«Մենք չգիտենք՝ թուրքից երբ ինչ սպասենք․ նրանք մեր տղաների դիրքերից 200 մետր հեռավորության վրա են». Սրաշենի վարչական ղեկավար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փետրվարի 15-ին հրապարակեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 40 բնակավայրերի անուններ, որոնք կներառվեն սահմանամերձ համայնքների ցանկում։ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերից բացի, գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից այսուհետ կօգտվեն  նաև 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։

Ըստ այդ ցանկի, Սյունիքի մարզում, մի շարք գյուղերի հետ, սահմանամերձ է դարձել նաև Սրաշենը, այնպես, ինչպես եղել է 1990-աններին։

168.am-ի հետ զրույցում Սրաշեն գյուղի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանն անդրադառնալով գյուղի ընդհանուր վիճակին՝ նշեց, որ գյուղում բնակիչներն անհանգստացած են, անորոշ։

«Մենք չգիտենք՝ թուրքից երբ ինչ սպասենք, բայց ընդհանուր առմամբ մարդիկ իրենց առօրյայով ապրում են։ Անասուն են պահում, աշխատում են, դե, գյուղում մթնոլորտը նորմալ է, բայց մարդիկ անհանգստացած ու անորոշ են։ Թուրքերի տեղակայված դիրքերը մեր տղաների դիրքերից 200 մետր հեռավորության վրա են, իսկ մեր արոտավայրերն ու դաշտավայրերը գրեթե մեկ հարթության վրա են։ Այս ամենը մեր բնակիչներին անհանագստացնում է դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ անելու համար։ Եթե մեր անասունն անցնի իրենց տարածք, նրանք կվերցնեն ու, վստահ եմ՝ հետ չի տա։ Մեր դաշտավայրերը նրանց շատ մոտ են, տրակտորիստները չեն կարողանում աշխատել։ Եթե այն ժամանակ մեկ հոգով էին գնում դաշտը հնձելու, հիմա պետք է իրենց հետ գոնե մեկը լինի, որպեսզի հանգիստ կարողանան իրենց աշխատանքը կատարել»,- ասաց Սրաշենի վարչական ղեկավարը։

Նրա խոսքով՝ փորձում են բնակիչներին հանգստացնել, հոգալ անվտանգության հարցեր, կապ պահպանել համայնքապետարանի հետ, խուճապ չառաջացնել, որպեսզի մարդիկ ապրեն այնպես, ինչպես մինչև վերջին իրադարձությունները։

«Մարդիկ այս ամենը հասկանում են, բայց ինչ անեն, ճիշտ է՝ կա թուրք, անհանգստություն, բայց մենք մեզ դրսևորում ենք շատ հանգիստ, փորձում ապրել այնպես, ինչպես մինչև պատերազմը։ Սրաշենը սահամանամերձ է եղել 1990-ականներին, այդ ժամանակ թուրքերը գյուղ են մտել, ավերել, տները վառել են, խաղաղ բնակիչներին սպանել են։ Երբ այդ ամենը կարգավորվեց, մի քանի տարի Սրաշենը սահմանամերձ չէր, սակայն Սյունիքում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո թուրքը նորից տեղակայվել է այն նույն դիրքերում, ինչ 90-ականներին։ Արդյունքում՝ գյուղը նորից դարձավ սահմանամերձ»,- հավելեց Անահիտ Բաղդասարյանը։

Նա նաև ընդգծեց, որ Կապանի քաղաքապետարանը և քաղաքապետը զբաղվում է բոլոր հոգսերով և փորձում է դրանք կարգավորել, բոլոր հարցերի դեպքում դիմում են նրան ու ստանում աջակցություն։ Այլ կերպ ասած՝ իրենց թիկունքին կանգնած է քաղաքապետը։

Տեսանյութեր

Լրահոս