«Իշխանության փոխանցո՞ւմ, փայ մտնե՞լ, թե՞ իշխանությամբ կիսվել. պատերազմ կեղծած Փաշինյանն այս 3 սցենարում էլ իրեն տեսնում է». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը 168 ТV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝  վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում փաստացի իշխանություն չունի, այդ պատճառով փորձում է թողնել տպավորություն, թե բնականոն աշխատում է՝ իհարկե, փորձելով նաև Արցախի կորստի հարցը դարձնել երկրորդական և դրա փոխարեն քաղաքական օրակարգ ներբեռնել այնպիսի հարցեր, որոնք, ընդդիմության կարծիքով՝ առաջնահերթ չեն։ Այս ամենին ի պատասխան՝ ընդդիմությունն անում է ամեն ինչ, որպեսզի փաստացի Արցախը կորցրած և երկրի անվտանգային համակարգը փլուզած իշխանությունը կրի պատասխանատվություն։

«Բացի ընդդիմություն և իշխանություն հակամարտությունը, որևէ այլ հարց հիմա գոյություն ունենալ չի կարող»,- ասաց նա։

Հարցին՝ որտե՞ղ է այդ հակամարտությունը՝ փողոցո՞ւմ, համացանցո՞ւմ, թե՞ այլ տեղ, «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիրը պատասխանեց.

«Պայքարը բոլոր այն տեղերում է, որտեղ դա հնարավոր է։ Հավաստիացնում եմ՝ Հայաստանում երբևէ իշխանություն-ընդդիմություն բևեռներում գտնվող քաղաքական ուժերն այս աստիճան փոխադարձ չհամաձայնեցվածության ու անհավատության մեջ չեն գտնվել, ինչպես այսօր։ Սա նորմալ է, որովհետև մեր երկիրը վերջին 3-4 ամիսների ընթացքում ունեցել է 30 տարիների ընթացքում ունեցած ամենամեծ կորուստը՝ ի դեմս Արցախի փաստացի կորստի։ Այժմ գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ պետք է հստակեցնենք մեր գերակայությունները։ Կոնկրետ մեր կուսակցության համար գերակայություն են համարվում բանակաշինությանն ու անվտանգությանն ուղիղ առնչվող հարցերը, իսկ Փաշինյանի հրաժարականի պահանջն ընդամենն ընթացիկ խնդիր է, որը, այսպես թե այնպես, այլ լուծման, բացի հրաժարականն է, չի հանգելու»: Նա նշեց, որ ընդդիմությունն այդ հրաժարականին հասնելու համար է, որ աշխատում է հասարակության տարբեր շերտերի հետ՝ պետության ղեկավարի բարոյական նկարագիրը ներկայացնելուց՝ մինչև արհավիրքի մեջ հայտնվելու ծանր հետևանքները ներկայացնելը. ընդդիմությունը հենվում է հասարակության վրա, որը պետք է արթնանա թմբիրից։

Դիտարկմանը՝ փաստորեն ընդդիմությունը նախընտրում է գնալ բացատրական աշխատանքների հետևից, և ոչ թե՝ իշխանությունը վերցնելու, օրինակ, այն ժամանակ, երբ այդ իշխանությունը փողոցում գցված էր նոյեմբերի 10-ից հետո մեկ ամիս, Վլադիմիր Մարտիրոսյանը պատասխանեց.

«Իշխանության բարոյական կերպարի ու այս իշխանության գործողությունների հետևանքների ազդեցությունը հասարակությանը ցույց տալու մեծագույն ֆունկցիան իր վրա վերցրել է ընդդիմությունը, որը գործ ունի սուտն ինստիտուցիոնալ մակարդակի հասցրած իշխանության հետ։ Ընդդիմության սնուցման միակ աղբյուրը հասարակությունն է»:

Նա չհամաձայնեց գնահատականի հետ, որ հասարակությունն ընդդիմությունից պահանջում է հետագա գործողությունների հստակ ծրագիր, որը չտեսնելու պատճառով է, որ լայն համախմբում տեղի չի ունենում ընդդիմության շուրջ։

«Որևէ մեկը չի ասում, որ ընդդիմությունը չունի թերացումներ՝ մարտավարական և այլն, բայց դրանք մատնանշելով՝ կօգնենք այլևս իշխանություն փաստացի չունեցողներին՝ ամրապնդվել»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ ընդդիմության թերացումների, սխալների մասին չխոսելն արդյո՞ք պատճառ չի դառնա, որ հասարակությունն այլևս չսպասի որևէ բացատրության, դադարի հույս կապել ու բռնի արտագաղթի ճամփան, ինչպես անում են բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, արդյոք դանդաղկոտությունն ի վնաս չէ՞ հայրենիքի փրկությանը, Վլադիմիր Մարտիրոսյանը պատասխանեց.

«Տեղի ունեցած արհավիրքին համապատասխան արագություն՝ Փաշինյանին հեռացնելու, չկա, ընդդիմությունը դեռ չունի, դա դեռ տեղի չի ունենում։ Բայց միևնույն ժամանակ՝ պետք է հիշել, որ և դանդաղկոտությունը, և մեծ արագությունը հավասարապես ունեն պոտենցիալ վտանգներ՝ ի վնաս պետության։ Տեղի ունեցած արհավիրքին պահանջում եք մեծ արագություն, իսկ քաղաքականության մեջ դա հնարավոր չէ, քաղաքական պրոցեսներն ունեն իրենց բնույթն ու արագությունը, իսկ հասարակությունն էլ պետք է չընդունի այն թմրանյութային տեղեկատվությունը, որը նրան տրվում է, և պետք է դուրս գա թմբիրից»։

Հարցին՝ չկա՞ այդ դեպքում մտավախություն, որ մինչև ընդդիմությունը հասարակության տարբեր շերտերի հետ բացատրական աշխատանքներ է տանում ու փորձում դուրս բերել թմբիրից, իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների, Վլադիմիր Մարտիրոսյանը պատասխանեց.

«Չեմ հավատում, որ Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների. սա օրակարգային խայծ է, թեև եթե լինեն, դրանք հնարավորություն են լինելու այս իշխանության հեռացումն ավելի բարձր մակարդակով իրականացնելու համար։ Փաշինյանը բայց պետք է դեռ հիմնավորի՝ արտահերթ ընտրությունների ինչի՞ համար է գնում՝ իշխանության փոխանցմա՞ն, իշխանությամբ կիսվելո՞ւ, թե՞ իշխանության մեջ փայ ունենալու. համոզված եմ՝ Փաշինյանն այս 3 սցենարների մեջ էլ իրեն տեսնում է, իսկ դա ինձ համար մերժելի է, որովհետև մենք խոսում ենք մի մարդու մասին, որը կեղծել է պատերազմ. պատերազմ կեղծած մարդուն չի՛ կարելի վստահել ընտրության կազմակերպում»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս