«Երբ Փաշինյանը հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին, քաղաքական դաշտում պատկերացնում էր այն, ինչը կար». Սոֆյա Հովսեփյան

168.am-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

– Տիկին Հովսեփյան, փետրվարի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարեց, որ չեն գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ պատճառաբանելով, որ նախ՝  ընդդիմությունը չի ցանկանում արտահերթ ընտրություններ, և հանրության շրջանում նման պահանջ չկա: Ձեզ այս բացատրությունը բավարարո՞ւմ է, առհասարակ ի՞նչ կարծիք ունեք այս փուլում արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ:

– Ես ի սկզբանե դեմ եմ եղել շատ կարճ ժամկետում ընտրություններ կազմակերպելուն, այդ մասին ասել եմ նաև այն ժամանակ, երբ «Իմ քայլը» խմբակցության անդամ էի: Այսինքն՝ պետք էր, որ 2021 թվականին գնայինք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև խորհրդարանի այն կազմը, որը կա, պետք է պարտադիր կերպով փոխվի: Սակայն խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածը չպետք է ցնցումներ բերեր երկրում: Բնականաբար, այս առաջարկն այն ժամանակ չընդունվեց, որից հետո քննարկվեց ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին հարցը, որը կրկին իշխող խմբակցության կողմից  չընդունվեց:

Սրան արդեն հաջորդեց վարչապետի կողմից հայտարարությունը, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Բայց անհասկանալի պատճառներով, իհարկե, հայտարարության մեջ նշված է, որ խմբակցությունն է դեմ եղել, քանի որ հանրային պահանջ չկա, որոշումը փոխվեց:

Ինչո՞ւ դեկտեմբերին որոշեց գնալ արտահերթ ընտրությունների, իսկ հիմա հետ կանգնեց: Քանի որ մարզերում հաճախ եմ լինում, դեռ դեկտեմբեր ամսին մարդկանց տրամադրվածությունն այլ էր, հիմա՝ այլ, մի քանի ամիս հետո լրիվ այլ է լինելու:

– Ի՞նչ նկատի ունեք՝ այլ տրամադրություններ ասելով:

– Դե, դեպի մարդկանց, այսպես ասած, խնդիրների հետ անընդհատ առնչվելը՝ դեկտեմբեր ամսին մի փոքր ցայտնոտային իրավիճակ էր, իսկ հիմա կարծես թե հնարավոր է, որ նոր քաղաքական ուժեր ձևավորվեն, կարծես թե քաղաքականություն է մտնում մրցակից: Փաստացի որևէ կերպ չես կարող գնահատել, թե որ մի պատճառն է, որ ընտրությունների չեն գնում: Այդ հայտարարությունից հետո իշխանական տարբեր պատգամավորների կողմից կան մեկնաբանություններ, սակայն չկա հստակ խոսք, թե ինչն է պատճառ դարձել իրենց այդ դիրքորոշման համար:

Եվ միայն ասել, որ հանրային պահանջ չկա… ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ գործիքակազմով է սա չափվել, և ինչպե՞ս կարող են վստահեցնել, որ հանրային պահանջ չկա, ի՞նչ տոկոսների մասին է խոսքը, և արդյո՞ք հարցում կատարվել է, թե՞ ուղղակի ամեն մեկն իր թաղում է հետաքրքրվել:

– Վերլուծական շրջանակները նշում են, որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրությունների գնալու հայտարարությունը մեծ բլեֆ է եղել, և նա բնավ էլ մտադիր չի եղել գնալ արտահերթ ընտրությունների, այս կարծիքները կիսո՞ւմ եք:

– Կարող է և այդպես լինել, բայց դա զուտ ենթադրություն է, իսկ ես ենթադրություններով չեմ սիրում խոսել, ուստի հավանականությունն այդ բլեֆի այնքան է, որքան ոչ հավանականությունը:

– Նույն շրջանակները նաև նշում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից հետո որոշեց չգնալ ընտրությունների, քանի որ Ռ. Քոչարյանը հստակ հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է:

– Երբ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին, քաղաքական դաշտում պատկերացնում էր այն, ինչը կար: Հիմա նաև այդ 16 պլյուս ուժը, որը կա, այնտեղ էլ կա անհամաձայնություն, կարծես մեկը պահանջում է արտահերթ ընտրություններ, մյուսը կարծում է, որ արտահերթ ընտրություններ չպետք է լինի, և այս ամենը կարծես թե սցենար է, կամ ենթադրել են, կամ չեն ենթադրել, և արդյունքում՝ հիմա էլ փոխեցին այդ մոտեցումը: Սրանք ամբողջությամբ ես համարում եմ ենթադրություններ, գուցե իրապես սոցհարցում եղել է, և որի արդյունքը եղել է այն, որ հանրային պահանջ չկա, այլ հակառակը՝ հանրային պահանջ կա:

Այսինքն՝ դա միայն այն դեպքում կարող է լինել, թե իշխող կուսակցությունը, վերջիվերջո, ազնվորեն ասի, թե ինչու հրաժարվեց, որն է պատճառը, կա՞ մտավախություն, թե՞ ոչ: Որևէ անկախ կառույց հարցում չի անցկացրել, կամ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող կողմն է անցկացրել, ինչը սուբյեկտիվ է, կամ, եթե անցկացրել է իշխանական կողմը, կրկին սուբյեկտիվ է:

– Իշխանության տարբեր ներկայացուցիչներ նշում են, որ արտահերթ ընտրություններ կանցկացնեն հունիսին՝ երբ կավարտեն Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում ներառված կետերը: Այդ ճանապարհային քարտեզը ներկայացնելուց հետո անցել է երկու ամսից ավելի, մինչև այժմ ի՞նչ կետեր են իրականացվել:

– Շատ քիչ կետեր կան, որ ոչ թե իրականացրել են, այլ որոնք սկսել են, և այն, ինչը մեր երկրում խնդիր է, որպես այդպիսին, շատ բարդ է կարճ ժամանակահատվածում իրականացնելու համար: Բարդ է նաև նրանով, որ քաղաքական կամքի բացակայությունն էլ է նպաստում դրան: Եթե շատ խնդիրներ առաջացել են նրանից, որ գործադիր մարմնում եղած անձանց  որակն այնքան չի եղել, որ խնդիրներ են անընդհատ առաջացել, ապա այսօր որևէ կերպ, միայն ասելով, այդ խնդիրները չեն լուծվելու, այստեղ հստակ ու կտրուկ քայլեր են պետք: Եթե քարտեզ են ներկայացնում, որ հարցեր լուծեն, ապա դա միայն նրա համար է, որ մարդկանց սպասեցնել տան, որևէ հարց չի լուծվել և չի էլ լուծվելու:

– Մինչև հունիս, երբ կլրանա ճանապարհային քարտեզի վեց ամիսը, արտահերթ ընտրությունների համար ի՞նչ կարող է փոխվել, իշխանությունն իր հույսն ինչի՞ վրա է դրել:

– Հույսը դրել են նրա վրա, որ որոշակի գործողություններ անեն, այսպես ասած, նյութական, որով ոչ ուղիղ իմաստով կկաշառեն մարդկանց, թե՝ տեսեք, այս գործն արեցինք, այն գործ արեցինք: Եվ մարդիկ ընտրություններ կատարեն այն մարդու օգտին, քանի որ այսօր քաղաքական դաշտում կան երկու խաղացողներ, որն այս պահին դրական փոփոխություններ է փորձում անում: Այսինքն՝ այս պահին զուտ շահեկան իրավիճակի հասնելու նպատակ կա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս