպերը և վախկոտ լինելով հանդերձ՝ ուզում են ուրիշին ցավ պատճառեն, բայց չեն կարողանում, փոխարենը՝ գտնում են հոգեկան խանգարումներ ունեցող փրկչի, որը կգա և իրենց փոխարեն այդ ամենը կանի։ Դրա համար նրանք այդպիսի փրկիչների սիրում են։ Նրանց համար կարևոր չէ սոցիալական պաշտպանություն, արդարություն, նրանց համար ամենակարևորը սա է»,- շեշտեց Վարդան Բոստանջյանը։