Ոստիկանությունում ասելիք չունեն, իսկ դատախազությունը պնդում է` պատգամավորի գործողություններին տրվելու են իրավական գնահատականներ

Երեկ առավոտյան Հայրենիքի փրկության շարժման անդամներն Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցին հարող մուտքի մոտ քաղաքացիական անհնազանդության ակցիա իրականացրեցին՝ ԱԺ արտահերթ նիստի շտապող իմքայլական պատգամավորներին դիմավորելով «դավաճան» վանկարկումներով ու ձվերով:

Ակցիայի մասնակիցները նախ ձվերով հարվածեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին՝ գործողությունն ուղեկցելով զանազան վանկարկումներով, միջադեպ տեղի ունեցավ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, իսկ «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, այժմ իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը լկտի հայհոյանքներով հարձակվեց իրեն անվանարկած ակցիայի մասնակիցների վրա, որից հետո նրանք սկսեցին ձվեր նետել վերջինիս վրա:

«Ազգընտիր» պատգամավորն ավելի ուշ ընդունեց, որ հարվածել է քաղաքացուն, և, թեպետ ասաց, որ վերջինս գետնին է հայտնվել հավանաբար սայթաքելու հետևանքով, բայց կա տեսանյութ, որում ամեն ինչ շատ պարզ երևում է:

Հետագայում ոստիկանությունը հայտարարեց, որ Ազգային ժողովի շենքի մոտ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ու մի խումբ ցուցարարների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով բերման է ենթարկվել 14 անձ, ապա ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրնսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցվեց խուլիգանության հանցակազմով, ձերբակալվեց մեկ անձ:

Սակայն ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ, ով, թերևս, այդ միջադեպի ամենաակտիվ մասնակիցն էր, որևէ գործողություն չի նախաձեռնվել ու չի կատարվել:

168.am-ն այսօր դիմեց ոստիկանություն՝ ցանկանալով ճշտել, թե մեկ օր անց, երբ արդեն կա ձերբակալված անձ, արդյո՞ք Սիսակ Գաբրիելյանի գործողություններին գնահատական տրվել է, թե՞ ոչ:

«Մեր տարածած պաշտոնական տեղեկատվությանն ավելացնելու տեղեկություն չունենք»,- ասացին ոստիկանությունից:

Ճշգրտող հարցին, թե դա երեկ էր, իսկ այսօ՞ր՝ պատասխանեցին՝ արդեն ասացինք: Ոստիկանության «պատրաստակամությունից» արդեն պարզ է դառնում, որ իրավապահ այդ կառույցը որևէ քայլ չի ձեռնարկելու ԱԺ իշխանական պատգամավորին պատասխանատվության ենթարկելու հարցում, որովհետև եթե խուլիգանության գործողությունը երկու կողմ ունի, և կողմերից մեկին երեկ հապճեպորեն ձերբակալել են, ի՞նչն էր նրանց խանգարում մյուս կողմի գործողություններին նույնպես իրավական գնահատական տալ, եթե ոստիկանությունում տեսողության հետ կապված խնդիրներ չունեն:

Անկասկած է, որ այստեղ արդեն դատախազությունը պետք է իր խոսքն ասի՝ որպես նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին:

Մեզ հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը խնդրի առնչությամբ ասաց, որ, ինչպես երեկ նշել էր, դատախազությունը երաշխավորելու է օբյեկտիվ քննությունը և միջադեպի մասնակից բոլոր անձանց, այդ թվում՝ նաև պատգամավորի գործողություններին տրվելու են իրավական գնահատականներ: Նկատեցինք, որ կա տեսագրություն, որում հստակ երևում են պատգամավորի գործողությունները, ասացինք, որ ինքը՝ Սիսակ Գաբրիելյանը, հետագայում ԱԺ-ում ունեցած իր ելույթում չի հերքել, որ հարվածել է ակցիայի մասնակցին:

«Այս պահին չեմ կարող ասել՝ նախաքննությունը որ մարմինը կիրականացնի, սակայն, ամեն դեպքում, Ձեր նշած հանգամանքն անպայման դառնալու է քննության առարկա, որի արդյունքներով էլ պայմանավորված կլինեն հենց տրվելիք իրավական գնահատականները»,- ասաց գլխավոր դատախազի խորհրդականը:

Տեսանյութեր

Լրահոս