Միայն սա բավարար է, որպեսզի կառավարությունը հեռանա   

Վիճակագրական ծառայությունն ամբողջացրեց 2020թ. տարեկան տնտեսական ցուցանիշները։ Ճիշտ է, դրանք առայժմ օպերատիվ տվյալներն են, բայց ներկայացվածը բավական է ամփոփելու այն արդյունքները, որոնք կառավարությունն արձանագրել է իր անցած տարվա գործունեության ընթացքում։

Արդյունքները, մեղմ ասած, հիսաթափեցնող են։ Մեր երկրին «տնտեսական հեղափոխություն» և թռիչքային աճեր խոստացող իշխանությունն ամբողջությամբ ձախողել է տնտեսության զարգացումը։ Տնտեսության զարգացման մասին նույնիսկ անիմաստ է խոսելը։ Տնտեսությունը հայտնվել է կոլապսի մեջ։ Տարվա կտրվածքով ունենք ակտիվության խորը անկում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ կառավարությունը նախատեսում էր ապահովել 4,9 տոկոսանոց աճ։ Հետագայում, իհարկե, այս ցուցանիշը 2 անգամ վերանայվեց և նվազեցվեց։

Որպեսզի շատ մեծ չերևա ձախողումը, մայիսին կառավարությունն այն իջեցրեց մինչև -2 տոկոս։ Թեև դեռ այն ժամանակ պարզ էր, որ դա ընդամենը միջանկյալ քայլեր էր։

Տնտեսական ցուցանիշները ևս մեկ անգամ վերանայելու անհրաժեշտություն առաջացավ տարվա վերջին։ Ըստ այդմ, այն դարձավ -7 տոկոս։

Այսինքն՝ 4,9 տոկոս աճից կառավարությունը նահանջելով՝ հասավ 7 տոկոս անկման։ Սարսափելի մեծ շեղում, ինչը խոսում է կառավարման ցածր պրոֆեսիոնալիզմի և կանխատեսելիության անկարողության մասին։

Դրա վկայություններից մեկն էլ պետական բյուջեի ցուցանիշների կրկնակի վերանայումն էր։ Նման բան Հայաստանում երբևէ չէր եղել, բայց եղավ։ 2 անգամ կրճատվեցին բյուջեի հարկային եկամուտները։ Արդյունքում՝ 1 տրիլիոն 607 մլրդ դրամի փոխարեն՝ մի կերպ հաջողվեց հավաքել 1 տրիլիոն 385 միլիարդը։ 222 մլրդ դրամի լրացուցիչ ճեղք առաջացավ բյուջեում։

Պատճառը տնտեսության ծանր վիճակն էր, ինչը ստիպեց լրջորեն վերանայել չարդարացված ամբիցիաներն ու կտրուկ նվազեցնել ակնկալիքները։ Թե դա էլ որքանո՞վ է հաջողվել ապահովել, վկայում են պաշտոնական վիճակագրության հրապարակած տնտեսական ցուցանիշները։

Դրանց համաձայն՝ անցած տարի տնտեսական ակտիվությունը մեր երկրում նվազել է 7,5 տոկոսով։ Առանձին ոլորտում ունենք խորը անկում և լճացում։ Աճ գրեթե չկա։

Ամեն ինչ սկսվեց դեռ տարեսկզբին։ Տնտեսությունը դժվարությունների բախվեց արդեն երկրորդ եռամսյակից։ Այդ ժամանակ էլ նշմարվեցին ճգնաժամի առաջին նշանները, որոնք գնալով խորացան։ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները ցանկալի արդյունք չտվեցին։ Եղած սուղ հնարավորություններն էլ փոշիացվեցին՝ հակաճգնաժամային միջոցառումների ցածր արդյունավետության հետևանքով։

Համավարակը քիչ էր, կառավարության արկածախնդրության պատճառով մեր տնտեսությունը բախվեց ղարաբաղյան պատերազմի հետ։ Առանց այդ էլ ճգնաժամի մեջ հայտնված տնտեսությունն ավելի ծանր հարվածներ ստացավ։

Հետևանքներն այսօր տեսնում ենք ու դեռ երկար ենք տեսնելու, քանի դեռ իշխանությունները հետևություններ չեն արել և պատասխան չեն տվել իրենց արածների համար։ Մինչ Նիկոլ Փաշինյանն ամուր կառչած է մնում իր աթոռին և չի ուզում հեռանալ, իսկ կառավարությունը ձև է անում, թե աշխատում է, տնտեսության վիճակը գնալով ավելի ու ավելի է վատանում։

Ամենամեծ անկումն անցած տարի ունեցել ենք առևտրի և ծառայությունների ոլորտում։

Առևտրի շրջանառությունը մեր երկրում նվազել է 14 տոկոսով։ Առևտուրը կրճատվել է, որովհետև ընկել է սպառումը։

Սպառման նվազումն առաջին հերթին՝ մարդկանց եկամուտների անկման հետևանք է։ Տնտեսությունը ճգնաժամի մեջ է, ու դա բերել է գնողունակության անկման։ Մի կողմից՝ կրճատվում են եկամուտները, մյուս կողմից՝ բարձրանում են գները։ Սա բացասական գործոն է սպառման համար։

Սպառման վրա ազդել են նաև հասարակության շրջանում և տնտեսության մեջ ձևավորված բացասական սպասումներն ու անկումային տրամադրությունները, որոնք ի հայտ են եկել հատկապես հետպատերազմյան շրջանում։

Ներքին սպառման կրճատումն էական ազդեցություն է թողել ներմուծման վրա։ Ներմուծումն անցած տարի պակասել է գրեթե 18 տոկոսով։ Սա երկրի տնտեսության ու սոցիալական իրավիճակի ուղղակի գնահատականն է։

Արտաքին առևտրի ոլորտում ունենք նաև արտահանման անկում։ Չնայած արտահանումն ավելի քիչ է կրճատվել, քան ներմուծումը, այնուհանդերձ, դա ոչնչով չի արդարացնում կառավարության ձախողումները։ Հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչի վրա է նստած մեր արտահանումը։ Հիմնական մասը հանքահումքային ապրանքներն են։ Թեև անցած տարի անգամ տնտեսության այդ ճյուղի բարձր աճը չկարողացավ օժանդակել, որպեսզի արդյունաբերությունը խուսափի անկումից։ Եթե տարեսկզբին դեռ որոշ աճ կար, ապա տարեվերջին դա էլ դադարեց։

2020թ. արդյունաբերությունը փակել է 1 տոկոսին մոտ անկումով, այն էլ՝ գերազանցապես հանքարդյունաբերության երկնիշ աճի պայմաններում։

Այս տարի հանքարդյունաբերության հետ կապված ռիսկերն ավելացել են։ Դրանք նկատվեցին արդեն 2020թ. վերջին։ Հարցականի տակ է հատկապես Սոթքի հանքի և դրա հետ կապված ընկերությունների գործունեությունը։

Տնտեսության իրական հատվածում աճ ունենք միայն գյուղատնտեսության մեջ։ Այն էլ՝ ընդամենը 1,4 տոկոսի չափով։ Դեռ լավ է, որ դա էլ կա, այլապես տնտեսական անկումը շատ ավելի մեծ կլիներ։ Թեև գաղտնիք չէ, թե սովորաբար ինչպես են կառուցվում աճերը գյուղատնտեսության մեջ։

Տարիներ պահանջվեցին, որպեսզի ի վերջո անկումից դուրս գա շինարարությունը։ Անցած տարի շինարարությունը կրկին մտավ ճգնաժամի մեջ, արձանագրվեց 9,5 տոկոսանոց նվազում։ Թե այս անգամ քանի՞ տարի կպահանջվի այդ իրավիճակը հաղթահարելու համար, դեռ շուտ է ասել։ Շինարարության ակտիվացումը շատ բանով կապված է հասարակության ու տնտեսության եկամուտների հետ։ Այնինչ, թե՛ մեկ, և թե՛ մյուս առումով ունենք տխուր պատկեր։

Ծառայությունների անկումը տարվա կտրվածքով մոտենում է 15 տոկոսին։

Ու այս ամբողջի ֆոնին՝ արձանագրել ենք միջին աշխատավարձի աճ։ Այսինքն՝ մեր տնտեսության հնարավորությունները նվազել են, բայց չենք վարանել ավելացնել աշխատավարձերը։ Եվ դա տեղի է ունեցել առավելապես պետական հատվածում։ Չնայած տնտեսական ակտիվության 7,5 տոկոս անկմանը՝ պետական հատվածում միջին աշխատավարձը 5,3 տոկոսով բարձրացել է։ Ո՞ւմ և ինչի՞ հաշվին, մնում է միայն գուշակել։

Մասնավորում միջին աշխատավարձի աճը գրեթե կրկնակի քիչ է եղել։ Մասնավորն իրեն այնքան շռայլություններ թույլ չի տվել, որքան պետական հատվածը, որը նստած է մասնավորի վճարած հարկերի ու բյուջեի վրա։

Անցած տարվա մեր տնտեսական «ձեռքբերումներն» ահա այսպիսին են։ Միայն դրանք բավարար են, որպեսզի ցանկացած կառավարություն հրաժարական տա և տեղը զիջի ուրիշին։ Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն այդպես չեն մտածում։ Մինչև վերջ նրանք փորձում են կառչած մնալ իրենց աթոռներից, որքան էլ դա թանկ է նստում երկրի ու տնտեսության վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս