Ինչո՞ւ մենք պատմական նշանակության հարցեր չենք բարձրացնում, եթե Ադրբեջանը դա անում է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ բնակիչների անվտանգության հարցերը պետք է դիտարկել սահմանների կոնտեքստում՝ անընդմեջ հիշելով Ադրբնեջանի նախագահի, մշակութային գործիչների հայատյաց քաղաքականությունն ու հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանցիների կատարած պատերազմական հանցագործությունները: Հենց այս պատճառով, Թաթոյանի կարծիքով, պետք է մեխանիկական մոտեցումների փոխարեն՝ աշխատեն կոնկրետ հանձնաժողովներ:

«Տեսեք՝ ինչ են անում ադրբեջանցիները: Ես հրապարակել էի այդ քարտեզները: Դրանք իրական քարտեզներ են: Մեր աղբյուրներով ձեռք բերված հատուկ քարտեզներ են, որոնք իրենց մոտ ունեն ադրբեջանցի զինվորականները, որտեղ Զանգեզուրը ներկայացվում է՝ որպես պատմական տարածք, նույնիսկ Հայաստանի այլ տարածքներ՝ Գեղարքունիքի մարզից, և այլն, այս ցեղասպանության հռետորաբանության ներքո: Բա մենք էլ ունենք, չէ՞, օրինակ, հարցեր: Բա այդ դեպքում, եթե գնում ենք պատմական հարցերի՝ սահմանների հետ կապված, օրինակ, ինչի՞ չենք բարձրացնում՝ 1923 թ.-ին Կարմիր Քուրդիստանի գավառը երբ ստեղծվեց, որն իր մեջ ընդգրկեց Բերձորի, Քարվաճառի և Կուբաթլուի շրջանները, դա արհեստական ստեղծված գավառ էր, որպեսզի բաժանի Արցախը Հայաստանից: Գավառը հետագայում՝ 1929 թ.-ին վերացվեց, Ադրբեջանի կազմին բռնակցվեց, Ադրբեջանի կազմում ստեղծվեց Քուրդիստանի օկրուգը: Այդ ժամանակ ներառվեց նաև Զանգելանի շրջանը:

Այսինքն՝ Քարվաճառից մինչև ԻԻՀ սահման, Մռավից մինչև Արաքս խնդիր էր դրած բաժանել ամբողջությամբ Արցախը Հայաստանից: Եվ եղել են դեպքեր, երբ Հայաստանի խորհրդային սահմանից տարածքներ են վերցվել և հետագայում չեն էլ տրամադրվել Հայաստանին, այդ Կարմիր Քուրդիստանի վերացումից հետո: Բա մենք այսպիսի հարցեր ունենք, բա ինչո՞ւ մենք չենք բարձրացնում, եթե պատմական նշանակության հարցեր են, այն էլ իրենք են ասում՝ «Զանգեզուրը պատմական», մի հատ էլ ցեղասպանությունների սպառնալիքներ են ժողովրդի նկատմամբ հորդում»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ նման հարցեր մենք ևս պետք է բարձրացնենք՝ մեր ժողովրդի անվտանգության նկատառումներից ելնելով:

Արման Թաթոյանը նաև անդրադարձավ պատմական մի քանի այլ դրվագների, նշեց, որ մեր ունեցած փաստերը պետք է ռեալիզացնել ու դարձնել քննարկումների հարց:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս