ՄԻՊ Արման Թաթոյանը՝ գնդապետ Շաքարյանի փոխարեն հուղարկավորված սպայի գործի ու Վահան Բադասյանի հայտարարության մասին

Արցախյան երրորդ պատերազմի խայտառակ ավարտը մեր իրականությունը խմբագրեց սևի այնպիսի երանգներով, որոնց մասին նույնիսկ ամենահոռետես մարդիկ չէին կարող երևակայել անգամ:

Որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ որևէ մեկի, այն էլ՝ Արցախի հերոսի փոխարեն՝ այլ մարդու կհուղարկավորեն, և որքան էլ տարօրինակ է, երբ հուղարկավորված սպայի հարազատներն ահազանգեն այդ մասին, գրեթե չեն լինի պետական մարմիններ, որ ձեռք կմեկնեն ծանր վշտի մեջ գտնվող, հարազատ կորցրած մարդկանց ու կօգնեն լուծել խնդիրը: Թերևս, բացառություն է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Վերջին օրերին, ի դեպ, հաճախակի ենք լսում այլ դեպքերի մասին ևս, երբ պետական մարմինների փնթի աշխատանքի արդյունքում նահատակված զինծառայողներից մեկի փոխարեն՝ հուղարկավորել են մեկ այլ մարդու:

«Հերացու անվան մորգի համակարգչի մեջի նկարները հերթով նայում էինք, նկար գտանք, նմանացրեցի ախպորս: Աշխատողներին հարցրեցի՝ այս մարդն ո՞վ է, ասեցին՝ նրան ուղարկել են՝ որպես գնդապետ Շաքարյան: Նրանց ասացի՝ ո՞նց կարող է այս մարդը Շաքարյանը լինի, եթե իմ ախպերն է: Ասում են՝ չէ, մեզ ներկայացրել են՝ որպես Շաքարյան: Բերել են այստեղ փակ դագաղով ու հուղարկավորել Եռաբլուրում: Այդ նկարը տեսնելով՝ ես սկսեցի կասկածել, որ շփոթմունք  կարող է եղած լինի, դիմեցի Մարդու իրավունքների պաշտպանին»,- «Առավոտի» հետ զրույցում ասել էր գնդապետ Շաքարյանի փոխարեն հուղարկավորված Հարություն Նալբանդյանի եղբայրը՝ Հովհաննես Նալբանդյանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին 168.am հարցրեց, թե ի՞նչ խնդիր էր, պետական ո՞ր կառույցների հետ չստացված երկխոսության արդյունքում էր հարցը հասել ՀՀ ՄԻՊ-ին, ո՞վ էր նրա հետ կապ հաստատել, և ինչպե՞ս, ի վերջո, լուծվեց խնդիրը։

ՄԻՊ-ը, ի պատասխան մեր հարցերին, ասաց, որ Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանցի փոխարեն Եռաբլուրում հուղարկավորված սպայի եղբայրը և նրա փաստաբան Արայիկ Պապիկյանն են դիմել  Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով աջակցություն արտաշիրմում իրականացնելու և նույնականացնելու հարցում:

«Նրանք տեղեկացրել են, որ հիմնավոր ենթադրություններ ունեն, այդ թվում՝ ներկայացրել են լուսանկար, որ հուղարկավորված սպան իրականում իրենց եղբայրն է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել Քննչական կոմիտե և Պաշտպանության նախարարություն: Մինչ այդ Պաշտպանն անձամբ է հարցը քննարկել փաստաբանի հետ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

ՄԻՊ Արման Թաթոյանը կարևորեց Քննչական կոմիտեի գործընկերների ջանքերը, որոնք բերել են հարցի լուծմանը:

Այս պատերազմը դաժան խաղ խաղաց նաև արցախցի գնդապետ Վահան Բադասյանի հետ, ով ճակատագրի քմահաճույքով Հադրութում իր տունն ու տնտեսությունը կորցրեց այն մարդու պատճառով, ում իշխանության բերելու համար գործադրել էր ամեն ջանք:

«Սասնա ծռեր» զինված խմբավորման համակիր Վահան Բադասյանն ակտիվորեն մասնակցում էր 2018թ. իշխանազավթման գործընթացին, որ 2.5 տարի հետո Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնի Ադրբեջանին:

Ինչևէ, հունվարի 28-ին Եռաբլուրում հնչեցրած իր մտքերի համար  Արցախյան վերջին պատերազմում գլխի ծանր վիրավորում ստացած Վահան Բադասյանն այժմ կալանավորված է ու գտնվում է քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ  Եռաբլուր զինվորական պանթեոն այցելած Վահան Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առաջին հերթին պետք է ազատվել բանակի գլխավոր հրամանատարից, որովհետև նա այլևս պարտության սիմվոլ է, իսկ մեր բանակը պարտված չէ։ Լրագրողի հարցին, թե Փաշինյանին հեռացնելու ի՞նչ ճանապարհ կա, Վահան Բադասյանը պատասխանել էր.

«Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով: Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի: Թշնամին ենթակա է ոչնչացման, և դա անհատները պետք է անեն, մեկը՝ ես՝ պատրաստ եմ: Մենք պետք է երկիրը մաքրենք թշնամուց, հետո նոր մյուս հարցերը լուծենք»:

Երեկ Վահան Բադասյանը քրեակատարողական հիմնարկից հայտարարություն էր տարածել, որը նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջում:

Վահան Բադասյանը մասնավորապես նշել էր, որ վիրավորումից հետո ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունի, իրեն ազատությունից զրկելով՝ այս իշխանություններն իրեն ենթարկում են անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների:

Այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին հարցրինք, թե ծանո՞թ է արդյոք Վահան Բադասյանի պահման պայմաններին, առհասարակ տեղյա՞կ է նրա առողջական վիճակից, նրա առողջական վիճակը և քրեակատարողական հիմնարկում գտնվելն արդյո՞ք համատեղելի են։

Ցանկացանք տեղեկանալ նաև, թե Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սահմանադրական կարգի տապալում, սակայն թե ինքը՝ Վահան Բադասյանը, թե պաշտպանը և առհասարակ իրավապաշտպաններ ու բազմաթիվ իրավաբաններ, ովքեր լսել են նրա` Եռաբլուրում խոսքը, պնդում են, որ նրան առաջադրված մեղադրանքը ոչ մի առնչություն չունի այն արարքի հետ, որն ինքը կատարել է, արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ իրավասություն ունի։ Սույնով չի՞ խախտվում արդյոք Վահան Բադասյանի արդար դատաքննության իրավունքը:

Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ Վահան Բադասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց անմիջապես հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նախաձեռնվել է քննարկման վարույթ:

Տեղեկացանք նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանին Վ.Բադասյանի իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է նաև նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը, և փաստաբանը, մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով արել է պնդումներ այն մասին, որ հարուցված քրեական հետապնդումն ապօրինի է, իսկ նրա ձերբակալումն ու հետագայում՝ կալանքը հիմքեր չունեն:

Ըստ փաստաբանի՝ առաջադրված մեղադրանքի հիմքում չկան ապացույցներ, որոնք կվկայեին Վ.Բադասյանի կողմից իրեն մեղսագրվող արարքի կատարումը, իսկ քրեական հետապնդման մարմինն ու դատարանը հաշվի չեն առել իրենց բողոքների հանգամանքները:

«Բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Վահան Բադասյանի հետ: ՔԿՀ աշխատակիցների վերաբերմունքից բողոքներ չեն ներկայացվել, նման խնդիրներ չի արձանագրել նաև Պաշտպանը: Այսինքն՝ Վ.Բադասյանի ու նրա փաստաբանի բողոքները վերաբերում են ոչ թե ՔԿՀ աշխատակիցների վերաբերմունքին, այլ հարուցված քրեական հետապնդման ու անազատության մեջ գտնվելու օրինականությանն ու հիմքերին»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

Ինչ վերաբերում է Վահան Բադասյանի առողջական վիճակին, ապա այդ հարցը Պաշտպանը քննարկել է ՔԿՀ վարչակազմի, ինչպես նաև հենց Վ.Բադասյանի հետ՝ առանձնազրույցի ընթացքում. ձեռք են բերվել համատեղ աշխատանքի պայմանավորվածություններ:

«Այս հարցը կլինի Մարդու իրավունքների պաշտպանի նաև ուշադրության ներքո՝ Պաշտպանի իրավասության սահմաններում: ՔԿՀ այցից հետո և հաշվի առնելով փաստաբանի գրավոր բողոքը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: Հաշվի առնելով, որ ներկայում ընթանում է քրեական գործի քննություն, և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հարուցված է Վ.Բադասյանի իրավունքների պաշտպանության վարույթ՝ այլ տվյալներ տրամադրվել չեն կարող»,- եզրափակեց Արման Թաթոյանը:

Տեսանյութեր

Լրահոս