35 միլիոն դոլար վարկի 3 միլիոնը ծախսել են այլ նպատակով, կրկին վարկ են վերցնում

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նկատենք՝ համաձայնագրի ստորագրումով նախատեսվում է 7.4 միլիոն ԱՄՆ դոլար գումարի տրամադրում:

Ներկայացվող նախագծի հիմնավորման մեջ հիշեցվում է, որ դեռևս 2013 թվականին ՀՀ և Միջազգային զարգացման ընկերության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում 35 միլիոն դոլարին համարժեք 22.8 մլն ՓՀԻ (XDR) միջոցները նախատեսված էին Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի  արդիականացման աշխատանքների համար:

Իսկ թե ինչո՞ւ է Կառավարությունը նույն ծրագրի իրականացման համար 2-րդ անգամ  վարկ վերցնում, նիստի ժամանակ մանրամասնեց Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով.

«2020 թվականին մարտի 6-ին կնքված համաձայնագրի փոփոխություններով նախատեսվել էր, որ Վայոց Ձոր նոր մարզային հիվանադանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանվեն վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինաշխատանքների բարձր արժեքը, ինչպես նաև՝ փոխարժեքային տարբերության հետևանքով առաջացած ֆինանսական կորուստները: Նշված պատճառներով վարկային ծրագրի ֆինանսական միջոցները չէին բավարարի երկու ԲԿ-ների արդիականացման համար, և նպատակահարմար էր գտնվել այդ պահին միջոցներն ուղղել Մարտունու ԲԿ արդիականացման աշխատանքներին, և Վայոց Ձորի նոր ԲԿ կառուցում և բժշկական սարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել էր 2019-23 թվականների  կառավարության գործունեության միջոցառումների ծրագրով:

Այնուհետև, Covid 19-ի համավարակի ընթացքում հնարավորինս արագ արձագանքելու և արդյունավետ հակազդելու նպատակով նպատակահարմար էր գտնվել տվյալ վարկային միջոցները  3 միլիոն դոլարի համարժեքի չափով վերաբաշխել և ուղղել Covid 19-ին դիմակայելու համար, որի արդյունքում գնվել են բավական մեծ թվով սարք-սարքավորումներ: Արդյունքում առաջացրել էր դեֆիցիտ 3 միլիոնի դոլարի շրջանակներում, և անհրաժեշտություն է առաջացել Մարտունու ԲԿ      կառուցումն ամբողջական ավարտելու համար լրացնել այդ գումարները և, իհարկե, շարունակելու Վայոց Ձորի ծրագիրը»:

Նախարարաը շեշտեց՝ նշյալ բժշկական կենտրոնները Ռազմավարական կարևորության կենտրոններ են, ապա նաև տեղեկացրեց, որ Մարտունու բժշկական կենտրոնի շինարարությունը  նախատեսվում է ավարտել 2022 թ. սկզբին:

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որն արդեն Կառավարությունում նոր կարգավիճակով էր, որպես լավատեղյակ՝ մեկնաբանեց ժամկետների հետ կապված հարցը՝ նկատելով, թե քանի որ տիպային շինություններ են, շինարարությունն արագ է տեղի ունենում. «Մարտունու դեպքում արդեն առաջին հարկը համարյա վերջացրել են, և մնալու է տանիքն ավարտին հասցնել: Ժամկետները միանշանակ կպահպանվեն, հնարավոր է, որ նույնիսկ ավելի շուտ ավարտվեն»:

Ամեն դեպքում ո՛չ ներկա նախարարը՝ նախկին փոխնախարարը, ո՛չ նախկին նախարարը չխոսեցին, թե ինչու են համավարակին արագ հակազդելու համար դիմել այս վարկային ծրագրի միջոցների օգնությանը և դրանով իսկ ստեղծել դեֆիցիտ:

Հիշեցնենք՝ COVID-19 վարակի հաղթահարման գործում առողջապահական համակարգին  աջակցելու նպատակով մարտի 17-ին Գանձապետարանում բացվել էր  հաշվեհամար` նախատեսված այն ֆիզիկական անձանց և կազմակերպությունների համար,  որոնք ցանկանում են պետությանն այս նպատակով գումար նվիրաբերել։ Սրան զուգահեռ՝ հատուկ ծրագիր էր մեկնարկել նաև Հայաստան համահայկական հիմնադրամը, որի շրջանակներում ևս բացվել է հատուկ հաշվեհամար: Նշենք նաև՝ այս ընթացքում եղել են միջազգային տարբեր հումանիտար օգնություններ ևս:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ հավելեց, որ, ընդհանուր առմամբ, վարկի չափն ավելացնում են միայն կոնկրետ ծրագրի համար, իսկ ընդհանուր վարկային պարտավորությունը չեն ավելացնում. «Որովհետև այս ավելացումը հնարավոր է եղել առաջնահերթությունների վերանայման ճանապարհով ՝ այլ վարկային ծրագրերի նվազեցման հաշվին»:

Նկատենք՝ հենց ՀՀ ֆինանսների նախարարին է հանձնարարվում կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:

Տեսանյութեր

Լրահոս