Բաժիններ՝

Եթե Երևանում լինի այնպիսի ուժեղ երկրաշարժ, ինչպիսին Սպիտակինն էր, այդ շենքերի 15 տոկոսը միանշանակ փլուզվելու է. ԱԻՆ մասնագետ

Հայաստանում փետրվարի 5-ին գրանցված 4.7 մագնիտուդով երկրաշարժից հետո ԱԻՆ ծառայությունից հայտնել էին, որ Հայաստանում և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Հաջորդ երկրաշարժը չուշացավ. փետրվարի 13-ին երկրաշարժ գրանցվեց Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Արդյո՞ք պատրաստ ենք դիմակայել երկրաշարժերին՝ հարցը նորից դարձավ օրակարգային, նորից վերհիշեցինք, որ Հայաստանում սեյմիկ անվտանգությանն առնչվող բազմաթիվ բացեր կան:

168.amԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանից հետաքրքրվեց, թե այս պահին երկրում բնակելի շենքերը սեյսմիկ անվտանգության տեսանկյունից ի՞նչ վիճակում են և մինչև քանի՞ բալանոց երկրաշարժի կարող են դիմակայել:

Ի պատասխան՝ Գուրգեն Նամալյանն ասաց, որ շենքերը պետք է դասակարգել երկու խմբի՝ մինչև մեր հանրապետության անկախացումը և անկախացումից հետո, քանի որ մինչև անկախացումը՝ Խորհրդային Միության տարիներին, շենքերը կառուցվում էին 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով.

«Դրանից հետո ընդունվել են մեր ազգային սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերը, որով սեյսմիկ վտանգը գնահատվել է 9 բալ և բարձր՝ նախկին 7-8 բալի փոխարեն: Այդ մեկ բալը շատ մեծ տարբերություն է. եթե շենքերը կառուցվել են երեք անգամ ավելի փոքր ուժերի տակ, իսկ հիմա կարող են լինել երեք անգամ ավելի մեծ ուժեր, բնականաբար, այդ շենքերը խոցելի են դառնում:

Երկրորդ հանգամանքը շենքերի կառուցման տարեթվերն են. շենքերը 40-60 տարի շահագործվել են, և ունեն բարձր ֆիզիկական մաշվածություն:

Երրորդը, որ մենք շատ անխնա ենք վերաբերվում մեր շենքերի հետ. ամեն մարդ իր բնակարանի նկուղային հարկում ինչ ուզում՝ անում է, բնակարաններում պատերն է քանդում, երկու սենյակը միացնում են իրար՝ ապամոնտաժելով հիմնական պատը, և այլն՝ դրանով ավելի խոցելի դարձնելով այդ շենքերը: Հետևաբար, խորհրդային միության տարիներին կառուցված շենքերը, այսպես թե այնպես, բարձր խոցելի են»:

Ըստ ԱԻՆ մասնագետի՝ Երևանում խոցելի շենքերի մեջ կան առավել խոցելիները, որոնք ընդհանրապես չեն դիմակայում երկրաշարժին.

«Օրինակ, 9 հարկանի կարկասային բազմաբնակարան բնակելի շենքեր կան, որոնք շատ բարձր խոցելի են և ինը բալ ու բարձրի դեպքում փլուզվում են միանշանակ:

Այս վերլուծությունները ես ասում եմ՝ հիմնվելով Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերլուծության արդյունքների հիման վրա. դա մեծ լաբորատորիա էր բաց երկնքի տակ. մեր հանրապետությունում կառուցված շենքերի դառը, բայց ճշմարիտ պատկերը ցույց տվեց:

Այդ շենքերը կազմում են մեր բնակֆոնդի մոտ 15 տոկոսը: Այսինքն՝ եթե, Աստված մի արասցե, Երևանում լինի այնպիսի ուժեղ երկրաշարժ, ինչպիսին Սպիտակինն էր, այդ շենքերի 15 տոկոսը միանշանակ փլուզվելու է:

Կան նաև ուրիշ բարձր խոցելի շենքեր, օրինակ՝ քարե պատերով շենքերը՝ երեքից բարձր 4-5 հարկերը հատկապես, սակայն Երևանում կան նաև 7 հարկայնությամբ քարե պատերով շենքեր, որոնք ևս բարձր խոցելի են: Նոր նորմերով քարե պատերով շենքերը կառուցելու համար սահմանային հարկայնություն կա. 4 հարկից ավել չենք կարող կառուցել, այն էլ այն դեպքում, եթե պահպանենք սեյսմապաշտպանության բոլոր միջոցառումները:

Կան շենքեր, այսպես կոչված, հարկերի բարձրացման եղանակով կառուցված (15-16-րդ թաղամասերում են կառուցված, մյուս թաղամասերում էլ կան), դրանք նույնպես բարձր խոցելի են»:

Գուրգեն Նամալյանը հավելում է, որ՝ ի տարբերություն այս շենքերի, խոշորապանելային շենքերը, որոնք ժողովրդի մեջ տարածված են երևանյան, մոսկովյան պրոյեկտներ անուններով, կարող են դիմակայել երկրաշարժերին:

Անդրադառնալով նորակառույց շենքերին՝ ԱԻՆ մասնագետը մանրամասնեց.

«Խորհրդային Միության տարիներին կառուցված շենքերի պատկերն այդպիսինն է, իսկ դրանից հետո կառուցված շենքերը, այսպես ասած, նոր շենքերը, կառուցվում են 3-4 անգամ մեծ բեռների տակ. այդպես նախագծվում և կառուցվում են: Այդ շենքերը կառուցվում են միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով, որը մեծ առավելություն է՝ նախկինում կառուցված շենքերի համեմատ:

Հիմա տեխնիկան, տեխնոլոգիան թույլ է տալիս, որ շինարարական աշխատանքների որակը կտրուկ բարձրացվի, և, իրականում, երբ նայում ենք շինհրապարակներում, ընդհանուր առմամբ, աշխատանքի որակն իրոք բարձր է: Այնպես որ՝ նոր շենքերի պարագայում պետք է ենթադրել, որ սեյսմակայուն են»:

Մեր զրուցակիցն ամփոփում է ասվածը՝ նշելով, որ 4-5-6 բալանոց երկրաշարժերի դեպքում փլուզումներ չեն կարող առաջանալ, 7 բալի դեպքում կարող են թափվել խարխուլ կոնստրուկտիվ տարրերը, 8 բալի դեպքում կլինեն բավականին շատ փլուզումներ, իսկ 9 բալի դեպքում կլինեն համատարած փլուզումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս