«Մենք մեր տարածքների կորստի հետ չենք հաշտվում, հույս ունեմ, մոտ ապագայում մեր գյուղը կտան մեզ․ այդ հույսով ապրում ենք». Թաղավարդի գյուղապետ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը պատերազմից հետո բաժանվել է երկու մասի, մի հատվածը մնացել է Ադրբեջանի զինվորների հսկողության տակ, մյուս հատվածը՝ հայկական։

168.am-ի հետ զրույցում Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանն ասաց, որ Թաղավարդը 7 կմ գյուղ է, պատերազմից հետո երկու կեսը մնացել է թշնամուն, երկու կեսը՝ իրենց։

«Բուն Թաղավարդը մնացել է թուրքի տիրապետության տակ, իսկ Թաղավարդ Կալերը մերն է, հիմա մենք ապրում ենք Թաղավարդ Կալերում։ Բնակիչների 75 տոկոսը վերադարձել է գյուղ, կան տներ, որտեղ բնակիչները լրիվությամբ վերադարձել են, կան տներ՝ մասամբ, այսինքն՝ միայն տան տղամարդը։ Մեր տարածքում ռուս խաղաղապահներ չկան, մեր զորքն է, մի 100 մետր հեռավորության վրա էլ թուրքի զորքն է, ռուս չկա, ուղղակի ռուսական դրոշակներ կան»,- ասաց Օլեգ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ բուն Թաղավարդը թշնամու հսկողության տակ է հայտնվել հոկտեմբերի 27-ի երեկոյան։

«Թաղավարդում ու Թաղավարդ Կալերում ունեինք երկու գյուղապետարան, երկու ակումբ, երեք դպրոց, այսինքն՝ այսքան մեծ գյուղ էր մերը, հիմա Թաղավարդի մասում ակումբը, գյուղապետարանը, փոստի բաժանմունքը վառված է, հրթիռակոծել են պատերազմի ժամանակ։ Իսկ Թաղավարդ Կալերում գյուղապետարանի շենքը, դպրոցը, ակումբը կա, գյուղի ներքևի հատվածում՝ Կարմիր շուկային կից, մանկապարտեզ ու դպրոց ունենք։ Հենց այդ դպրոցում այսօրվա դրությամբ 140 աշակերտ կա»,- հավելեց Թաղավարդի գյուղապետը։

Նա նաև տեղեկացրեց, որ մինչև պատերազմը Թաղավարդում կար 609 հեկտար սեփականաշորհված հող, իսկ այսօր մնացել է մոտավորապես 120 հեկտար, որն էլ դիտարկվում է թշնամու կողմից, հետևաբար` գյուղացին, տրակտորիստը չգիտի` մտնի՞ հողատարածք, վարի՞, ցանի՞, ի՞նչ անի։

«Հիմա մենք շարունակում ենք հաշվարկը, թե որքան նյութական կորուստ ենք ունեցել, 140 տուն բուն Թաղավարդում  մնացել է թուրքի տիրապետության տակ, Թաղավարդ Կալերում 5 տուն վառվել է, 5 տուն լրիվությամբ ավերվել է հրթիռակոծության հետևանքով։  Մարդիկ անասուն, մեքենա, գույք են կորցրել, մեր հաշվարկներն ընթացքի մեջ են։ Մեր կառավարության ջանքերով էլեկտրաէներգիան, գազը, գիշերային լուսավորությունը գյուղում վերականգնվել է,  ջրի հետ մի քիչ խնդիր ունենք, բայց դա էլ լուծման ընթացքի մեջ է։

Մենք մեր տարածքների կորստի հետ չենք հաշտվում, հույս ունեմ, մոտ ապագայում մեր գյուղը կտան մեզ, այդ հույսով ապրում ենք, ժողովուրդն էլ այս հույսով է ապրում։ Պետք է տեղում լինեք, սեփական աչքով տեսնեք, թե ինչ ունենք, մեր այգիները, վարելահողերը, ամեն ինչ նրանց հսկողության տակ է մնացել, չգիտեմ, երևի այսպես երկար չի շարունակվի, կվերադարձնենք, բոլորս էլ այդ հույսով ապրում ենք»,- շեշտեց նա։

Թաղավարդի ղեկավարի խոսքով՝ Արցախը կռվել է ահաբեկիչների ու Թուրքիայի դեմ, ուստի պարտություն է կրել։

«Մեր բանակը մինչև վերջին օրը կռվել է, մեր տղաները, աշխարհազորը մինչև վերջ կռվել է, ուղղակի հնարավոր չէր… չգիտեմ, թե այստեղ ինչ էր կատարվում, մենք հարյուրներով էինք, նրանք՝ հազարներով, դրանց սատկացնում էինք, նորից էին գալիս։ Հիմա այդ հաղթանակը ոչ թե Ադրբեջանինն է, այլ Թուրքիայինը»,- եզրափակեց Օլեգ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս