20%-ով բժշկական ծառայությունների թանկացումը բերելու է մարդկանց խնդիրների ավելացման. հանրային առողջապահության մասնագետ

«Ֆինանսների նախարարությունները շատ երկրներում դիտարկում են առողջապահությունը՝ որպես բիզնես, և այդ կարծրատիպը մեր մոտ էլ կա և մեր երկրում էլ կա և միշտ է եղել: Բայց, ի վերջո, եթե այդ համակարգը թեկուզև բարդ է, բայց ինքը պետք է գործի վերջնական սպառողի, այսինքն մարդու առողջությունը պահպանելու, վերականգնելու և բարելավելու համար: Իսկ նման ցանկացած որոշում, որը կայացվում է, ուղղակիորեն անդրադառնում է մարդկանց վրա, և մարդկանց առողջության ու, ցավոք սրտի, որոշ դեպքերում՝ մարդկանց կյանքի վրա»,- ասաց հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ անդրադառնալով առողջապահության ոլորտում ԱԱՀ-ով հարկում ներդնելու որոշման հետևանքների քննարկման ընթացքում:

Հիշեցնենք, դեռ նախորդ տարեվերջին Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր որոշում, որով հարկային քաղաքականության ճեղքը, կամ, ինչպես տնտեսագետներն են նշում, բյուջեի ճեղքը լրացնելու համար կառավարությունը կրկին քաղաքացիների գրպանն է մտնում:  Հիշյալ որոշմամբ կառավարության նպատակն է՝ առողջապահության ոլորտը հանել ԱԱՀ-ից ազատման արտոնություններ ունեցող գործողությունների շրջանակից, ինչ արդյունքում 20%-ով կթանկանան առողջապահական ծառայությունները:

Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ներկայացնելով ՀՀ-ում աղքատության ու քաղաքացիների՝ բժշկական ծառայություններից չօգտվողների ցուցանիշները, շեշտեց, թե այս որոշումը նոր խնդիր է առաջացնելու:

Նրա փոխանցմամբ՝ 2019 թվականի տվյալներով բնակչության շրջանում աղքատների թիվը  26% էր, իսկ գյուղական բնակչության շրջանում՝ 33%: Հանրային առողջության մասնագետի խոսքով՝ բնակչության զգալի մասն առհասարակ չի կարողանում դիմել բուժօգնության՝ գումար չունենալու պատճառով: Այդ քաղաքացիները կազմում են ոչ աղքատ բնակչության 12.4%-ը, աղքատ բնակչության 25%-ը և ծայրահեղ աղքատ բնակչության 45%-ը:

«Թվում է, թե աղքատները և ծայրահեղ աղքատները չպետք է նման խնդիր ունենային, որովհետև ենթադրվում է, որ իրենք ներառված են այդ «Փարոս» համակարգում, բայց քանի որ աղքատությունը կոմպլեքս ազդեցություն ունի տնային տնտեսության կենսամակարդակի վրա, մարդիկ չեն կարողանում դիմել»,- նշեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Մասնագետն ուսումնասիրությունների արդյունքում պարզել է նաև, որ  կա մեկ այլ իրավիճակ, երբ բնակչության 71%-ը չի կարող իրեն թույլ տալ անսպասելի ծախս 45.000 դրամ և ավելի, ու դա միայն բնակչության աղքատ մասը չէ:

«Այս համատեքստում բնական է, որ այդ թվերը որ նշեցի, դրանց թվերը ենթադրաբար պետք է ավելանան, քանի որ մենք այսօր ունենք մատչելիության խնդիր: 20%-ով գնի բարձրացումը, ակնհայտ է, որ բերելու է  այդ մարդկանց մոտ խնդիրների ավելացմանը, որն էլ ուղղակիորեն անդրադառնալու է մահացության, հաշմանդամության, հիվանդացության ցուցանիշների վրա»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս