«Մարտի վերջին Նախիջևանում անցկացվելիք զորավարժություններից վտանգներ եմ սպասում. միգուցե լինեն ռազմական սադրանքներ». Կարեն Հովհաննիսյան

Ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի ռուս ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զավալկինը հայտարարել է, որ ռուս և թուրք զինծառայողները կատարում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկման ընդհանուր խնդիրը. «Իրադրության մոնիտորինգն իրականացվում է շուրջօրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով, մասնավորապես՝ «Ֆորպոստ» և «Օռլան-10» ԱԹՍ-ների համալիրների միջոցով»:

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ իրականում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգը ոչ այդքան հայկական կողմի համար է վտանգ պարունակում, որքան՝ ռուսական կողմի. «Բայց քանի որ ռուսական կողմն էլ վերահսկելու է, այսինքն՝ համատեղ է տեղի ունենում, կարծես թե վտանգը չեզոքացվում է: Մեծ հաշվով, Արցախում հայկական կողմը չի իրականացնում այնպիսի գործողություններ կամ այնպիսի ռազմական գաղտնիք պարունակող գործողություններ, որոնք կարող են թուրքական կողմին հասու լինել, այս պահին ես մի քիչ հանգիստ եմ, բայց անհանգստությունս կապված է ռուսական կողմի հետ, որովհետև, վերջիվերջո, ռուսական կողմի զորքերի տեղաշարժի, զորքերի թվաքանակի և բազմաթիվ այլ հարցերի թուրքական կողմը հասանելիություն է ունենալու: Բայց, նորից եմ կրկնում, որ այդ համատեղ մոնիտորինգային խմբին վերահսկում է նաև ռուսական կողմը, այսինքն՝ այնպես չէ, որ թուրքական կողմը ինքնուրույն, միայնակ նստելու է՝ այդ ԱԹՍ-ները որ կողմ ուզի՝ այդ կողմ տանի, ինչ հետախուզություն ուզի՝ անի. մեկը մյուսին վերահսկելու է: Բայց հաճելի չէ և ցանկալի չէ թուրքական կողմի ներկայությունն այդ տարածաշրջանում, որովհետև, օրինակ՝ հետագայում, ասենք՝ 5 տարի հետո այդ համատեղ մոնիտորինգային խումբը փակվի, իրենք ունենալու են այդ տարածաշրջանին վերաբերող հետախուզական տվյալներ, որոնք հետո իրենց պետք են գալու: Վտանգն այդ առումով եմ ես նկատում»:

Ինչ վերաբերում է այս օրերին Կարսում անցկացվող ադրբեջանաթուրքական զորավարժություններին՝ ռազմական փորձագետն ընդգծեց. «Հետաքրքիր բան եմ նկատել՝ մինչ զորավարժությունների սկսելը թուրք-ադրբեջանական քարոզչական տանդեմը բավականին ակտիվ գովազդում էր դրանք, շատ մեծ կարևորություն էին տալիս դրանց, սակայն, զորավարժությունների մեկնարկից մեկ օր հետո այլևս դադարեցին խոսել զորավարժությունների մասին: Սա՝ այն դեպքում, երբ ՀՀ տարածքում ՌԴ ռազմաբազայի կողմից որոշակի տեղաշարժեր տեղի ունեցան: Ես կարծում եմ, որ ռուսական կողմը նաև Թուրքիային է հասկացրել, որ չի կարելի այդ տոնայնությամբ կամ այդ մարտավարությամբ առաջ գնալ, և նրանք դադարեցրել են ամբողջ քարոզչությունը: Իսկ վտանգների առումով, ճիշտն ասած՝ այդքան այս զորավարժություններից վտանգ չեմ սպասում, որքան սպասում եմ պատասխան զորավարժություններից, որոնք մարտի վերջին Նախիջևանի տարածքում կլինեն: Այ, այդ ժամանակ ես լուրջ մտավախություններ ունեմ, որովհետև Ադրբեջանը նաև այդ հատվածում սահմանային նկրտումներ ունի:

Կարծում եմ՝ այդ ժամանակաշրջանում միգուցե լինեն ռազմական սադրանքներ: Ես եմ ենթադրում, որ մարտին են լինելու պատասխան զորավարժությունները, միգուցե սխալվում եմ:

Չի բացառվում, որ հենց այդ զորավարժությունների ֆոնին ճանապարհային ապաշրջափակմանը վերաբերող հարցեր կամ դիրքային հարցեր քննարկվեն և փորձեն այդ ճանապարհով իրենց օգտին արդյունքներ գրանցել, ինչպես որ մինչև հիմա եղել է՝ ճնշումներ են իրականացրել և առանց որևէ խնդրի՝ դիրքային բարելավումներ են ունեցել: Մտավախություններս Նախիջևանի զորավարժությունների հետ են կապված»:

Տեսանյութեր

Լրահոս