Բաժիններ՝

Ո՞վ է հավատացյալը, ո՞ւմ ենք հավատավոր մարդ անվանում

Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված թղթում այսպես է սահմանում հավատը. «Հավատը հուսացված բաների հաստատումն է և չերևացող բաների ապացույցը» (Եբրայեցիս 11:1):

Մեզանից յուրաքանչյուրի կյանքում էլ դարձը դեպի Աստված, հավատն առ Աստված հետաքրքիր ու խորհրդավոր կերպով է եղել: Հետաքրքրական է նաև, որ հաճախ փորձելով բացատրել այդ զգացումն ու ապրումները՝ մենք ավելի շատ լռում ենք՝ չկարողանալով հստակորեն պատասխան տալ այդ ամենին: Ամեն մեկիս կյանքում Աստված ներկա է այնքանով, որքանով որ մենք ունակ ենք Նրա առջև խոնարհվելու: Աստված մեր կարիքը չունի, այլ մենք ենք, որ Աստծո՝ որպես սիրող, հոգածու Հոր, կարիքն ունենք: Եվ եթե մենք ևս առաքյալների նման խնդրենք Քրիստոսից, թե. «Ավելացրո՛ւ մեր հավատը», ապա Նա այսօր էլ մեզ կասի. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, և այս թթենուն ասեք` «Արմատախիլ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ», նա իսկ կհնազանդվի ձեզ» (Ղուկաս 17:5): Աստվածճանաչողության արմատը, հիմքը հավատքն է, որը հոգևոր փորձառությամբ բերում է դեպի ճշմարիտ հավատամքին, ինչը միայն հնարավոր է Սուրբ Գրքի, Աստծո կենդանի խոսքի շնորհիվ, որը գերիվեր է բոլոր գրքերից, որից էլ սերել են այլ գրքերն ու պատմությունները: Ամեն մարդ կարող է Աստվածաշնչի միջոցով հստակ պատկերացում կազմել իր կյանքի, գործունեության, աստվածահաճո նկարագիր ունենալու մասին:

Ո՞վ է հավատացյալը, ո՞ւմ ենք հավատավոր մարդ անվանում: Այս հարցին, թերևս, պատասխանենք սուրբ Ներսես Շնորհալու հետևյալ խոսքով, թե նա, ով Սուրբ Գրքում գրված խոսքերը սուտ և առասպել չի համարում, այլ հավատում է, որ ճշմարիտ և ուղիղ են, որպես թե իր աչքերով է տեսնում այն բոլորը, ինչ եղել է, պիտի լինի և որ է:

Ահավասիկ, մտքի աչքերով տեսնում ենք իմանալի աշխարհը, սրտի աչքերով՝ զգայականը, իսկ հավատի աչքերով՝ հոգևոր աշխարհը: Այս երեքը՝ միտք, սիրտ, հոգի, միմյանց ագուցելով, ներդաշնակության մեջ պահելով՝ ունակ ենք դառնում ինչ-որ չափով հասանելի դառնալու աստվածճանաչողությանը, քանզի հնարավոր չէ ամբողջովին իմանալ, ճանաչել Խորին Խորհուրդը:

Ըստ եռամեծ վարդապետ սուրբ Գրիգոր Տաթևացու՝ բանականությունը, քանի որ ստեղծված է և սահմանափակ, չի կարող տեսնել անեզր ու անչափ Աստծուն, ինչպես օրինակ՝ իմաստունների պարագայում, ովքեր թեև մտքի գիտություն ունեն, սակայն Աստծուն չեն կարող ճանաչել առանց հավատքի:

Արդ, Սուրբ Գիրքն է, որ բարերար ազդեցություն է ունենում մարդու մտքի, հոգու և սրտի վրա, որը ճանաչվում է միայն հոգևոր փորձառությամբ:

Շատ և շատ նշանավոր մարդիկ ահա այսպես են խոսել Աստվածաշնչի մասին. նրանցից ամերիկացի անվանի գիտնական, երկրաբան Ջոն Դաուսոնը շատ ճիգ ու ջանք է գործադրել գիտությունը Աստվածաշնչի հետ հաշտեցնելու, նույնքան էլ` երկրաբանական տվյալներն այս ուղղությամբ ժողովրդականացնելու համար: Նա այսպես է արտահայտվել աստվածաշնչական տիեզերածնության մասին. «Ով էլ, երբ էլ փորձեր շարադրել տիեզերքի պատմությունը, այդ փորձն ավելի վսեմ ու արժեքավոր չէր կարող լինել, քան աշխարհի արարման սուրբգրային պատումը»:

Ֆրանսիացի հանրահռչակ բնագետ, նշանավոր քիմիկոս և բնախոս Լուի Պաստյորը իր համբավի գագաթնակետում գրել է. «Երջանիկ է նա, ով ծառայում է ավետարանական առաքինությունների իդեալին: Ահա՛, մեծ խորհուրդների և սխրանքների աղբյուրը»:

Քիստոս մեզ պատգամում է. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ` այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթեոս Դ 4): Ավետարանական այս հատվածը սուրբ Ներսես Շնորհալին այսպես է մեկնում. «Տերը չասաց, թե. «Ոչ միայն հացով է ապրում մարդը» և լռեց, որովհետև կան նաև այլ կերակուրներ, որոնցով ապրում են մարդիկ, և ավելացրեց, թե` «այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»: Քանզի մարդը կազմված է հոգուց և մարմնից. ինչպես որ մարմինն է ապրում նյութական հացով, այնպես էլ հոգին` աննյութական խոսքով, բայց ոչ մարդկանց ունայն խոսքով, այլ նրանցով, որ Աստծուց են և կյանք են շնորհում մարդկանց: Որո՞նք են այս խոսքերը. դրանք Աստծո՝ միայն Մովսեսի և մյուս մարգարեների հետ խոսածները չեն կամ Աստծո Բանի` այս աշխարհում խոսածները, այլև բոլոր Գրքերը, որ Աստծո պատվիրաններն են ուսուցանում մարդկանց, Աստծո խոսքերն են և մանավանդ Ավետարանի ինքնախոս խոսքերը: Դարձյալ ասում է, ոչ միայն զգալի հացով կապրի երևելի մարդը, այլ Ինձանով, որ Աստծո խոսքն եմ` միացած սրան, որ ոչ միայն Իմ անձին կարող եմ կյանք տալ, այլև բոլոր մարդկանց, ովքեր հավատով և սրբությամբ են մոտենում Ինձ»:

Արդարև, Աստվածաշունչը հենց «Աստծո զորություն է` ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմեացիս Ա 16):

Նարինե ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս