Տարածաշրջանում կայունության և հավասարակշռության համար հարկավոր է ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ակտիվացում մի շարք հարցերում․ Ցինցաձե
«Ակնկալվում է, որ Հայաստանը կհաղթահարի պատերազմի հետևանքները, ներքաղաքական դժվարությունները և կընկնի կայուն հունի մեջ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն՝ ամփոփելով 2020թ․ տարածաշրջանի համար։
Ցինցաձեն նշեց, որ տարին մարտահրավերային էր տարածաշրջանի, այդ թվում՝ Վրաստանի համար, քանի որ Ղարաբաղյան պատերազմը տեղի էր ունենում Վրաստանի անմիջական հարևանությամբ, և Վրաստանը պատերազմի դադարեցման առաջին շահառուներից մեկն էր, թեև չկարողացավ որևէ դերակատարություն ստանձնել կարգավորման հարցում, որում Վրաստանի մոտեցումը նույնական էր Արևմուտքի հետ՝ հաշվի առնելով արևմտյան մոտեցումների գերակայությունը Վրաստանի արտաքին քաղաքական կյանքում։
«Տարածաշրջանում կայունության, խաղաղության ու հավասարակշռության համար հարկավոր է ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ակտիվացում տարածաշրջանի անվտանգային հարցերում, քանի որ էապես աճել է Թուրքիայի և Ռուսաստանի դերակատարությունը, որի մասին վերջերս իր ելույթում ակնարկեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, և ասաց, որ Վրաստանը պետք է նպաստի իր գործընկերների ներկայության աճին ռեգիոնում՝ նկատի ունենալով հենց ԱՄՆ-ին ու ԵՄ-ին։ Իսկ անձամբ Վրաստանը չի կարող ունենալ այն դերակատարությունը, ինչ իր գործընկերները՝ ռեսուրսների բացակայության պատճառով։ Ուստի Վրաստանը կաշխատի այդ ուղղությամբ, այսինքն՝ Վրաստանի դերակատարությունը դրանում է»,- ասաց վերլուծաբանը։
Ըստ նրա՝ պատերազմից հետո քննարկվում է նաև համագործակցության վեցակողմ մոդել տարածաշրջանում, այդ թվում՝ Վրաստանի, Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի մասնակցության։
Նրա գնահատմամբ՝ սա Վրաստանում դեռ անընդունելի է թվում, քանի որ խոսքը նաև Ռուսաստանի մասին է։
«Բայց Թուրքիան առաջարկում է, ըստ էության, այն, ինչով Ռուսաստանն ու Թուրքիան զբաղվում են վերջին տարիներին, այսինքն՝ ունեն խնդիրներ, տարաձայնություններ, բայց նաև՝ շահեր, ու դրանք բավարարում են, դրանց շնորհիվ որոշ հարցեր ավելի հեշտ են լուծվում։ Բայց կրկնեմ՝ դա Վրաստանում չեն ընդունում և քննադատեցին երկրի նախագահին իր արտահայտած անձնական դրական կարծիքի համար։ Տարածաշրջանը դինամիկ զարգացումների փուլում է։ Վստահ եմ, որ Արևմուտքը 2021թ․ նոր մոտեցումներով հանդես կգա տարածաշրջանում, դա է ակնկալվում և կայունություն, պատերազմի չվերսկսում։ Ակնկալվում է, որ Հայաստանը կհաղթահարի պատերազմի հետևանքները, ներքաղաքական դժվարությունները և կընկնի կայուն հունի մեջ»,- ասաց Ցինցաձեն։