«Չեմ կարծում, որ ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը կկրճատվի․ այն տրամադրվում է Իրանի դեմ». Սուրեն Սարգսյան

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ փետրվարի 13-ին դիմել են Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ իրենց մտահոգությունները հայտնելով Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը։

Կոնգրեսականները նամակում նշել են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը չի լուծում Արցախի վիճելի տարածքների հարցը՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգները կվերանայի իր քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։

168.am միջազգայնագետ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե հայկական կողմն ի՞նչ կարող  է սպասել այս ամենից։

«Ջո Բայդենն ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականության մեջ ակտիվություն և նախաձեռնողականություն է մտցնում, դա նշանակում է, որ պետք է պառլամենտն ավելի ակտիվ  աշխատի բոլոր ուղղություններով, այդ թվում՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Այնպես որ՝ այս ուղղությամբ կարելի է որոշակի ակտիվություն ակնկալել, կարծում եմ՝ առաջիկա ամիսների ընթացքում»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

Նա նաև ընդգծեց, որ հայկական կողմն այդ ուղղությամբ ԱՄՆ իշխանությունների հետ բացարձակապես չի աշխատում.

«Կարծում եմ՝ անլուրջ ենք վերաբերվում գերտերությունների հետ աշխատանքին, նաև անլուրջ եմ վերաբերվում Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելուն։ Այս ամենը պետք է դիտարկել մեկ ընդհանուր տրամաբանության ներքո»,- հավելեց Ս. Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Ադբեջանի նկատմամբ Միացյալ Նահանգների  քաղաքականության վերանայմանը, ինչպես նաև հատկացվող ֆինանսական աջակցությանը, Սուրեն Սարգսյանը նկատեց՝ Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունն առավելապես ուղղված է Իրանի դեմ, ինչը բխում է նաև ԱՄՆ-ի շահերից։

«Իհարկե, վարչակազմը կվերանայի օգնության տրամադրման ուղղությունները և ռազմական ապրանքատեսակները, որովհետև դրանք սովորական զենք և զինամթերք չեն, դրանք լինում են զրահաբաճկոններ, հետախուզական նպատակներով կիրառվող տեխնիկական միջոցներ և այլն։ Այո, վերանայում գուցե լինի, բայց չեմ կարծում, որ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը կկրճատվի, որովհետև այն տրամադրվում է Իրանի դեմ»։

Տեսանյութեր

Լրահոս