Այս որոշումը կարող է ավելի աղետալի լինել ծախսերի տեսանկյունից. Առողջապահության ֆինանսավորման փորձագետը՝ Փաշինյանի որոշման մասին
Տարեվերջին Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ հարկային քաղաքականության ճեղքը, կամ, ինչպես տնտեսագետներն են նշում, բյուջեի ճեղքը լրացնելու համար կառավարությունը կրկին քաղաքացիների գրպանն է մտնում: Հիշյալ որոշմամբ կառավարության նպատակն է՝ առողջապահության ոլորտը հանել ԱԱՀ-ից ազատման արտոնություններ ունեցող գործողությունների շրջանակից, ինչ արդյունքում 20%-ով կթանկանան առողջապահական ծառայությունները:
Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանի գնահատմամբ՝ որոշման հավելվածում ներկայացված ճեղքի մեծության չափը վկայում է մեկ այլ, բավականին լուրջ խնդրի մասին: Ըստ փորձագետի՝ բացի ֆինանսական ճեղքի լրացումից ու առողջապահական ծառայությունների վրա ԱԱՀ կիրառումից, պետք է նայել մեդալի հակառակ կողմը՝ դա մարդկային կյանքն է, առողջությունը, որը պահանջում է կատարել որոշակի ծախսեր:
«Այս ծախսերի տեսանկյունից, երբ մենք դիտարկենք, միգուցե այն նպատակները, որը դրել է կառավարությունը կամ ֆինանսական բլոկն իր առջև՝ այդ հարկային լրացուցիչ մուտքերի միջոցով որոշակի խնդիրներ լուծի, այդ ծախսերի տեսանկյունից իրենք կարող են ավելի աղետալի լինել և ընդհանրապես համադրելի չլինեն այն ակնկալվող եկամուտների հետ, որոնք նրանք ցանկանում են ունենալ:
Ու ընդհանրապես վարչապետի այս որոշումը ես դիտարկում եմ՝ որպես, այսպես ասած, ցանկությունների ինչ-որ փաստաթուղթ, որովհետև կան շատ անորոշություններ: Նախ, այստեղ չի նշվում, թե ԱԱՀ ինչ տոկոսաչափ պետք է կիրառվի»,- ասաց Սամվել Խարազյանը:
Անդրադառնալով որոշման հիմնավորումներին, որտեղ նշված է նաև, թե առողջապահական ոլորտի ծառայությունների վրա ԱԱՀ կիրառումը հնարավորություն կտա հասարակության սոցիալապես դժվար վիճակում գտնվողներին օգտվել առողջապահական պետպատվերով ծառայություններից, Խարազյանը նշեց, որ ինչպես այս, այնպես էլ ՝ մյուս հիմնավորումները հավատ չեն ներշնչում: Փորձագետը հիշեցրեց 2000-2001թթ.՝ դեղերի նկատմամբ ԱԱՀ կիրառման փորձը, երբ նախատեսված էր, որ ԱԱՀ կիրակումից գոյացած գումարներն ամբողջությամբ պետք է նպատակաուղղվեն դեպի առողջապահության ոլորտ, բայց «ոչ մի լումա չհատկացվեց առողջապահական ծրագրերի իրականացմանը»:
«Ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ այս ԱԱՀ կիրարկումից հետո նման ներարկումներ առողջապահական ծրագրերին և առողջապահական համակարգում ընդհանրապես կարող են տեղի ունենալ, մանավանդ, եթե ոչ մի թվային տվյալներ չկան, այսինքն՝ հնարավոր չէ իրականացնել որևէ կանխատեսում»,- նշեց Սամվել Խարազյանը: