Շուշիի 1919-ի մեծ հրդեհը, որը մարելուն օգնում էին նաև անգլիացի զինվորականները
Շուշիի պատմությանը միաձուլված է վերելքն ու ողբերգությունը։ Հայկական այս քաղաքի պատմության բոլոր էջերը թաթախված են պայքարի, հաղթանակների ու արյան մեջ։ Այս քաղաքում պատմությունը հոսում է շատ արագ։ Կարելի է նաև անցյալով խոսել, սակայն ներկան ճշմարիտ է։ Քանի որ ոչ մի գիտակից, խելացի, ազգասեր հայ չի կարող համակերպվել Շուշիի դավաճանական անկման հետ։ Այդ «անհավատ» հայն է, որ շատ շուտով նորից քայլելու է Շուշիի փողոցներում։ Այդ իսկ պատճառով մեր գիտակից ընթերցողների համար պիտի գրենք այդկերպ։ Թերթելով այս քաղաքի պատմության թերթերը, կարելի է հանդիպել բազմաթիվ հետաքրքիր իրադարձությունների, որոնք հաճախ վրիպել են մեր աչքից։ Այսկերպ փորձում ենք գնահատել մեր երբեմնի վեհ ու գեղեցիկ քաղաքն և այդկերպ Շուշիում նորից քայլելու մոտիվացիան ավելի վեր բարձրացնել գիտակից մարդկանց մոտ։
1919 թվականի գարնանը Շուշիում տեղի ունեցած մեծ հրդեհը չի վրիպել շատերի աչքից։ Ղարաբաղի ժողովրդական կառավարության առաջին նախագահ Եղիշե Իշխանյանն իր գրքում մանրամասն պատմում է Շուշիում բռնկված մեծ հրդեհի մասին։ Հատկանշական է, որ իրադարձության նկարագրությունից զատ, Իշխանյանը մի շարք հետաքրքիր դրվագներ ևս ներկայացնում է։ Նախ նշվում է, որ հրդեհը ծագել էր կենցաղային անփութության պատճառով․
«Ապրիլի 20-ին գիշերը Սերգէյ Բաղիրեանի տանը, երբ բոլորը քնած են լինում, խոհանոցի օջախը լաւ հանգցւած չլինելու պատճառով, վառւում են օջախի երկար չոր փայտերը և վառւած փայտի մէկ կտորը ընկնում է խոհանոցի տախտակամածին և սկսում կամաց-կամաց վառւել և առաւօտեան ժամը չորսին բռնկւում է խոհանոցի կից սենեակը, ծխի քուլաները ննջարանին հասնելով, Ս․ Բաղիրեանը ընտանիքով փախչում է դուրս և ահազանգ հնչեցնում․ արթնանում են հարևաններն ու ամբողջ թաղը։ Իսկոյն մէկը, ըստ ընկալեալ սովորութեան, վազում է մօտակայ եկեղեցին և ժամկոչին կարգադրում զանգերը հնչեցնել։ Զանգերի ղօղանջը լսելով, ուրիշ թաղերի մարդիկ էլ շտապում են դէպքի վայրը։ Շուշում տները իրար կպած լինելով, երբ տներից մէկը վառւում էր, հրդեհը տարածւում էր արագութեամբ միւս տներին, մանաւանդ երբ քամի էր լինում»։ (Հատվածը վերցված է Եղիշե Իշխանեանի «Լեռնային Ղարաբաղ 1917-1920» գրքից, էջ 390)։
Մինչև վերջին դավաճանական իրադարձությունները Շուշիի եկեղեցիների զանգերը համախմբող, միավորող գաղափարախոսության կրողներն էին։ Ամեն առավոտ ղողանջող զանգերը մարդկանց միավորում էին մեկտեղ։ Նախորդ դարում ևս քաղաքի զանգերը կարևոր դեր էին կատարում։ Նրանք մարդկանց մեկտեղում էին նաև վտանգների դեպքում։ Ահազանգի ղողանջներից հետո մարդիկ հավաքվել էին մեկ վայրում։ Իշխանյանը շատ դիպուկ է ներկայացնում մարդկանց տրամադրությունը, տագնապն ու քաղաքում տիրող ծանր օդը։
«Հրդեհի վայրում խմբւած ահագին բազմութեան գոռում-գոչումը, միախառնւած եկեղեցու զանգերի ղօղանջին, խիստ ճնշիչ, ծանր տպաւորութիւն էին թողնում։ Հանգիստ նստել տանը չէր կարելի, նոյնիսկ դատապարտելի էր։ Հերն անիծած Շատիլվորդի, անմիջապէս արագ հագնւելով դուրս եկայ տնից։ Երբ հասայ մեծ շուկան, տեսայ ահագին բազմութիւն, խռնւած ակումբի առջև, կանգնած իրարու հետ խօսում էին բարձրաձայն և թամաշա անում։ Մարդիկ իրարու այնպէս էին կպել, որ կարծես ամբոխը միաձոյլ զանգւած էր»։ (Նույն տեղում՝ էջ 390)։
Շատ կարճ ժամանակում մարդիկ ինքնակազմակերպվում են, շարքեր կազմում և որոշում դույլերով ջուր կրել և օգնել, որպեսզի հրդեհը մարվի։ Կարճ ժամանակում մոտ 350 մարդ է հավաքվում, ովքեր մի քանի տասնյակ դույլերով կարողանում են քաղաքի ջրհորներից ջուր կրել և հասցնել հրշեջներին։ Հատկանշական է, որ այդ շրջանում Շուշի քաղաքի գրեթե ամեն տուն ուներ անձրևաջրի իր հորը, որտեղ հավաքվում էր անձրևաջուրն ու օգտագործվում նաև կենցաղում։ Ոմանց տան բակերում կար նաև գետնի տակից ժայթքող ջրի հորեր։ Քաղաքում տիրող այս իրարանցումը չէր կարող վրիպել անգլիացի զինվորական, մայոր Մոնկ Մեսընի աչքից, ով մի քանի սպաների հետ գալիս է դեպքի վայր, զրուցում և իր օգնությունն առաջարկում․
«Մայորը քովը կանգնած զինւորին ինչ-որ կարգադրութիւն արաւ, և նա շտապ վազեց դէպի իրենց զօրանոցը, որ շատ մօտ էր։ Անգլիական հնդիկ զինւորները գրաւել էին կազակների նախկին զօրանոցի շէնքը։ Հազիւ քառորդ ժամ էր անցել, հարիւր չափ սիպայիներ եկան իրենց վրանների երկար, մօտ երեք մետրաչափ ձողերով, որոնց ծայրին ամրացւած էին կարթի պէս կեռ երկաթներ, և կարճ կացիններով։ ․․․Մէկ ու կէս, երկու ժամ տևեց մինչև որ հրդեհի առաջն առնւեց, և ժողովուրդը կամաց-կամաց ցրւեց»։(Նույն տեղում՝ էջ 392)։
Հատկանշական է, որ նախորդ դարում Շուշիում տեղի ունեցած հրդեհը քաղաքի բնակչության համար ահազանգ էր։ Այդ կոչին լսելով՝ միավորվեցին շատերը, կարողացան շուտ հանգցնել հրդեհը։ Նրանք սիրում էին իրենց քաղաքն ու քաղաքային կոլորիտը։ Այդ մարդկանց համար թանկ էր յուրաքանչյուր մարդու կյանք, տուն ու տանիք։ Ժամանակներն այլ էին։ Տարբեր էին մարդիկ։ Ի՞նչ իմանային նրանք, որ մոտ մեկ դար անց հենց հայն է հրդեհելու Շուշին ու գլխիկոր հեռանա այնտեղից։
Զ․ Շուշեցի