Բաժիններ՝

Հայաստանի և Արցախի պաշտոնյաները կունենան արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու միասնական օրակարգ

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հունվարի 23-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի և այլ պաշտոնատար անձանց հետ՝ Արցախից և Հայաստանից:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից՝ հանդիպմանը մասնակցել են ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, ԱՀ նախագահի խորհրդական-նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով, Ազատուհի Սիմոնյանը, այլ պաշտոնատար անձինք ևս՝ Արցախից և Հայաստանից:

Թանդիլյանն անդրադարձել է դեպի Արցախ նման այցերի կարևորությանն՝ իր խոսքում ընդգծելով, որ հայաստանյան տարբեր կառույցների հետ մշտական փոխգործակցությունը պետք է լինի շարունակական՝ ունենալով առարկայական արդյունքներ:

Արցախի սոցիալական ապահովության նախարարն այդ համատեքստում հատկապես կարևորել է Հայաստանի և Սփյուռքի ներգրավվածությամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը զուգահեռ, նաև բնակարանային ապահովման և հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն ու այդ ուղղությամբ նպատակային աշխատանքների իրականացումը: Մասնավորապես, շեշտվել է Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունն՝ այդտեղ ապրելու հետագա հնարավորության ընձեռումն, ինչպես նաև սոցիալական և այլ կարիքների բավարարման մեխանիզմի կիրառումն որպես առաջնահերթություն դիտարկելու հարցը:

«Հանդիպման մասնակիցները օրակարգային թեմաների շուրջ քննարկումների, խնդրո առարկա հանդիսացող հարցերի պարզաբանման արդյունքում որոշում են կայացրել՝ ունենալ միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ, որը հնարավորություն կտա Արցախում առկա խնդիրները դիտարկել ճիշտ տեսանկյունից՝ ըստ այդմ ընտրելով լուծման համարժեք եղանակներ և հնարավորինս սեղմ ժամկետներ»,-հայտնում են նախարարությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս