Բաժիններ՝

Ֆիլմերովս ուզում եմ պատժել աշխարհին. Ջիվան Ավետիսյանը կանդրադառնա Արցախյան 44-օրյա պատերազմին

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր առաքելությունն է համարում Արցախի մասին ֆիլմեր նկարահանելն ու դրանք աշխարհին ներկայացնելը. ասում է՝ իր ֆիլմերով ցանկանում է պատժել աշխարհին: 1990-ականներին դեռ երեխա Ավետիսյանն Արցախյան առաջին պատերազմի ականատեսն է եղել: 2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմին մեկնել է Արցախ՝ տեղի հանրային հեռուստաընկերության կազմի հետ լինելով Արցախի տարբեր հատվածներում, լուսանկարելով, տեսանկարահանելով բազմաթիվ արժեքավոր կադրեր: Կինոռեժիսորը վավերագրական նյութերն օգտագործելու է «Վերածնվածը» ֆիլմում, որի ստեղծման վրա սկսել է աշխատել դեռ 2018-ից:

Ջիվան Ավետիսյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կիսել է պատերազմի ընթացքում ունեցած ապրումները, պատմել «Վերածնվածը» ֆիլմի, ինչպես նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինին նվիրված կինոնկարի մասին: Նա իր վրդովմունքն է հայտնել 2020-ի պատերազմի օրերին «Դրախտի դարպասը» կինոնկարը Մոսկվայի միջազգային կինոփառատոնից հանելու վերաբերյալ:

Կինոռեժիսորը խոստովանում է, որ ամեն առավոտ դառնություն կա իր ներսում, այնքան մեծ է դառնությունը, որ երբեմն չի ցանկանում արթնանալ, բայց փորձում է ինքն իրեն համոզել, նայել իր ներսը, գտնել հավատը: Դա նրան հաջողվել է: «Կարծում եմ՝ դեռ գալու է այն ժամանակը, երբ մենք հաղթելու ենք, և դա ինձ ստեղծագործելու ուժ է տալիս: Պատերազմի ավարտից հետո մի շաբաթ տանից դուրս չէի գալիս, պատուհանից չէի կարողանում դուրս նայել, անընդհատ պառկած էի թախտին ու նայում էի պատի կողմը, բայց իմ ընկեր Րաֆֆին կոտրեց այդ վախը կամ ամոթանքը: Հիմա օրվա ընթացքում չորս ժամ կարողանում եմ քնել: Գիշեր-ցերեկ աշխատում եմ: Դժվար է. բոլորի համար է դժվար, բայց ստեղծում ենք, արարում ենք հանուն Արցախի»,-նշում է կինոռեժիսորը:

Նրա խոսքով՝ տարիներ առաջ, երբ ստեղծում էին «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը, համահիմնադիր Մասիս Բաղդասարյանի հետ որոշել են՝ ընկերության ֆինանսները ծառայեցնելու են նոր նախագծերի ստեղծմանը և նկարահանելու են ֆիլմեր Արցախի մասին:

Ավետիսյանը պատմում է՝ հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտ է մեկնել և միացել Արցախի հանրային հեռուստաընկերությանը՝ Հրայր Ավետիսյանի ղեկավարությամբ: Ամբողջ պատերազմն անցկացրել է հեռուստաընկերության աշխատակազմի հետ, եղել Արցախի տարբեր հատվածներում: Օգնել է, ինչով կարողացել է, նկարել է թե՛ վիդեո, թե՛ ֆոտո: Կամաց-կամաց հասկացել են, որ նյութերը նպատակահարմար կլինի օգտագործել «Վերածնվածը» ֆիլմում:

«Ֆիլմը կենթարկվի որոշ փոփոխությունների. չի անդրադառնա 2016-ի Ապրիլյան պատերազմին, կլինի 2020-ի ռազմական գործողությունների մասին: Իմ նկարած կադրերն օգտագործելու ենք ֆիլմում որպես գլխավոր հերոսի կողմից արած վավերագրական կադրեր: Այդ նյութերի շնորհիվ մի շարք պատմություններ են բացահայտվելու: Հետաքրքիր կառուցվածք ունի ֆիլմը: Առաջին անգամ հայկական կինոյում կօգտագործվի արհեստական բանականությունը: Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Մյուրատը, արհեստական բանականության գիտակ է: Եթե փաստացի գիտության, ռազմաարդյունաբերության մեջ կա արհեստական բանականության 5-րդ, 6-րդ մակարդակը, ապա մեր ֆիլմում գուցե հասել ենք 7-րդ մակարդակին: Եթե գիտությունը չի հասել, ապա մեր ֆանտազիաները հասել են: Արհեստական բանականությունը ֆիլմի գլխավոր հերոսներից է, և այն սկսում է հերոսներին զուգահեռ ապրել: Մյուրատը հայտնվում է պատերազմի գոտում իր ընկերուհի Իզաբելի հետ, որը հեռանում է, իսկ Մյուրատը մնում է: Ֆիլմում մի քանի շերտով ներկայացվում են այլ մարդկանց պատմություններ: Պարզվում է, որ արհեստական բանականությունը պատերազմի ժամանակ ավելի ակտիվ է գործում, քան մարդը»,-բացահայտում է ռեժիսորը:

Երկու տարի 4 ամիս աշխատում են նյութի վրա:

Ավետիսյանը վստահեցնում է՝ կինոնկարով հայտնելու են իրենց տեսակետը պատերազմի մասին: «Կապակցվածություն կա այս ֆիլմի և իմ նախորդ կինոնկարների միջև, բայց սա չի կրկնում նախորդներին: Կան հետաքրքիր լուծումներ, որոնք ամբողջացնելու են ամեն բան: Մյուրատը պատերազմի ընթացքում վիրավորվում է: Մինչև նա կապաքինվի և կկարողանա խոսել, կիմանա, թե ինչ եղավ Արցախի հետ: Իսկ, թե ինչ եղավ Արցախի հետ, կիմանա այն, ինչ ես եմ ասում»,-շեշտում է նա:

Ջիվան Ավետիսյանի համոզմամբ՝ այսօր ամբողջ մոլորակն է կանգնած ընտրության սահմանագծին. մարդը դեռ մարդ չի դարձել, նա մնացել է գազան: «Այս ֆիլմում անցնում է մի թել, որից կախված են ծանր մտքեր, ապրումներ, դեպքեր: Այդ թելը պահում է մարդկության խիղճը, ու պարզվում է, որ այդ խիղճը չկա, և ամենը թափվում է մեր գլխին: Մա՛րդ, դու վերածվել ես գազանի, և ոչ թե հիմա, այլ 1992-ին:

Այն, ինչ կատարվում է «Վերածնված»-ում, 92-ի հետևանքն է: Տարիներ առաջ թիթեռը թևերը թափահարել է, և հիմա մեծ օվկիանոսն ալեկոծվել է: Ուզում եմ աշխարհին պատժել իմ ֆիլմերով: Չեմ խոսում ֆիզիկական պատժի մասին: Ուզում եմ նրան ասել, թե ով է: Այսօր Թևանիկը՝ Հովհաննես Խոդերյանը, չկա, և դա մեծագույն ցավ է ինձ համար, որովհետև ես այդ երեխայի մեջ կյանքն էի տեսնում: Դիպուկահարը ողջ է, և ես հավատում եմ, որ կգտնենք նրան: Մենք իրական հաղթանակ ենք ունենալու, գուցե չհասկացանք մեր հաղթանակը, չհասկացանք, որ պատերազմ է: Ես իմ ուղեծիրը չեմ փոխի: Ճիշտ էի, որ յոթ տարի առաջ ընկերոջս հետ ընկերություն էինք ստեղծում՝ Արցախի մասին ֆիլմեր ստեղծելու համար: Հիմա դա առավել կարևոր է: Առհասարակ, կինոյի զարգացման ընթացքն է այդպիսին: Մենք ունեցել ենք ֆիլմի զարգացման համար գումար, աջակցություն Ազգային կինոկենտրոնից, զարգացրել ենք ֆիլմի փաթեթը, հիմա պետք է դիմել արտադրության համար»,-նշում է Ավետիսյանն ու հավելում, որ պատիժը կլինի այն, որ մարդիկ կդիտեն ֆիլմն ու կգտնեն իրենց՝ գազանին:

Նա տեղեկացնում է, որ ֆիլմ է նկարահանում նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին: Այն կոչվում է «Սև ցուցակ»: «Լապշինն է ինձ դիմել ֆիլմի համար: Ես նրան հարցրի, թե որերորդ ռեժիսորն եմ, որին մոտեցել է, նա պատասխանեց, որ առաջինն եմ: Հետո հարցրի, թե ինչո՞ւ է ինձ դիմում, նա պատասխանեց, որ միայն ես կարող եմ նկարել այդ ֆիլմը: Մինչ այդ մատուցողին խնդրել էի, որ սուրճ մոտեցնեն, հետո ասացի, որ կարող են նաև գարեջուր բերել, քանի որ կարծես թե երկար ենք նստելու»,- պատմում է Ավետիսյանը և չի ցանկանում նշել, թե ովքեր են ընդգրկված լինելու ֆիլմում, որ կազմակերպությունների, անվանի դերասանների, սցենարիստների հետ են համագործակցելու, քանի որ մտավախություն ունի, որ գործընկերները կարող են հալածվել հարևան երկրի կողմից:

«Դրախտի դարպասը» ֆիլմի ժամանակ 100 հազար եվրո են կորցրել Լիտվայում: Մինչև գումարն ստանալը անուններ են հրապարակել: Լիտվայի ԱԳՆ-ի վրա ճնշումներ գործադրելով՝ գումարի տրամադրումը կասեցվել է: «Նման պատմությունները շատ են: 2020-ի պատերազմը 4 ժամ է, ինչ սկսվել էր, մեզ նամակ եկավ, որ «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից: Ես դիմում եմ փառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովին, հրավիրում եմ նրան Երևան զրույցի կամ ես կգնամ Մոսկվա նրա հետ զրուցելու: Դիտել եմ նրա ֆիլմերը, հիացել եմ նրա՝ անկեղծ արվեստագետի անվախ կերպարով, դիտել եմ հարցազրույցները:

Նա փառատոնի նախագահն է. ինչպե՞ս է նման բան թույլ տվել: Նա պետք է դուրս գար Կրեմլի դիմաց ու կռիվ տար: «Утомлённые солнцем» կինոնկարը դիտելով՝ հավատում եմ, որ նա ազնիվ է, ու պետք է դուրս գար Կրեմլի դիմաց, ասեր, որ հրաժարվում է նախագահությունից, եթե ֆիլմը հանվի: Սիրում եմ Միխալկովի արվեստը, բայց նա չպետք է այդպես վարվեր, պետք է պահանջեր, որ ֆիլմը մնա: Իր այդ քայլով նա խթանեց, որ Արցախի հետ այսպես վարվեն: Նա առաջինը լռեց: Ինչո՞ւ եղավ այս ամենը, որովհետև աշխարհը լռեց: Ի՞նչ ենք մենք պահանջում քաղաքական դեմքերից, երբ մեծագույն արվեստագետը լռում է»,-իր կոչն է հղում Միխալկովին ու մտահոգությունը հայտնում ռեժիսորը:

Ջիվան Ավետիսյանը գտնում է՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար պարզապես պետք է հզորանալ, չնայել ուրիշին, ամեն առավոտ արթնանալ մի համոզմունքով, որ Արարատը ամեն ինչից վեր է: «Այսօր դասավանդում եմ թատերական ինստիտուտում ու իմ ուսանողներին սովորեցնում լինել ամենաերազող, ամենապայքարող մարդիկ: Պետք է արարել, ստեղծել, որ խոսքդ կշիռ ունենա հասարակության մեջ, պետք է առաջ քայլել, աշխատել, Հայաստանը ոտքի կանգնեցնել: Մինչ հարցազրույցի գալը մի քիչ Շուշին հետ եմ բերել, որովհետև մի գործ հաջողել եմ, կհաջողեմ ևս մեկը, իսկ վաղը դուք կհաջողեք, մյուս օրը՝ մեկ այլ հայ: Մենք կամաց-կամաց Շուշին հետ կբերենք: Պետք է հավատալ, և ես ունեմ այդ հավատը, և եթե կա մեկը, որն իմ չափ հավատ ունի, թող միանա ինձ: Կգան լավ ժամանակներ, կգան մարդիկ, որոնք ինձանից շատ կսիրեն մեր հայրենիքը, կգան մարդիկ, որոնք ավելի շատ կաշխատեն, կգան մարդիկ, որոնք ավելի ազնիվ ու արդարադատ կլինեն: Մենք պայքարող տեսակ ենք»,-լավատեսական նոտայով իր խոսքն է եզրափակում Արցախի մասին պատմող «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս