Թե՛ Իրանը, թե՛ Վրաստանը փորձում են հասկանալ՝ ինչ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում. Վրացագետ
Իրանը և Վրաստանը, աշխարհաքաղաքական նոր իրավիճակով պայմանավորված, բավական ակտիվորեն փորձում են ներգրավվել տարածաշրջանային գործընթացներում. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տարածաշրջանային մի շարք այցերից հետո, այսօր արդեն հարևան երկրներ այցելությունների մասին է խոսել Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Մի քանի լրատվամիջոցներ մանրամասներ էին հայտնել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի ճեպազրույցից՝ տեղեկացնելով, որ նա պատրաստվում է այցելել Ադրբեջան: Վրաստանի արտգործնախարարը նշել էր նաև, որ Վրաստանի համար շատ կարևոր է խթանել աշխարհաքաղաքական նախագծերը:
Վրացագետ Ջոնի Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, սակայն, որ Դավիթ Զալկալիանին ամենևին չի խոսել կոնկրետ Ադրբեջան այցի մասին.
«Զալկալիանիի խոսքը ոչ Ադրբեջան, այլ հարևանն երկրներ մեկնելու մասին է, որտեղ սպասվում է, որ իրենք կքննարկեն տնտեսական դիվանագիտության հարցեր, ինչը ցույց է տալիս, որ այսօրվա իրականության մեջ թե՛ Իրանը, թե՛ Վրաստանը փորձում են հասկանալ՝ ինչ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում, ինչ փոփոխություններ են լինում աշխարհաքաղաքական, և իրենք իրենց ուրույն տեղը գտնեն, հասկանան՝ որտեղ ինչ են կորցնում»:
Իսկ կորցնելու վերաբերյալ վրացագետը մանրամասնեց՝ ենթակառուցվածքների ապաբլոկադավորումն առաջին հերթին կազդի հենց Վրաստանի վրա. «Այսօր արդեն մենաշնորհային դիրքն իրենք կորցնում են, և շատ կարևոր է, որ թե՛ մեզ հետ աշխատեն, թե՛ Ադրբեջանի հետ, թե՛ այլ պետությունների հետ, որ հասկանան՝ ինչ պրոցեսներ են տարածաշրջանում տեղի ունենում, և ինչպես կարող են դուրս չմնալ այդ պրոցեսներից: Այցի հիմնական կետն այն է, որ իրենք չլինեն այդ պրոցեսներից դուրս»:
Անդրադառնալով Վրաստան-Ադրբեջան քաղաքական օրակարգի հստակեցում պահանջող հարցերին՝ Ջոնի Մելիքյանը հիշեցնում է Դավիթ Գարեջիի վանական համալիրի մասին և նաև այն պրոյեկտների, որոնք Վրաստանի տարածքով են անցնում. «Այսօր եթե պատկերացնում ենք, որ իրականացվի հարավային երկաթուղու պրոյեկտը, որն անցնելու է Ադրբեջանից Մեղրիով՝ դեպի Նախիջևան, վրացիներն էլ պետք է հասկանան՝ ինչպես կարող է այդ ամենն ազդել բեռնափոխադրումների վրա իր տարածքով և առաջնային՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով: Քանի որ, հիշեցնեմ, այդ պրոյեկտի համար այն գումարները, որոնք տրամադրվել էին Ադրբեջանից, վարկ էին (775 միլիոն դոլարի վարկ իրենք ունեին, որ պետք է փակեն): Իրենք հիմա չեն փակում, և եկամտից, որը երկաթգիծը ստանում է տարեկան, ինչը շատ չնչին է այսօր, այդ վարկն է դուրս գալիս (ուստի ինչքան շատ աշխատի այդ երկաթգիծը, և ինչքան բեռնափոխադրումներ ապահովի Բաքու-Թբիլիսի-Կարսը, այնքան ավելի շուտ Վրաստանը կփակի իր պարտքն Ադրբեջանին)»:
Մեր զրուցակցի տպավորությամբ՝ տարածաշրջանում բոլոր կողմերը թեթև ճգնաժամային իրավիճակում են և փորձում են հասկանալ, թե ինչպես նոր ստատուս-քվոն կանդրադառնա իրենց շահերի, տարածաշրջանում իրենց կարևորության վրա:
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին՝ վրացագետը նշեց. «Շատ կարևոր է, որ մենք միմյանցից կախված լինելով՝ ստանում ենք հնարավորություն (եթե նախկինում մենք ավելի շատ էինք կախված Վրաստանից, իրենք՝ ավելի քիչ, և իմպուլս չկար. երկկողմանի չէր ցանկությունը՝ ակտիվացնելու հարաբերությունները, ավելի խորացնելու, այսօր արդեն իրավիճակը փոխվել է, և հավասարը հավասարի պես՝ մենք կարող ենք որոշ պրոյեկտներ նախաձեռնել) ենթակառուցվածքային, էներգետիկ կամ այլ ոլորտներին վերաբերող պրոյեկտներ անել»:
Հարցին, թե նկատի ունեք կախվածությունը՝ պայմանավորված կոնկրետ երկաթգծի՞ շահագործմամբ, թե՞ այլ պարագաներ էլ կան, նա պատասխանեց.
«Եթե մենք ստանում ենք ավտոճանապարհ դեպի Ռուսաստան՝ Ադրբեջանով, կամ երկաթգիծ, կամ դեպի Իրան, …մեր հնարավորությունները եթե ընդլայնվում են, և Վրաստանի մոնոպոլիան թե՛ Հայաստանի համար, թե՛ Ադրբեջանի համար արդեն անցյալում է մնում, այդ ժամանակ իրենք հո չե՞ն սպասելու, որ գա՝ դրան հասնի. իրենք արդեն այսօր փորձելու են աշխատել բոլորի հետ, որ իրենց դիրքը մաքսիմալ պահպանեն և վատագույն սցենարի դեպքում, որ կարողանան ուրիշ պրոյեկտներով, ուրիշ քայլերով վերականգնեն, կոմպենսացնեն»:
Կրկին անդրադառնալով Զալկալիանիի՝ հարևան երկրներ սպասվող ացելության մասին հայտարարությանը՝ Ջոնի Մելիքյանը նկատեց, որ դա նաև ենթադրում է Հայաստան այցելություն: Բացի այդ՝ վրացագետը կարծում է, որ այս տարվա ընթացքում կարող ենք ակնկալել նաև միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացում, որն անցյալ տարի ինչ-ինչ պատճառներով տեղի չէր ունեցել: