«Մինսկի խումբը երբեք դուրս չի մնացել բանակցային գործընթացից». Դավիթ Բաբայան
168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։
– Պարոն Բաբայան, փետրվարի 16-ին Մինսկի խմբի համանախագահները տեսակապի միջոցով առանձին զրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Արցախի հարցն իրենց համար լուծված է, իսկ Մինսկի խմբի համանախագահներին Բաքվում ընդունեց ոչ բարյացակամ։ Ինչո՞ւ հանկարծ Ադրբեջանը որոշեց շփումներ սկսել Մինսկի խմբի հետ։
– Նախ՝ մենք կարևորում ենք ցանկացած հանդիպում, որը նպաստում է ու կնպաստի կայունության և խաղաղության, ինչպես նաև տարածաշրջանում հավասարակշռության պահպանությանը։ Այս տեսակետից Մինսկի խմբի ապագայի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնել են նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները, նրանք նշել են, որ այդ ձևաչափը կշարունակի մնալ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կայացած և միակ ձևաչափը։ Սա արդեն իրենք էլ են հայտարարել, ինչը նաև ողջունելի է։ Ընդհանրապես Մինսկի խումբը, եթե հաշվի առնենք ոչ միայն՝ որպես հավաքական եռյակ, այլ նաև՝ յուրաքանչյուր երկիր, առավել ևս՝ Ռուսաստանի Դաշնությունը, հակամարտության կարգավորման գործընթացում մեծ դերակատարություն ունի։
Ինքս միշտ էլ նշել եմ, որ այս քաղաքականությունը և քայլերը, որոնք իրականացվել են, նաև բխում են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես եռանախագահ, կարգավիճակից և այլ պարտավորություններից։ Ինչը նշանակում է, որ Մինսկի խումբը և Մինսկի խմբի եռանախագահությունը, նրա անդամ երկրները շարունակում են իրենց առաքելությունը, այդ թվում՝ որպես այդ եռանախագահության ներկայացուցիչներ։ Հետևաբար՝ Մինսկի խումբը երբեք դուրս չի մնացել բանակցային գործընթացից։
– Հայկական կողմը Մինսկի խմբի հետ հանդիպմանն ի՞նչ օրակարգով պետք է նստի սեղանի շուրջ, ի՞նչ օրակարգ պետք է քննարկի։
– Հայաստանի մասով, ճիշտ կլինի, որ այս հարցը պարոն Այվազյանից ճշտեք, ես չեմ կարող խոսել Հայաստանի Հանրապետության անունից։
– Այդ դեպքում Արցախն ի՞նչ օրակարգով պետք է հանդիպի Մինսկի խմբին։
– Մեր պարագայում, եթե լինի այդպիսի հանդիպում, հուսով ենք, որ կլինի, մենք իհարկե, ունենք մեր օրակարգը, որն ընդհանրական այդքան էլ չի տարբերվում նաև ՀՀ օրակարգից։ Դա խաղաղության ու կայունության պահպանումն է, հակամարտության կարգավորումն է, ձևաչափի վերականգնումն է։ Առանձակի կարևորություն է պահանջում, և մենք այդ հարցերն անպայման կշոշափենք՝ գերիների, անհայտ կորած անձանց խնդիրը։ Այսինքն՝ այնպիսի խնդիրներ, որոնք կենսական են մեր պետության և ժողովրդի համար։ Այս տեսակետից կան հարցեր, որոնք կքննարկվեն։
– Գիտենք, թե այսօր Թուրքիան ինչ ներկայություն ունի Արցախում, մտավախություններ չկա՞ն, որ Թուրքիան կդառնա Արցախի հարցի բանակցությունների կողմ, որի մասին բազմիցս բարձրաձայնել է։
– Ընդհանրապես Մինսկի խումբն ունի իր յուրահատկությունը։ Մինսկի խմբի եռանախագահությունը կամ համանախագահությունը զբաղվում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, Թուրքիան նույնպես Մինսկի խմբի անդամ է, սակայն ոչ եռանախագահության անդամ։ Մենք դեմ ենք, որպեսզի Թուրքիան լինի եռանախագահության անդամ՝ հայտնի պատճառներով, որովհետև նա անաչառ չէ, բացեիբաց սատարում է Ադրբեջանին և հայտարարում, որ հայ ժողովուրդն իր թշնամին է։ Մենք գիտենք, թե Արցախի պատերազմի ժամանակ ինչպիսի դերակատարություն է ունեցել և առհասարակ բոլոր պատերազմների ընթացքում։ Թուրքիան աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական ներկայություն ունի մեր տարածաշրջանում, հետևաբար՝ չի բացառվում, որ այլ հարթակում ներգրավված լինի՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը պահպանելուն ուղղված։ Այո, Թուրքիան ազդեցություն ունենալու է և ունի տարածաշրջանում և ընդհանրապես հակամարտության կարգավորման գործում, բայց որպես եռանախագահող երկիր՝ մենք նրան այդ ձևաչափում չենք տեսնում։
– Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի աշխատանքներում արդյոք Թուրքիան անաչառ կլինի՞ իր վերլուծություններում՝ հաշվի առնելով նրա կողմից Ադրբեջանին Արցախի հարցում բացահայտ սատարումը։
– Բնական է, որ Թուրքիան անաչառ չէ, ինչը երբեք չի թաքցնում։ Սակայն այդ մոնիտորինգային կենտրոնը ոչ թե ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման, բանակցային գործընթացում պետք է դիտարկենք, այլ ավելի շուտ այն այլ հարթակ է՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը պահպանելու, աշխարհաքաղաքական երկխոսությունն ապահովելու համար, որի մասին ես խոսեցի։ Դա ռուս-թուրքական հարթակն է, չի բացառվում, որ վաղը լինի ռուս-իրանական, ռուս-իրանական-թուրքական ինչ-որ հարթակներ, կամ տարածաշրջանային պետություններ՝ պլյուս Ռուսաստան, և այլն։ Մենք այդ ամենին պետք է շատ սառնասրտորեն մոտենանք, առավել ևս, որ տարբեր հարթակների ձևավորումն այդքան էլ կախված չէ մեզանից։ Մեզանից, օրինակ, կախված է այն, որ Թուրքիան չդառնա համանախագահող երկիր, և այլն, մնացածին պետք է մոտենալ սառնասրտորեն և փորձել ամեն ինչ անել, որպեսզի մեր շահերն ու անվտանգությունն ապահովվի, որովհետև ցանկացած մարտահրավեր ոչ միայն՝ վտանգ է, այլև՝ հնարավորություն։
– Դուք բազմիցս նշել եք, որ Հայաստանն ու Արցախն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է ավելի ամրապնդեն ու զարգացնեն։ Հիմա, երբ Դուք Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարն եք, այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր եք իրականացնում։
– Բնական է, որ այս հարցը կա և կմնա՝ որպես կարևորագույն ուղղություններից մեկը։ Մենք Ռուսաստանին համարում ենք եղբայրական երկիր, բացի այդ, ՌԴ-ում ամենամեծ հայկական սփյուռքն է, ընդ որում, այդ սփյուռքի մի պատկառելի հատվածը, մինչև 1 մլն մարդ արմատներով Արցախից են։ Իհարկե, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր եղբայրական հարաբերություններն էլ ավելի զարգանան։