«Կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է». Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը», որով նպատակադրված է վերացնել կորոնավիրուսի համավարակի հետևանքները, վերականգնել տնտեսական ակտիվության միջավայրը:
Նախագծի զեկուցող՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ծրագրի 3 գերակայություններն են տնտեսական ակտիվության վերականգնման արագացումը, գործարար և սպառողական վստահելի միջավայրի վերականգնումը, տնտեսական զարգացման նոր միջնաժամկետ քաղաքականության ձևավորումը:
Ծրագրով նախատեսված են 12 նպատակային գործողություններ և 14 աջակցության ծրագրեր: Ավինյանի փոխանցմամբ՝ նպատակային գործողությունների առանցքում են քաղաքաշինական ծրագրերի ուղղությամբ ջանքերի ակտիվացումը, պետական գույքի արդյունավետ կառավարմանն ուղղված աշխատանքների իրականացումը, գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը, օրինակ, արդյունաբերական կանեփի արտադրությունը, և այլ հարցեր:
Նիկոլ Փաշինյանին հավանաբար առավել հետաքրքրեց արդյունաբերական կանեփի արտադրությունը, որովհետև վերջինս անդրադարձավ հենց արդյունաբերական կանեփի հարցին:
Ըստ նրա՝ այս հարցը կարող է շահարկումների տեղիք տալ, ու հորդորեց մանրամասն լուսաբանել այն, որպեսզի մարդիկ ամբողջական տեղեկատվություն ունենան, թե ինչի մասին է խոսքը:
«Ցավոք, կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է, և տվյալ դեպքում խոսքը արդոյւնաբերական հումքի մշակման մասին է, որը, իհարկե, իր հետ զուգահեռ ռիսկեր ունի, և այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան և այդ ռիսկերի կառավարման մեխանիզմները արդեն փորձարկված են մի շարք երկրներում: Եվ, իհարկե, մենք շատ ուշադիր պետք է ծրագիրն առաջ տանենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ավինյանի խոսքով՝ կա դրական փորձ ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Չինաստանում, որն Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրել է, կա արդեն նախապես մշակված հայեցակարգ, կարգավորումների մոտավոր պատկերացումներ:
Ավինյանի խոսքով՝ արտադրական կանեփն էականորեն կակտիվացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը: