2021 թվականի կարևոր հանգրվաններից մեկը ՀՀ ներքաղաքական զարգացումներն են լինելու, այն, թե Փաշինյանը կկարողանա՞ պահել իշխանություն, թե՞ ոչ․ Տարասով

«Արցախի ապագայի համար կարևոր են լինելու թե ՀՀ ներքին զարգացումները, այն, թե Փաշինյանը կկարողանա՞ պահել իշխանություն, թե՞ ոչ, կարևոր են լինելու նաև ռուս-թուրքական բանակցությունները Սիրիայի և Ղարաբաղի շուրջ, Արևմուտքի որոշումները Ղարաբաղի ուղղությամբ և ԵԱՀԿ ՄԽ գործընթացի ապագայի վերաբերյալ, ԱՄՆ նոր նախագահության աշխատանքը Ռուսաստանի, հետևաբար՝ տարածաշրջանի՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ուղղությամբ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ ամփոփելով տարին տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից և նախանշելով գալիք տարվա անելիքներն ու հնարավոր զարգացումները։

Նա նշեց, որ տարին տարածաշրջանի համար բարդ էր, արյունալի, որն ավարտվում է հարաբերական խաղաղ իրավիճակով։ «Նորություն չեմ ասելու, զարգացումները մեր աչքի առջև էին, շատ բարդ ու ինչ-որ չափով նախկինում կանխատեսելի, սակայն հնարավոր չեղավ խուսափել այն ամենից, ինչ պատահեց»,- ասաց Տարասովը։

Վերլուծաբանը նախ նշեց մի կարևոր գործոն, որն անդրադարձավ բոլոր երկրների, մոլորակի՝ բացառապես բոլոր մարդկանց կյանքի վրա՝ կորոնավիրուսը, և սա հաջորդ տարվա գոնե առաջին կեսում կրկին ազդեցություն է ունենալու մեր կյանքի վրա, և քանի դեռ դա կա, կյանքը բնականոն հուն, ակտիվություն չի վերադառնալու, հատկապես, երբ կան կանխատեսումներ, որ երրորդ ալիքն է սպասվում, կա հիվանդության նոր տեսակ։

«Եվ երկրորդ բաղադրիչն աշխարհաքաղաքականությունն է և տարածաշրջանային զարգացումները, որտեղ արյունալի, ողբերգական արդյունքներով պատերազմ բռնկվեց, փոխեց տարածաշրջանի տեսքը, հանգեցրեց զոհերի, կորուստների, հումանիտար խնդիրների, միջանկյալ իրավիճակի Արցախի համար, որը պետք է լուծվի ապագայում։ Եվ դա տեղի ունեցավ ՌԴ նախագահի անձնական միջնորության շնորհիվ»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ այս զարգացումներով Արցախյան էջը, ցավոք, չի փակվում։

Ըստ նրա, հաջորդ տարի կշարունակվեն ինտենսիվ գործընթացներ Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ, որի համար ջանքեր կներդնի Արևմուտքը, ինչպես նաև կշարունակվի ռուս-թուրքական գործընթացը Ղարաբաղի շուրջ, Իրանի դեմ զարգացումները և քննարկումները տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատելու շուրջ։

«Ցավոք, կարծես վերջին ուղղությամբ ՀՀ ներքաղաքական զարգացումների պատճառով մեծ նորություններ, չեմ կարծում, թե կլսենք, քանի որ հաջորդ տարին ուշագրավ է լինելու հենց այս իմաստով։ Դրանք ևս շատ բան կորոշեն, այսինքն՝ այն, թե ով կլինի ՀՀ-ում իշխանություն։ Այնուամենայնիվ, պետք է լինի այնպիսի իշխանություն, որը կգիտակցի բոլոր մարտահրավերները, որոնք ունի Հայաստանը, և ով է Հայաստանի իրական գործընկերը։ Սա շատ կարևոր է։ Հայաստանը պետք է հզոր դիվանագիտություն ունենա, որպեսզի չհայտնվի լիովին մեկուսացվածի կարգավիճակում, քանի որ ապագայում հարցերը կարող են լուծվել առանց Հայաստանի, հատկապես, երբ Ռուսաստանն Արցախի հետ նոր հարաբերություններ է կառուցում»,- ասաց նա։

Կովկասագետը նաև նշեց, որ հաջորդ տարի ուշագրավ է լինելու հետևել, թե ինչպիսի դեր է ստանձնում ԵԱՀԿ Մինսկի խումբը և ինչ բովանդակություն է առաջ քաշելու Մինսկի խումբը, որը վերակենդանանալու հնարավորություն դեռ ունի։

«Այս ամենը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ՝ աշխարհաքաղաքականություն, ամեն ինչ համարյա թե ամբողջությամբ փոխկապակցված է, ուստի Արցախի ապագայի համար կարևոր են լինելու թե ՀՀ ներքին զարգացումները, այն, թե Փաշինյանը կկարողանա՞ պահել իշխանություն, թե՞ ոչ, կարևոր են լինելու նաև ռուս-թուրքական բանակցությունները Սիրիայի և Ղարաբաղի շուրջ, Արևմուտքի որոշումները Ղարաբաղի ուղղությամբ և ԵԱՀԿ ՄԽ գործընթացի ապագայի վերաբերյալ, ԱՄՆ նոր նախագահության աշխատանքը Ռուսաստանի, հետևաբար՝ տարածաշրջանի՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ուղղությամբ, Վրաստանը, Ուկրաինան և գլխավորապես Ռուսաստանի քաղաքականությունը։ Ամեն ինչ որոշիչ է, անցանք բարդ տարի, հուսանք՝ գալիք տարին չի լինի այսքան ծանր, բայց զարգացումները լինելու են խիտ ու ուշագրավ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս