Ամուլսարի տարածքում UNESCO-ի պաշտպանության տակ գրանցված որևէ պատմամշակութային հուշարձան չկա. «Լիդիան Արմենիա»
«Լիդիան Արմենիան» իր մտահոգությունն է հայտնում Ազգային ժողովում այսօր հրապարակված Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցի և դրա շուրջ շահարկումների վերաբերյալ:
Ստիպված ենք արձանագրել, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված զեկույցում առնվազն «Լիդիան Արմենիային» վերաբերող հատվածները թերի են կամ չեն համապատասխանում իրականությանը, իսկ ներդրումների արժանահավատության ստուգման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդրադարձն Ամուլսարի տարածքում հնագիտական հուշարձաններին և դրանց շուրջ շահարկումները հերթական փորձն են խոչընդոտելու Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրի գործունեությանը:
Ստիպված ենք հիշեցնել, որ
1. Հնագիտական աշխատանքներն Ամուլսարում իրականացվել են տեղական և միջազգային չափանիշներով։ Ավելի քան 8 տարի տևած աշխատանքների արժեքը կազմել է ավելի քան 130 մլն ՀՀ դրամ և հետազոտվել է շուրջ 15 000 հա մակերես ընդգրկող տարածք: Ուսումնասիրվել են առկա բոլոր պատմամշակութային բացահայտ և հնարավոր հուշարձանները, արձանագրվել և հավաքվել են վերգետնյա հնագիտական գտածոները: Պեղվել է 65 տեղամաս:
2. Կազմվել են հետազոտությունների գիտական հաշվետվությունները և ներկայացվել են ՀՀ մշակույթի նախարարություն:
3. Արտերկրի և Հայաստանի հանրապետության գիտական ամսագրերում հրատարակվել են հոդվածներ: Այս աշխատանքներին ներգրավվել են միջազգային և տեղական փորձառու մասնագետներ՝ Environmental Resource Management-ի և Հայաստանի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից:
4. Արդյունքները ներառվել են ՇՄԱԳ հաշվետվությունում, և կազմում են «Լիդիանին» տրված օրինական թույլտվությունների հիմքի մի մասը:
5. Ամուլսարի տարածքում UNESCO-ի պաշտպանության տակ գրանցված որևէ պատմամշակութային հուշարձան չկա:
«Լիդիան Արմենիան» ինչպես իր գործունեության ցանկացած ոլորտում, այս ոլորտում ևս առաջնորդվել է բացառապես ՀՀ օրենսդրությամբ և միջազգային լավագույն չափանիշներով: Մինչ «Լիդիանի» կողմից Ամուլսարի տարածքում հնագիտական աշխատանքների իրականացումը, այստեղ հայտնի պատմամշակութային տեղամաս կամ տարածք գոյություն չի ունեցել: Ուստի կոչ ենք անում դադարեցնել շահարկումներն այս թեմայի շուրջ:
Հարկ ենք համարում նաև նշել, որ թե’ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանի, թե’ զեկույցում հիշատակվող Նազելի Վարդանյանի վերաբերյալ կան դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներ առ այն, որ վերջիններս զրպարտել են «Լիդիան Արմենիային», որը ևս կասկածի տակ է դնում առնվազն քննիչ հանձնաժողովի նախագահի անաչառությունը: