Ինչքան փող են կորցրել ավանդատուները դրամի արժեզրկումից
Բնակչության բանկային խնայողությունները դադարել են ավելանալ։ Անցած տարվա նոյեմբերի տվյալներով՝ դրանք այլևս ավելի քիչ են, քան մեկ տարի առաջ էր։
Սա իշխանությունների հերթական «ձեռքբերումն» է, որին հասել ենք ընդամենը 2 տարի 8 ամսվա ընթացքում։
Վերջին տարիներին բնակչության բանկային ավանդներն անընդհատ ավելանում էին։ Ընդ որում, աճի տեմպը բավական բարձր էր, ընդհուպ՝ երկնիշ։
Հիմա ավանդները նվազում են։ Անգամ այն պայմաններում, երբ կտրուկ բարձրացվել է բանկային ավանդների երաշխավորման շեմը։ Վերջերս իրականացված փոփոխությունից հետո երաշխավորված են մինչև 16 մլն դրամ դրամային և մինչև 7 մլն դրամ տարադրամային ավանդները։
Սա լուրջ երաշխիք է ավանդատուների համար։ Սակայն, նույնիսկ դա չի կանխել բանկերից բնակչության խնայողությունների դուրսբերումը, որն արձանագրվեց անցած տարվա վերջին։
Պաշտոնական տվյալներով՝ մեկ տարվա կտրվածքով բանկերում բնակչության ավանդները կրճատվել են շուրջ 2,5 մլրդ դրամով։ Առայժմ հրապարակված վերջին տվյալները վերաբերում են անցած տարվա նոյեմբերին։ Դրանց համաձայն՝ նոյեմբերին բնակչության բանկային ավանդները կազմել են շուրջ 1 տրիլիոն 594 միլիարդ։
Մեկ տարվա ընթացքում ավանդները նվազել են 0,2 տոկոսով։ Դժվար է հիշել, թե տարվա կտրվածքով վերջին անգամ երբ է նման բան արձանագրվել։
Բանկային ավանդների նվազումը շատ ավելի մեծ է դոլարային արտահայտությամբ։ Դոլարը թանկացել է՝ արհեստականորեն ազդելով ավանդների վիճակագրության վրա։
Ավանդների վիճակագրությունը ներկայացվում է դրամով, չնայած բնակչության խնայողությունների կեսից ավելին տարադրամով են։ Տարադրամի թանկացումը վիճակագրորեն ավելացնում է ավանդները, չնայած փաստացի դրանք չեն ավելանում։
Այսպես՝ եթե մեկ տարի առաջ բնակչության բանկային խնայողություններն այն ժամանակվա փոխարժեքով հասնում էին, մոտավոր հաշվարկներով՝ 3 մլրդ 325 մլն դոլարի, ապա հիմա կազմում են 3 մլրդ 65 մլն դոլար։ Այսինքն՝ 1 տարվա ընթացքում դրանք նվազել են ոչ թե 2,5 մլրդ դրամ կամ 0,2 տոկոսով, այլ շուրջ 260 մլն դոլարով կամ 7,8 տոկոսով։
Դոլարի թանկացումը ոչ միայն արհեստականորեն ավելացրել է բանկերում պահվող տարադրամային խնայողությունների կշիռը, այլև բացասաբար ազդել դրամային խնայողությունների վրա։ Տուժել են այն քաղաքացիները, ովքեր նախընտրել են իրենց խնայողությունները պահել դրամով։
Նոյեմբերի տվյալներով՝ բնակչությունը բանկերում ունի 791 մլրդ դրամի դրամային խնայողություն։ Եթե դրամը չարժեզրկվեր, այդ գումարը համարժեք կլիներ առնվազն 1 մլրդ 630 մլն դոլարի։ Բայց քանի որ դրամն արժեզրկվել է, այն համարժեք է 1 մլրդ 521 մլն դոլարի։
Դրամի արժեզրկման հետևանքով բանկերում դրամային խնայողություններ ունեցող քաղաքացիները, ըստ էության, կորցրել են շուրջ 109 մլն դոլար։
Թերևս, այդպիսի կորուստներն են պատճառը, որ ազգային արժույթի արժեզրկման ժամանակ մարդիկ շտապում են իրենց գումարները դուրս բերել բանկերից և փոխարկել տարադրամի՝ հնարավորինս նվազեցնելու արժեզրկման ազդեցությունը։ Նման երևույթներ սովորաբար տեղի են ունենում այն ժամանակ, երբ մեծանում են ազգային արժույթի արժեզրկման հետ կապված ռիսկերը։
Այս անգամ, իհարկե, ավանդային շուկայում ի հայտ եկած ռիսկերը կապված չէին միայն դրամի արժեզրկման հետ։ Եվ միայն դրամի արժեզրկման հետևանք չէր, որ տեղի ունեցավ ավանդների փախուստ բանկերից։ Պատահական չէ, որ ավելի շատ դուրս են բերվել տարադրամային, քան դրամային ավանդները։
Ավանդների փախուստը բանկերից սկսվեց սեպտեմբերից։ Երեք ամսվա ընթացքում բանկային համակարգից դուրս է եկել 147 մլրդ դրամի խնայողություն։ Եթե օգոստոսին բանկային ավանդները կազմում էին 3 տրիլիոն 642 մլրդ դրամ, ապա նոյեմբերին կազմել են 3 տրիլիոն 495 մլրդ դրամ։
Դուրս բերված ավանդների գերակշիռ մասը եղել են բնակչության խնայողությունները։
Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերին բնակչության բանկային ավանդները նվազել են ավելի քան 107 մլրդ դրամով։ Ավելի շատ կրճատվել են տարադրամային, քան դրամային ավանդները։
Երեք ամսում տարադրամային ավանդները բանկերում նվազել են 62 մլրդ դրամով՝ 864 միլիարդից հասնելով 802 մլրդ դրամի։ Բայց քանի որ սրանք բացառապես տարադրամային ավանդներն են՝ այդ թիվը լիարժեք չի արտահայտում նվազման իրական պատկերը։ Դրա վրա առկա է նաև դրամի թուլացման ազդեցությունը։ Ու եթե հաշվի ենք առնում այդ գործոնը, ապա ստացվում է, որ օգոստոսին բնակչությունը բանկերում ուներ շուրջ 1,8 մլրդ դոլարի տարադրամային խնայողություն։ Արդեն նոյեմբերին դա հասել է 1 մլրդ 542 մլն դոլարի։
Երեք ամսում տարադրամային ավանդները կրճատվել են 258 մլն դոլարով կամ ավելի քան 14 տոկոսով։
Տարադրամային ավանդների փախուստի պատճառը, բնականաբար, եղել է ոչ թե դրամի արժեզրկումը, այլ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ի հայտ եկած ռիսկը։ Պատահական չէ, որ ավանդների արտահոսք նկատվեց պատերազմից անմիջապես հետո։ Ավանդատուների մի մասը շտապեց բանկերից հետ վերցնել իր խնայողությունները։ Սեպտեմբեր-հոկտեմբերին բանկային ավանդները կրճատվել են ավելի քան 77 մլրդ դրամով, ևս շուրջ 31 միլիարդով՝ նոյեմբերին։
Դրամային ավանդները 3 ամսվա ընթացքում նվազել են 46 մլրդ դրամով։ Դրա վրա ազդել է հիմնականում տարադրամի նկատմամբ ազգային արժույթի արժեզրկումը։
Հիմա էլ դրամը շարունակում է արժեզրկված մնալ։ Ու դա նշանակում է, որ նոյեմբերից հետո էլ բանկային խնայողությունների կորուստները շարունակել են պահպանվել։ Բայց այդ մասին հնարավոր կլինի ավելի հանգամանալից խոսել այն բանից հետո, երբ կհրապարակվեն պաշտոնական տվյալները։
Ավանդների դուրսբերումը բանկերից վտանգավոր երևույթ է ֆինանսական համակարգի համար։ Ֆինանսական համակարգը կորցնում է վստահությունն ավանդատուների շրջանում։ Ընկնում է նաև համակարգի վարկունակությունը։ Ի վերջո, ավանդներն են, որոնք վարկերի տեսքով վերադառնում են տնտեսության մեջ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ