«ԵԱՏՄ-ին Իրանի անդամակացությունը Հայաստանի համար շահավետ կլինի՝ կբացի լայն հնարավորություններ ՀՀ ելքը դեպի հարավ ապահովելու համար». Վարդան Ոսկանյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին փետրվարի 18-ին հայտարարել է, որ Իրանը մտադրություն ունի իր ներկայությունը մշտական ապահովելու ԵԱՏՄ-ում։

ԻԻՀ նախագահն իր խոսքում կարևորել է միությանն անդամակցելը՝ նշելով, որ ԵԱՏՄ-ն Իրանին շատ է աջակցել արտահանման առումով։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը նախ ասաց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջին հայտարարությունը կատարել է Իրանի խորհրդարանի նախագահը, ազդեցիկ գործիչ, որը փաստացի ներկայացնում է երկրի քաղաքական համակարգի պահպանողականների տեսակետները։

«Նախագահ Ռուհանիի հայտարարությունը փաստում է, որ Իրանում այս խնդրի վերաբերյալ փաստացի իշխանական վերնախավում կա կոնսենսուս, որովհետև նախագահ Ռուհանիի թիմը ներկայացնում է բարեփոխական թևը, ուստի պետք է համարել, որ այս խնդրին իրանցիները վերաբերվում են չափազանց մեծ լրջությամբ»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության դեպքում միության շրջանակի փոփոխությանը, ապա, ըստ իրանագետի, ակնհայտ է, որ ականատես կլինեն չափազանց կարևոր տրանսֆորմացիայի։

«Մասնավորապես՝ խոսքն այն մասին է, որ հետխորհրդային տարածքում ստեղծված համագործակցային կառույցը դուրս կգա այդ տարածքի շրջանակներից՝ իր մեջ ներառելով մերձավորարևելյան կարևորագույն գերտերություններից մեկին՝ Իրանին։ Կոնկրետ Հայաստանի պարագայում, դա, բնականաբար, շահավետ կլինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ անդամն է, որը չունի ընդհանուր սահման այդ միության մյուս երկրների հետ։ Այս դեպքում հայ-իրանական սահմանը կվերափոխվի ԵԱՏՄ-ի երկու անդամ պետությունների միջև սահմանի, և Իրանն ու Հայաստանը կհայտնվեն միևնույն տնտեսական համագործակցության շրջանակներում։

Սա, բնականաբար, մեզ համար կբացի լայն հնարավորություններ, հատկապես՝ դեպի հարավ ՀՀ ելքն ապահովելու համար։ Նաև իրանական շուկայում մեր ներկայությունն ապահովելու համար։ Մյուս կողմից էլ՝ իրանցիները մեր պետությունը դիտարկում են որպես կարևոր հարթակ՝ ԵԱՏՄ-ի հետ  աշխատելու համար։ ԵԱՏՄ-ի հետ ուղղակի անդամակցությունը կարող է որոշակի փոփոխության ենթարկել այդ դիրքորոշումը։ Կարծում եմ՝ Հայաստանը, ճիշտ աշխատելու դեպքում, կարող է դառնալ այդ կապող օղակը Ռուսաստանի և Իրանի միջև՝ հաշվի առելով նաև այն հանգամանքը, որ մենք Ռուսաստանի հետ գտնվել ենք փաստացի միևնույն պետության  շրջանակներում՝ մոտ 200-ամյակ և Իրանի հետ ունենք բարեկամական հարաբերություններ, որն ունի հարյուրամյակների խորք։ Հետևաբար, կարծում եմ՝ Հայաստանին ձեռնտու կլինի նման անդամակացությունը»,- հավելեց Վարդան Ոսկանյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը ԵԱՏՄ-ին, հաշվի առնելով նաև Արցախի գործոնը, որտեղ Ադրբեջանն ապահովել է իր ներկայությունը, և որտեղ ներկա է նաև Ռուսաստանը, Վարդան Ոսկանյանն ասաց, որ այսօր էլ ռուսական լրատվամիջոցներում և վերլուծական շրջանակներում նման խոսույթ կա։

«Գոնե քարոզչական մակարդակում ռուսական կողմը որոշակի ճնշում գործադրում է Ադրբեջանի վրա՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու համար։ Այլ խնդիր է, թե որքանով այդ ջանքերն արդյունավետ կլինեն, և որքանով ադրբեջանական կողմը պատրաստ կլինի նման անդամակցության։ Կարծում եմ՝ Բաքվի բռնապետին ձեռնտու չի լինի իր  իշխանությունը սահմանափակելը։

Մյուս կողմից էլ՝ կա թուրքական գործոնը, և Թուրքիայի շահերից չի բխում, որպեսզի Ադրբեջանը նաև տնտեսական ոլորտում գտնվի միևնույն միության մեջ այնպիսի պետությունների հետ, ինչպիսին են  Ռուսաստանը, Հայաստանը։

Այս համատեքստում, չնայած ռուսական կողմի ջանքերը կան, բայց այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը չունի նման ցանկություն ԵԱՏՄ-ին անդամակցելու համար։ Այս ամենը կարող է մի կողմից հանգեցնել հակասությունների խորացման, մի կողմից՝  Թուրք-ադրբեջանական դաշինքի, մյուս կողմից՝ Ռուսաստանի միջև, որը կարող է որոշակի ձեռնտու ֆոն ստեղծել Հայաստանի համար՝ սեփական շահերն առաջ մղելու տեսակետից»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն սկսել է գործել 2012 թվականի փետրվարից, իսկ Հայաստանը միությանն անդամակցելու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել է մեկ տարի անց՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։

Տեսանյութեր

Լրահոս