«Փաշինյանը թող հրապարակի, հետո հարցնենք բոլոր ողջամիտ մարդկանց՝ իրենք ի՞նչը կնախընտրեին՝ 2016թ. փաստաթղթի տակ Հայաստանի ստորագրությո՞ւնը, թե՞ այս պատերազմի խայտառակ պարտությունը». Վարդան Պողոսյան
«Երբ կարդում ենք Փաշինյանի հոդվածը, այն տպավորությունն ենք ստանում, որ նա այնպիսի վատ ժառանգություն էր ստացել, որ ընտրություն պիտի կատարեր վատի և վատագույնի միջև: Դա բացարձակ ապատեղեկատվություն է: Իմ կարծիքով, Փաշինյանը պարզապես չի էլ հասկացել բանակցային պրոցեսի էությունը, որովհետև հոդվածում նա պրոցեսը ներկայացնում է որպես ձախողումների մի շղթա՝ սկսած 1994թ. մայիսի 12-ի զինադադարից»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բանակցային խնդիրը շահարկելու, երկիրը կապիտուլյացիայի տանելու մեղքը նախկինների վրա գցելու փորձերին ու այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի կայքում հոդված հրապարակելուն՝ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ով նաև քաջատեղյակ է ԼՂ խնդրի բանակցային փաստաթղթերի և պրոցեսի բոլոր մանրամասներից:
Իրականում, ըստ Վարդան Պողոսյանի, չնայած տարիների ընթացքում հնչած տարբեր առաջարկներին, մեր բանակցային դիրքերն ամուր են եղել նախկինում, և իրականության հետ ոչ մի աղերս չունի Փաշինյանի այն պնդումը, որ 2016թ․ ներկայացված առաջարկներն այնքան վատն էին, որ ընտրության հնարավորություն չէին տալիս:
«2016թ. հունվարյան փաստաթուղթը որոշակի դետալներով էր միայն տարբերվում 2011թ․ Կազանյան փաստաթղթից, և նորից իրականության հետ որևէ առնչություն չունի Փաշինյանի այն պնդումը, թե 2011թ․ հետո այլևս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց գոյություն չուներ, երբ Ալիևը հրաժարվեց Կազանում այդ փաստաթուղթը ստորագրելուց, և խոսքն ընդամենը գնում էր տարածքների վերադարձի մասին: Ընդ որում, Փաշինյանն իր հոդվածում մի քանի անգամ խոսելով 5+2 բանաձևի մասին, որևէ կերպ չի բացատրում՝ ինչ էր նշանակում այն»,- ասաց Վարդան Պողոսյանը՝ հավելելով, որ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ Հայաստանը պատրաստ էր հանձնել 7 տարածքները ոչնչի դիմաց:
Ըստ նրա՝ 2016թ. հունվարյան փաստաթղթում նման բան չկար, և միայն դետալների մեջ էր այդ փաստաթղթի տարբերությունը Կազանյան փաստաթղթից:
«Եթե Կազանում խոսքը գնում էր այն մասին, որ 5 տարվա ժամանակահատվածի ընթացքում պետք է բանակցվեին նաև ԼՂ կարգավիճակի, Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրները, Քելբաջարի վերադարձի պայմանները, մնացած խնդիրները, ապա 2016թ. հունվարյան փաստաթղթում նման դետալացում չկար, և դա բացատրելի էր, որովհետև համանախագահ երկրները և, առաջին հերթին՝ Ռուսաստանը, իսկապես ցանկանում էին խնդրի կարգավորմանը հասնել:
«Եվ եթե 2011թ․ Ալիևը բազմաթիվ վերապահումներ ներկայացրեց այդ փաստաթղթի վերաբերյալ, բնականաբար, ՌԴ-ն և մյուս համանախագահող երկրները պետք է փորձեին ավելի լայն ըմբռնման եզրեր փնտրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բայց 2016թ. հունվարյան փաստաթուղթն ուղղակիորեն ենթադրում էր, որ տարածքների վերադարձը պետք է շաղկապված լինի ԼՂ վերջնական կարգավիճակի հետ, և նաև այդ խնդիրների լուծումից հետո պետք է ամբողջությամբ վերականգնվեին տնտեսական, քաղաքական հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ 2016թ. հունվարյան փաստաթղթերը երկուսն էին. մեկը վերաբերում էր Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հռչակագրին, մյուսը՝ ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ-ի հայտարարությանն այդ հռչակագրի առնչությամբ, և դրանք աշխատանքային, այլ ոչ թե բանակցային փաստաթղթեր էին:
«2016թ. հունվարյան փաստաթղթերի տրամաբանությունն այն էր, որ նախ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրում են հռչակագիր ԼՂ խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ, սակայն դա որևէ բան միջազգային իրավունքի տեսանկյունից չէր նշանակում, քանի դեռ հռչակագրի ընդունումից հետո չկար միջկառավարական պայմանագիր, որտեղ պետք է կոնկրետացվեին այն հիմնական դրույթները, որոնք կային հռչակագրի մեջ»,- նշեց Վարդան Պողոսյանը՝ շեշտելով, որ դա առաջին փուլն էր, որը ենթադրում էր 5 տարածքների վերադարձ, ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցի լուծում ու անվտանգության երաշխիքների տրամադրում:
Դրանից հետո, ըստ բանախոսի, ենթադրվում էր 2-րդ, համապարփակ կարգավորման փուլ, որտեղ պետք է որոշվեին՝ ինչպես Քարվաճառի և Լաչինի ճակատագիրը, այնպես էլ՝ ԼՂ ճակատագիրը:
«ԼՂ հարցի վերջնական կարգավորումը ենթադրում էր 3 խնդրի լուծում՝ վերջնական արդյունքում Ադրբեջանը պետք է ստանար 7 տարածքները, բացառությամբ Լաչինի միջանցքի, Լաչինի միջանցքի կարգավիճակը պետք է համապատասխաներ ԼՂ վերջնական կարգավիճակին, այսինքն՝ եթե այդուհանդերձ հանրաքվե էր լինելու, և, բնականաբար, հանրաքվեի արդյունքում Արցախի ժողովուրդը որոշելու էր կա՛մ միավորում, կա՛մ անկախ պետություն, նույն կարգավիճակը պետք է ունենար Լաչինի միջանցքը, այն է՝ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը արտահայտում է ամբողջ ԼՂ բնակչության ազատ կամարտահայտությունը և իրավաբանորեն պարտադիր բնույթ ունի՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, և տարածաշրջանում քաղաքական, տնտեսական, հումանիտար, առևտրային և այլ ոլորտներում հարաբերությունների լիակատար նորմալացում»,- մանրամասնեց Վարդան Պողոսյանը՝ ընդգծելով, որ որևէ հիմք չունի Փաշինյանի այն պնդումը, որ 2016թ․ հունվարյան փաստաթղթի մերժումը պատերազմի սկսման պատճառ դարձավ:
Վարդան Պողոսյանը նշեց, որ իր այդ հոդվածում Փաշինյանը մեղադրանք է ներկայացնում Ռուսաստանին, թե՝ վերջինս ներկայացրել է խայտառակ հակահայ փաստաթուղթ, որը պարզապես կապիտուլյացիա է պահանջում Հայաստանից, որովհետև ասում է՝ 7 շրջանները տալիս եք, դիմացը ոչինչ չեք ստանում:
«Մեղադրանք է ներկայացնում նաև համանախագահ մյուս երկու երկրներին՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին, որովհետև իր հոդվածում գրում է, որ դրանք համակերպվել էին, ու դա նրանց միասնական դիրքորոշումն էր, և ստացվում է, որ բոլորը միավորվել էին Հայաստանի դեմ, և Փաշինյանը ցանկանում է նման տպավորություն ստեղծել, որպեսզի հետագայում արդարացնի 2018թ.-ից հետո բանակցային պրոցեսի լիակատար ձախողումն իր կողմից»,- նկատեց Վարդան Պողոսյանը:
Վերջինս ասաց, որ առաջարկում է Փաշինյանին հրապարակել 2016թ. հունվարյան փաստաթուղթը:
«Կոչ եմ անում Փաշինյանին, իր թիմին՝ հրապարակել այն առաջարկները, որոնք 2016թ. հունվարին Ռուսաստանի կողմից ներկայացվել են բանակցող կողմերին: Այդ փաստաթղթերը կան, գոյություն ունեն և պահպանվում են Արտաքին գործերի նախարարությունում, բնականաբար, բայց նաև կան այլ մարդկանց մոտ, ովքեր այդ փաստաթղթերն ունեն: Թող իրենք հրապարակեն, փորձենք այդ թեմային նորից անդրադառնալ: Պատրաստ եմ ցանկացած տիպի հանդիպման այդ հարցի շուրջ՝ ցույց տալու համար, որ այն ամենը, ինչ ներկայացրել է Փաշինյանն իր հոդվածում, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է, և ապացուցելու համար մենք հիմք կընդունենք հրապարակված փաստաթղթերը»,- ասաց Վարդան Պողոսյանը (տեսանյութում՝ 35:45 րոպեից):
Նա հիշեցրեց, որ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերը վաղուց հրապարակված են, 2016թ.-ինը՝ ոչ, և եթե ինքն ասում է՝ եթե համաձայներ 2016թ. փաստաթղթերին, պատերազմ չէր լինի, ապա թող հրապարակի այդ փաստաթղթերը, և բոլորը համոզվեն։
«Թող հրապարակի, և հետո հարցնենք բոլոր ողջամիտ մարդկանց՝ իրենք ինչը կնախընտրեին՝ 2016թ. փաստաթղթի տակ Հայաստանի ստորագրությո՞ւնը, թե՞ այս պատերազմի խայտառակ պարտությունը՝ հազարավոր զոհերով, վիրավորներով, գերիներով և աղետալի հետևանքներով Հայաստանի համար»,- նշեց Վարդան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է հասկանալ, որ «տարածքների վերադարձ» եզրույթը չի նշանակում 20-30 օրվա ընթացքում տարածքների վերադարձ, ինչը, ցավոք, տեղի ունեցավ պատերազմի արդյունքում, նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա:
«Մենք այդ 5 տարածքները զիջելու էինք՝ դրա դիմաց ստանալով այնպիսի առավելություններ, որոնց մասին հիմա կարելի է միայն երազել: Նույն 2016թ. հունվարյան փաստաթղթում շարադրված էին անվտանգության այն երաշխիքները, որոնք պետք է ԼՂ-ն ստանար, և դրանց թիվն իսկապես պատկառելի էր: Առաջին հերթին պետք է նշենք, որ այդ 5 տարածքները ենթակա էին դեմիլիտարիզացիայի: Այսինքն՝ ենթադրվում էր, որ այնտեղ չպետք է լինեին ադրբեջանական զինված ուժեր, պետք է լինեին իրավակարգի պահպանության ուժեր, խաղաղապահներ: Տարածքների վերադարձից առաջ պետք է ՄԱԿ-ն Անվտանգության խորհրդում բանաձև ընդուներ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ, որոնք պետք է ժամանեին տարածաշրջան, զորքերը դուրս բերվեին, և միայն դրանից հետո պետք է այդ տարածքներն ազատվեին Ադրբեջանի համար»,- տեղեկացրեց Վարդան Պողոսյանը:
Նա նշեց, որ այդ փաստաթղթում թվարկված էին ԼՂ անվտանգության երաշխիքները, որոնցից առաջինն Ադրբեջանի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունն էր՝ չկիրառել ուժ ԼՂ-ի նկատմամբ: Բացի դրանից, ԼՂ անվտանգության երաշխիք պետք է հանդիսանային խաղաղապահ ուժերը, Հայաստանը՝ ԼՂ հետ հատուկ հարաբերությունների ուժով, այսինքն՝ հայկական Զինված ուժերը, առանց որևէ նախապայմանի, իրավունք պետք է ունենային գտնվել ԼՂ տարածքում: Անվտանգության երաշխիքներ էին տալիս նաև համանախագահ պետությունները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, և վերջապես, ըստ այդ երաշխիքների՝ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենար ինքնապաշտպանության ուժեր, սեփական Զինված ուժեր, և դա պետք է Ադրբեջանը ստորագրեր:
«Այսինքն՝ այդ հռչակագիրը, որը 2016թ. հունվարին առաջարկվում էր Հայաստանին և Ադրբեջանին, և որը Փաշինյանը ներկայացնում է՝ իբր որպես պարզապես տարածքների հանձնում ոչնչի դիմաց, նախատեսում էր, որ Ալիևը պետք է ստորագրեր այդ հայտարարությունը: Ադրբեջանը պետք է այդ հայտարարությունից հետո ԼՂՀ ներկայացուցիչների հետ համատեղ մշակեր պայմանագիր, որտեղ այդ երաշխիքներն ամրագրվում էին: Եվ այս ամենից հետո խոսել «տարածքներ՝ ոչնչի դիմաց» բանաձևի մասին, պարզապես անհեթեթություն է»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչի՞ հետևանք էր այս խայտառակ պարտությունը, Վարդան Պողոսյանն ասաց, որ իր կարծիքով՝ պատճառն առաջին հերթին գործող իշխանությունների՝ Փաշինյանի կառավարության դիլետանտիզմն էր, և քանի որ իրենք պրոֆեսիոնալ չէին և չեն, չեն հասկացել բանակցային պրոցեսի էությունը:
«Եթե խորամուխ լինեին, պետք է շարունակեին բանակցությունները ոչ թե փաշինյանական կետից, այլ այն կետից, որտեղ որ հասել էին բանակցությունները իշխանափոխությունից առաջ նախկին իշխանությունների կողմից: Ընդ որում, նույնիսկ իշխանափոխությունից հետո կան հավաստի տվյալներ այն մասին, որ Ռուսաստանը հավատարիմ էր մնում 2016թ. հունվարյան փաստաթղթում ամրագրված սկզբունքներին:
Եթե հիշում եք, պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերին, երբ Լավրովը հարցազրույց տվեց մի քանի ռուսական, հիմնականում՝ հայազգի ժուռնալիստների, նա ուղղակիորեն ասաց, որ բոլոր փաստաթղթերը, որոնք վերջին շրջանում քննարկվել էին, առաջին փուլում ենթադրում էին 5 շրջանների ազատում, իսկ 2 շրջանների ազատումը պահվում էր 2-րդ փուլի համար ճիշտ այնպես, ինչպես 2-րդ փուլին էր վերապահվում ԼՂ կարգավիճակի հարցը: Այսինքն՝ նույնիսկ այդ ժամանակ ռուսական կողմը ելել է այն դրույթից, որ պայմանավորվածությունը դա է, բայց Փաշինյանն ասում է՝ չէ, մեզնից պահանջում էին 7 շրջանների վերադարձ՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու»,- եզրափակեց Վարդան Պողոսյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ սկսած 2019թ.-ից, Փաշինյանն իր չմտածված գործողություններով ու հայտարարություններով ըստ էության բանակցային պրոցեսը տարավ փակուղի, և քանի որ դա իր մեղքով կատարվեց, հիմա փորձում է մեղավոր ճանաչել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Ադրբեջանին՝ բանակցային պրոցեսը տապալելու համար, և դրանից հետո, իր կարծիքով, եզրահանգումներ է անում, որ, եթե բանակցություններ չկան, ապա պատերազմ պետք է լիներ:
Մանրամասները՝ տեսանյութում