«Այս պահին մենք դե յուրե ունենք իշխանություն, դե ֆակտո՝ մատնված ենք անտերության». Գոհար Մելոյան
«Ունենք ցավալի իրավիճակ, որ 2021 թվականը դիմավորեցինք այս դավադիր ու ապիկար իշխող ուժի ղեկավարությամբ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով երկրում առկա իրավիճակին:
Նա վստահ է, որ հանրության արդարացի պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, պայմանավորված է ստեղծված իրադրությամբ, նրա և նրա ղեկավարած ուժի վարած քաղաքականության ողբերգական հետևանքներով, կորուստներով.
«Ցավոք սրտի, նրանք դեռևս իշխանության ղեկին են, և դեռևս շարունակվում են մեր կորուստները:
Նոյեմբերի 9-ին ստորագրվեց այդ խայտառակ փաստաթուղթը՝ իր ձևաչափով հայտարարությունը, որը մենք որակում ենք՝ որպես միջազգային պայմանագիր, քանի որ այլ փաստաթուղթ մեզ չի հրամցվել, որից կարող էինք եզրահանգումներ կատարել, և այո՛, այդ փաստաթղթով մի քանի կետ կար սահմաններին առնչվող: Նախ՝ ամրագրված էր, որ երկու կողմերը կանգնում են այն տարածքներում, որտեղ այդ պահի դրությամբ գտնվում են նրանց Զինված ուժերը: Դրանից հետո, սակայն, դավադրաբար հանձնվեցին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, որոնք այդ պահին գտնվում էին հայկական ԶՈՒ վերահսկողության ներքո. դրանք, հետագայում, այն կարծիքին եմ, որ անպայման լինելու են հետաքննության օբյեկտներ՝ թե ինչու այդ հայկական տարածքները հանձնվեցին, և որի հետևանքով մենք լրացուցիչ գերիներ ունեցանք»:
Գոհար Մելոյանն արձանագրեց, որ ակտի խախտումը տեղի է ունեցել առանց հայկական կողմի դիմադրության.
«Ադրբեջանական կողմը կարողացավ շատ հանգիստ այս երկու տարածքները վերցնել իր վերահսկողության ներքո և լրացուցիչ գերիներ վերցնել հայկական կողմից:
Բարեբախտաբար, հարյուրավոր զինվորների հաջողվեց գերի չընկնել, բայց այդ պահի դրությամբ ունենք 62 լրացուցիչ գերի, և այդ մասին բարձրաձայնում են միայն մասնագիտական շրջանակներ. իշխող ուժից որևէ ազդակի, որևէ դիմադրության մենք ականատես չենք լինում:
Դրանից հետո հերթն անցավ հայկական տարածքներին: Մի պահ անցնենք անգամ Գորիսի և Կապանի հետ կապված իրավիճակներից, երբ արդբեջանական կողմին հանձնվեցին և՛ հիմնական ավտոճանապարհը, և՛ բարձունքները, զավեշտը կայանում է նրանում, որ այս ամբողջ գործընթացն ուղեկցվում է ադրբեջանական կողմի նախաձեռնողականությամբ, ռուսական կողմի ուղեկցմամբ, որը որոշակիորեն երաշխիքներ է տալիս հայկական կողմին և, ընդհանրապես, հայկական կողմի անգործությամբ:
Այսինքն՝ այդ տարածքների բնակչությունը, Տարածքային ինքնակառավարման մարմինները լիովին անտերության են մատնված և թողնված են ինքնահոսի: Անգամ ականատես եղանք իրավիճակի, որ Սյունիքի մարզի ՏԻ մարմիններն իրենց նախաձեռնությամբ ինքնապաշտպանական գործողությունների են դիմում, և իշխող ուժն անգամ հրաժարվում է նրանց զենք-զինամթերք տրամադրել, որպեսզի կարողանան պատշաճ կազմակերպել:
Ըստ էության, իրավիճակի ենք բախվում, երբ հետևից ներքին թշնամին է հարվածում, երբ արտաքին կողմից գալիս է իրական թշնամին: Այս պայմաններում վերջին օրերին հանձնվեց Շուռնուխ գյուղի 12 տուն:
Փաստացի ունենք իրավիճակ, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտվեց, իսկ մեր Սահմանադրության համաձայն՝ դա կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեով, այսինքն՝ ՀՀ բնակչությունը պետք է որոշի՝ իր տարածքային ամբողջականությունը կարո՞ղ է խախտվել, թե՞ ոչ»:
Բանախոսն անդրադարձավ նաև համացանցում տարվող այն քարոզչական արշավին, որոնք արդարացնում են ինչ-ինչ տարածքների հանձնումը.
«Իշխող ուժի ֆեյքային արբանյակները և իշխող ուժին հարող մի շարք անձինք վերջին շրջանում պարբերաբար սկսել են անել հայտարարություններ, թե սրանք թուրքի տարածքներ են, ինչո՞ւ եք զավթել թուրքի տարածքը: Ոչ այնքան հարգելինե՛ր, ինչո՞ւ այդքան սրտացավություն չեք դրսևորում, երբ, օրինակ, հայկական Շուշին, հայկական Հադրութը և շրջակա գյուղերը, որտեղ թուրք չի ապրել, հանձնվում են թշնամուն:
Զուտ փաստենք այն, որ Շուռնուխի 12 տները, որոնք հանձնվեցին, ունեին ՀՀ կադաստրով ստացված անշարժ գույքի վկայականներ, Հայաստանի Հանրապետությանն էին վճարում գույքահարկ: Ըստ էության, թշնամին, առանց որևէ արգելքի, դիմադրության, կարողացավ ինքնուրույնաբար մտնել հայկական տարածք:
Պատկերացնո՞ւմ եք ողբերգության աստիճանը, որ հայկական կողմից տեղի բնակչությունը, գյուղապետն է բանակցում. թշնամին գալիս-մտնում է գյուղ, ժամանակ է տրամադրում, և հայկական կողմից որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ չի գնում անգամ գոնե աջակցություն հայտնելու, որևէ կերպ տարհանումը կազմակերպելու:
Այսինքն՝ լիովին այս պահին մենք դե յուրե ունենք իշխանություն, դե ֆակտո՝ մատնված ենք անտերության. յուրաքանչյուրը պետք է իր գլխի ճարը տեսնի»: