Ահա թե իրականում ինչ է տեղի ունեցել անշարժ գույքի շուկայում և հատկապես գների հետ

Տնտեսական ճգնաժամն իր ուղղակի ազդեցությունն է ունեցել ոչ միայն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների, այլև անշարժ գույքի շուկայի վրա։ Անշարժ գույքի շուկան անցած տարի վերստին սկսեց էժանանալ՝ ի ցույց դնելով տնտեսության մեջ և հասարակական կյանքում առաջացած խնդիրները։

Գները ոչ միայն նվազեցին, այլև արդեն տարեվերջին զիջեցին նախորդ տարվա մակարդակը։ Տարվա կտրվածքով անշարժ գույքի և բնակարանային շուկայում արձանագրվեց գնանկում։

Պաշտոնական տվյալներով, 2020թ. դեկտեմբերին բնակարանների գները Երևանում նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ցածր են եղել՝ 3,9, մարզերում՝ 2,8 տոկոսով։

Խոսքը բացառապես դրամով արտահայտված գների մասին է։ Բայց դա լիարժեք չի արտահայտում անշարժ գույքի և բնակարանային շուկայում տեղի ունեցած գնային փոփոխությունների ամբողջական պատկերը։

Խնդիրն այն է, որ անշարժ գույքի գները փոխկապակցված են տարադրամի փոխարժեքի հետ։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գները գնանշվում են հիմնականում տարադրամով, իսկ գործարքները պետական մարմիններում գրանցվում են դրամով։ Այստեղից էլ առաջանում է այն անհամապատասխանությունը, որը հաճախ նկատվում է անշարժ գույքի շուկայի գնային սեգմենտում։ Արժութային շուկայի կայունության պայմաններում այդ անհամապատասխանությունը հիմնականում չի երևում։ Այլ բան, երբ արժութային շուկան անկայուն է։ Տեղի են ունենում փոփոխություններ, այն էլ՝ կտրուկ փոփոխություններ։ Այնպես, ինչպես եղավ անցած տարվա վերջին։

Մասնավորապես, նոյեմբերից սկսած, դրամը բավական կտրուկ արժեզրկվեց։ Դրա հետևանքով դեկտեմբերին դոլարի միջին փոխարժեքը կազմեց 522 դրամ։ Այն պարագայում, երբ 2019թ. դեկտեմբերին դոլարի միջին փոխարժեքը ցածր էր անգամ 480 դրամից։

Երբ անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գնային դրսևորումները դիտարկում ենք ազգային արժույթի արժեզրկման տիրույթում, ստացվում է, որ իրականում անշարժ գույքի շուկայի գնանկումը շատ ավելի մեծ է, քան կարելի է տեսնել այն տվյալներում, որոնք արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը։ Դրանում համոզվելու համար անհրաժեշտ է ընդամենն անշարժ գույքի դրամային գները վերածել դոլարի։

Դրամով արտահայտված Երևանում անշարժ գույքը, մասնավորապես՝ բնակարանները, անցած տարի էժանացել են 3,9 տոկոսով։ Այնինչ՝ դոլարով արտահայտված, գների նվազումը հասնում է ընդհուպ 12 տոկոսի։

Այսպես՝ 2019թ. դեկտեմբերին մայրաքաղաքում բնակարանների միջին գները կազմում էին 1 քառ. մետրի համար 341 հազար դրամ, անցած տարվա դեկտեմբերին կազմել են 328 հազար դրամ։ Եթե 2019թ. դեկտեմբերին 341 հազարը համարժեք էր 714 դոլարի, ապա անցած տարվա դեկտեմբերին՝ դոլարի թանկացման հետևանքով, 328 հազար դրամը համարժեք էր 628 դոլարի։

Մեկ տարվա կտրվածքով ունենում ենք անշարժ գույքի դոլարային գների նվազում յուրաքանչյուր մետրի հաշվով 86 դոլարի չափով։ Անկումը կազմում է 12 տոկոս։

Դոլարի արժևորմամբ է պայմանավորված նաև այն, որ մի քանի ամիս անընդմեջ էժանանալուց հետո, անցած տարվա դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, բնակարանային շուկան մի փոքր թանկացել է, չնայած դրա համար գործնականում պատճառներ չեն եղել։ Միակ պատճառն այն է, որ թանկացել է դոլարը՝ հանգեցնելով գործարքների դրամային գների բարձրացման։ Իրականում, դոլարով արտահայտված, դեկտեմբերին ևս՝ նոյեմբերի համեմատ, ունենք գների նվազում։

Անշարժ գույքի դոլարային գներն անցած տարվա վերջին ոչ միայն ավելի ցածր են եղել, քան 2019թ., այլև ընդհուպ մոտեցել են 2018թ. գներին։

Եթե 2018թ. դեկտեմբերին դրանք եղել են 1 քառ. մետրի հաշվարկով միջինում 620 դոլարի կարգի, ապա անցած տարվա վերջին կազմել են 628 դոլար։ Տարբերությունն ընդամենը 8 դոլար է։

Այսպես շարունակվելու դեպքում, շատ շուտով գներն ամբողջությամբ կվերադառնան 2018թ. մակարդակ։ Դրա համար այսօր բավական ծանրակշիռ պատճառներ կան։ Տնտեսական միջավայրը մեր երկրում շարունակում է մնալ խիստ լարված ու անորոշ։ Չեն նշմարվում այն քայլերը, որոնք կարող են նպաստել տնտեսական ու սոցիալական իրավիճակի բարելավմանը։ Տեղի է ունենում հասարակության եկամուտների կրճատում և աղքատության խորացում, որոնք վատագույն գործոններն են անշարժ գույքի շուկայի համար։

Դրանց ավելացել են նաև ապագայի անորոշություններն ու հատկապես արտագաղթի տեմպերի կտրուկ ավելացման ռիսկերը։ Շատերը պատրաստվում են լքել երկիրը, այն էլ՝ անվերադարձ։ Անշարժ գույքի շուկան կորցրել է արտաքին միջավայրից երբևէ ներկայացվող հետաքրքրությունները։

Սրանք գործոններ են գների էժանացման համար, որոնց առաջիկայում դեռ առերեսվելու է շուկան։ Չնայած մինչ այդ էլ հետևանքներն արդեն տեսնում ենք։

Անցած տարի անշարժ գույքի դոլարային գների բավական լուրջ անկում է արձանագրվել Երևանի կենտրոնի բնակարանային շուկայում։ Եթե 2019թ. դեկտեմբերին 1 քառ. մետրի միջին գները տատանվում էին 1371 դոլարի սահմաններում, ապա 2020թ. վերջին կազմել են 1174 դոլար։ Նվազումը հասնում է 197 դոլարի։ Մեկ տարվա կտրվածքով մայրաքաղաքի կենտրոնում բնակարաններն էժանացել են ավելի քան 14 տոկոսով։ Անցած տարվա վերջին կենտրոնում բնակարանների դոլարային գներն ավելի ցածր են եղել նաև 2018թ. համեմատ։ 2018թ. դեկտեմբերին կենտրոնում 1 քառ. մետրի միջին գներն անցնում էին 1180 դոլարից։

Անցած տարվա վերջին Արաբկիրում բնակարանները յուրաքանչյուր մետրի հաշվով էժանացել են միջինում գրեթե 100 դոլարով։ 2019թ. դեկտեմբերին դրանք տատանվում էին 947 դոլարի սահմաններում, անցած տարվա դեկտեմբերին կազմել են 843 դոլար։

Տոկոսային հարաբերությամբ ամենամեծ անկումը գրանցվել է Դավթաշենում։ Մեկ տարվա ընթացքում այստեղի բնակարանային շուկան էժանացել է յուրաքանչյուր մետրի հաշվով միջինում 110 դոլարով՝ նախկին 717 դոլարից հասնելով 607 դոլարի։ Անկումը գերազանցում է 15 տոկոսը։

Անցած տարվա վերջին Դավթաշենի բնակարանային շուկայում հաստատված գները դոլարով ավելի ցածր են եղել նաև 2018թ. համեմատ. 2018թ. դեկտեմբերին դրանք միջինում 622 դոլար էին, 2020թ. դեկտեմբերին՝ 607 դոլար։

Թե՛ դրամով, և՛ թե դոլարով արտահայտված՝ բնակարաններն անցած տարի այս կամ այն չափով էժանացել են նաև Երևանի մյուս վարչական շրջաններում։ Միտումը կպահպանվի նաև այս տարի։ Իսկ թե մինչև ուր կհասնի, ցույց կտա ժամանակը։ Իրավիճակն անշարժ գույքի շուկայի օգտին չէ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս