Նիկոլ Փաշինյանը վերհիշելու շատ բան ունի
Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր և ներկայանում էր՝ իբրև ժողովրդի հոգսերով մտահոգ պատգամավոր, հաճախ էր Ազգային ժողովի ամբիոնն օգտագործում թանկացումների վերաբերյալ բուռն ելույթներ ունենալու և իշխանությունների հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար։ Այսօր էլ հավանաբար շատերը հիշում են նրա հայտնի ելույթը կարագի ու խառը կանաչու վերաբերյալ։
«Կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք»,- ցածր գնաճի վերաբերյալ այն ժամանակվա իշխանությունների արդարացումներին ի պատասխան՝ հեգնում էր Նիկոլ Փաշինյանը։
Հիմա գնաճը Հայաստանում շատ ավելի բարձր է, բայց Նիկոլ Փաշինյանն այլևս չի հիշում կարագի ու խառը կանաչու պատմությունը։ Ընդհանրապես չի խոսում թանկացումների մասին։ Չի խոսում նաև այն մասին, որ հիմա մարդկանց եկամուտներն ավելի դանդաղ են ավելանում, եթե, իհարկե, ավելանում են, քան գնաճը, ու դա նշանակում է, որ հասարակությունը գնում է համատարած աղքատացման ճանապարհով։
Նաև դա է պատճառը, որ մարդիկ լքում են երկիրը, որովհետև Նիկոլ Փաշինյանի խոստացած աշխատատեղերն այդպես էլ չստեղծվեցին։ Լքում են, որովհետև ապրելու և աշխատելու, եկամուտներ ստանալու հնարավորություններ չկան։
Վերջին ամիսներին գնաճը Հայաստանում կտրուկ ակտիվացել է։ Հունվարին կազմել է 4,5 տոկոս։ Խոսքը տասներկուամսյա գնաճի մասին է։ Դժվար է հիշել նույնիսկ, թե վերջին անգամ Հայաստանում երբ էր գնաճի նման բարձր մակարդակ արձանագրվել։
Գնաճը Հայաստանում գրեթե միշտ էլ ցածր է եղել սահմանված թիրախային ցուցանիշից։ Ու դա պայմանավորվել է հիմնականում սոցիալական իրավիճակով։ Երբ եկամուտները ցածր են, բարձր գնաճն էլ ավելի է խորացնում սոցիալական լարվածությունը։
Հիմա էլ մարդկանց եկամուտները ցածր են, բայց գնաճի տեմպը շատ ավելի բարձր է։ Դա երևում է հատկապես սննդամթերքի դեպքում։ Պաշտոնական տվյալներով՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների միջին գները Հայաստանում վերջին մեկ տարում բարձրացել են 6,4 տոկոսով։ Ոչ պակաս լայն սպառման ապրանքների, մասնավորապես՝ ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գնաճն այլևս երկնիշ է։ Մեկ տարում դրանք թանկացել են 10,8 տոկոսով։
Գնաճը զսպելու համար վերջին ամիսներին Կենտրոնական բանկն ակտիվացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը, որը կիրառում է նման պայմաններում և փողի թանկացման միջոցով փորձում է ազդել գնաճի վրա։ Նախ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 1, ապա՝ ևս 0,25 տոկոսով։ Առաջինի համեմատ, երկրորդ անգամ ԿԲ-ն ավելի համեստ քայլ կատարեց, չնայած գնաճը կտրուկ ակտիվացել է։ Դա պատճառաբանվեց նրանով, որ գնաճը կապված է առաջարկի հետ, իսկ առաջարկը թանկացել է դրսում։
Դրսի առաջարկի վրա ազդելու լծակներ, անշուշտ, Կենտրոնական բանկը չունի։ Բայց այնպես չէ, որ գնաճի ակտիվացումը միայն դրսի առաջարկի թանկացման հետևանք է։
Թանկացումների վրա, ինչպես միշտ, շատ ավելի էական ազդեցություն ունի ազգային արժույթի արժեզրկումը։ Դրամը վերջին երեք ամիսներին թուլացել է առնվազն 35 նիշով կամ 7-8 տոկոսով։ Սա բերել է՝ ինչպես ներմուծվող, այնպես էլ՝ ներսում արտադրվող բազմաթիվ ապրանքների գների արհեստական բարձրացումների ու սոցիալական լարվածության մեծացման։
Որքան էլ գնաճը շարունակում է մնալ թիրախային ցուցանիշների տիրույթում, դա չի նշանակում, թե այն սոցիալական հատվածի համար ռիսկեր չի ստեղծում։ Այն էլ ինչքան է ստեղծում։ Հատկապես, երբ գնաճը դիտարկում ենք ոչ թե միջին ցուցանիշի, ինչը շատ հեռու է սպառողների վրա գնաճի իրական ազդեցության բնութագրումից, այլ առանձին ապրանքների և ապրանքային խմբերի տեսքով։
4,5 տոկոսանոց գնաճի պայմաններում բանջարեղենի գներն այս տարի Հայաստանում բարձր են գրեթե 10 տոկոսով։ Նույնիսկ կանաչ սոխն ու խառը կանաչին են կտրուկ թանկացել։
Մրգի շուկայում գնաճը երկնիշ է։ Նախորդ տարվա համեմատ՝ գները բարձր են առնվազն 12 տոկոսով։ Խնձորը թանկացել է 30 տոկոսով, տանձը՝ 15 տոկոսով։ Նարինջ գնելու համար սպառողները ստիպված են գրեթե 33 տոկոսով ավելի շատ փող վճարել։ Մանդարինի գնաճն անցնում է 15 տոկոսից։
Մրգերից այս տարի ավելի էժան են եղել միայն ելակն ու խաղողը։ Մի դեպքում գները ցածր են՝ 10, մյուս դեպքում՝ 16 տոկոսով։
Այնպես որ, ելակ ու խաղող կերեք, ժամանակին կասեր Նիկոլ Փաշինյանը՝ հեգնելով իշխանություններին։ Այսօր ինքն է իշխանության ղեկին ու մոռացել է գնաճի սոցիալական հետևանքների մասին։ Առիթի դեպքում էլ արդարացնում է գնաճը՝ պատճառաբանելով, որ թանկացումները հիմնավորված են։
Հիմնավորվա՞ծ են, թե՞ ոչ, դա այլ հարց է։ Կառավարությունը միայն նրա համար չէ, որ արձանագրի, թե թանկացումները որքանով են հիմնավոր կամ չէ։ Կառավարությունը նրա համար է, որպեսզի մեղմացնի թանկացումների ազդեցությունը սպառողների և հատկապես՝ սոցիալական խավերի վրա։
Բայց ի՞նչ է արել կառավարությունը դրա համար՝ թոշա՞կն է բարձրացրել, թե՞ նպաստն է ավելացրել։
Ոչինչ էլ չի արել և չի էլ պատրաստվում անել։ Ոչ միայն այս տարի, այլև առաջիկա տարիներին Հայաստանում սոցիալական խավերի եկամուտների ավելացում չի նախատեսվում։ Իսկ գնաճը, բնականաբար, եղել է ու լինելու է։
Վերջին 1 տարում յուղերն ու ճարպերը Հայաստանում թանկացել են գրեթե 17 տոկոսով։ Արևածաղկի բուսական յուղի միջին գնաճն այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ՝ կազմել է ավելի քան 44 տոկոս։ Սա պաշտոնական տվյալ է, որն արձանագրել է Վիճակագրական ծառայությունը։
Բայց արևածաղկի յուղը միակ լայն սպառման ապրանքը չէ, որ վերջին մեկ տարում այդքան կտրուկ թանկացել է։ Շաքարավազի գնաճը հասնում է ընդհուպ 41 տոկոսի։ Այն շաքարավազի, որի էժանացնումը ժամանակին դարձել էր գործիք իշխանությունների ձեռքին՝ մենաշնորհների դեմ իրենց պայքարի արդյունավետությունն ի ցույց դնելու համար։ Այդ պայքարն ավարտվեց նրանով, որ այսօր շաքարավազն ավելի թանկ է, քան 2 կամ 3 տարի առաջ էր։
Լայն սպառման կամ առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք վերջին մեկ տարում ակտիվ թանկացել են՝ հանգեցնելով սոցիալական լարվածության խորացման, շատ են։ Դրանց թվում են նաև հացն ու հացամթերքը, կաթն ու կաթնամթերքը, ձուն, շատ ու շատ այլ ապրանքներ։ Հունվարին ձվի համար սպառողը ստիպված է եղել վճարել 26 տոկոսով ավելի շատ գումար, քան վճարում էր անցած տարվա հունվարին։ Հացամթերքը նույն ժամանակահատվածում թանկացել է՝ ավելի քան 8, կաթնամթերքը՝ շուրջ 8 տոկոսով։
Երկնիշ գնաճ ունենք նաև ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների շուկաներում։ Գուցե շատերն այս ապրանքների թանկացման ազդեցությունը կարևոր չեն համարում մարդկանց սպառողական զամբյուղի վրա։ Բայց այդ ազդեցությունը կա և պակաս փոքր չէ, որքան սննդամթերքի պարագայում։
Գնաճն ամենուրեք է և ոչ մի նշանակություն չունի՝ թանկացումները, որ տեղի են ունենում մեր երկրում, հիմնավորվա՞ծ են, թե՞ ոչ։ Եթե չեք կարողանում պայքարել թանկացումների դեմ, ապա պետք է մտածեք մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին։
Սա է իշխանության պարտականությունը, որի մասին, սակայն, նրանք ոչ միայն մոռացել են, այլև չեն էլ ուզում լսել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ