«Հայաստանի շահերը համընկնում են այդ դաշինքի շահերին, սակայն ՀՀ իշխանությունը զավթած անձանց շահերին չի բավարարում». քաղաքագետ

Հունաստանում՝ փետրվարի 12-ին, տեղի է ունեցել ֆորում, որին մասնակցել են Հունաստանի, Ֆրանսիայի, Սաուդիան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Բահրեյնի և Կիպրոսի արտաքին գերատեսչության ղեկավարները։ Այս երկրների ներկայացուցիչներն աջակցում են Աթենքին՝ Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հետ ունեցած հակամարտությունում։

Այս հանդիպումը Թուրքիայում որակել են՝ որպես սադրանք երկրի դեմ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ Հունաստանը Թուրքիայի նկատմամբ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում, հավելելով, որ առանց Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի՝ անհնար է ձևավորել որևէ հարթակ։

168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Գագիկ Հարությունյանն անդրադառնալով այդ դաշինքին Հայաստանի հնարավոր մասնակցությանը՝ նկատեց՝ ամեն նման բան, որը հակաթուրքական է, հակացուցված է Հայաստանի իշխանություններին։

«Չեմ կարծում, որ այդ դաշինքը կարող է Թուրքիայի վրա որևէ բացասական ազդեցություն ունենալ, որովհետև առայժմ ռեալ տեսանելի ապագայում նման բան չեմ տեսնում։ Թուրքիան բավականին հետևողականորեն վարում է իր պանթուրքական քաղաքականությունը։ Իհարկե, շատ լավ է, որ նման դաշինքներ կան, մենք գիտենք, որ Հունաստանն առաջին հերթին Ֆրանսիայից է զինամթերք գնում։ Բայց սա Թուրքիային չի կանգնեցնում, որովհետև Թուրքիան ունի բավականին հզոր հովանավորներ, ինչպիսին է Իսրայելը, Մեծ Բրիտանիան և այլն։  Հայաստանի շահերը, անշուշտ, համընկնում են այդ դաշինքի շահերին, սակայն  ՀՀ իշխանությունը զավթած անձանց շահերին չի բավարարում»,- ասաց Գագիկ Հարությունյանը։

Քաղաքագետի խոսքով՝ ինքը կանգնած էր Հայաստանում մի շարժման ակունքներում, որը կոչվում էր «Բյուզանդական ժառանգություն», որտեղ խոսվում էր, որ հայ-հունական հարաբերությունները պետք է կրեն ռազմավարական բնույթ և լինեն շատ սերտ։

«Հունաստանում այս գաղափարը բավականին լայն տարածված է ինտելեկտուալ էլիտայում, նաև ռազմական գործիչների շրջաններում, նրանց մոտ սա խիստ հրատապ խնդիր է՝ հայ-հունական հարաբերություններն ամրապնդելու։ Այն ժամանակ գոնե դրան ուղղված քայլերը չէին խոչընդոտվում, ցավոք, այժմ խոչընդոտվում է»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի այն հայտարարությանը, որ այսօր Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանները Հայաստանի հետ փակ պահել, Գագիկ Հարությունյանը շեշտեց՝ Թուրքիան հաճույքով կբացի իր սահմանները, եթե գտնի, որ դա իր համար հարմար է։

Տեսանյութեր

Լրահոս