Իրականության հետ առերեսվողները. Արդյո՞ք գլխավոր դատախազը ԱԺ կմտնի Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցով

Այսօր առավոտյան Հայրենիքի փրկության շարժման անդամներն Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցին հարող մուտքի մոտ քաղաքացիական անհնազանդության ակցիա իրականացրեցին՝ ԱԺ արտահերթ նիստի շտապող իմքայլական պատգամավորներին դիմավորելով «դավաճան» վանկարկումներով ու ձվերով:

Ակցիայի մասնակիցները նախ ձվերով հարվածեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին՝ գործողությունն ուղեկցելով զանազան վանկարկումներով, միջադեպ տեղի ունեցավ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, իսկ «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, այժմ իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գերազանցեց ինքն իրեն:

Նա լկտի հայհոյանքներով ձեռնամարտի մեջ մտավ ակցիայի մասնակիցների հետ, որից հետո նրանք սկսեցին ձվեր նետել վերջինիս վրա: Ազգընտիր պատգամավորին, ըստ ամենայնի, հանգստացնել հնարավոր չեղավ, ու նա շարունակեց հարձակվել քաղաքացիների վրա:

Սա նույն Սիսակ Գաբրիելյանն է, ով «Ազատությունում» լրագրող աշխատելու տարիներին սպասում էր, թե ԱԺ օդիոզ պատգամավորներից որ մեկն ինչ թարս հայացքով է նայելու իրեն, որ մարդու իրավունքների, պատգամավորական զսպվածության ու խուլիգանության մասին ռեորտաժներ պատրաստի, այս կամ այն իրավապաշտպան կառույցներին վկայակոչի, բարոյախրատական դասեր տա ու լուրջ դեմքով սպասի հաջորդ միջադեպին, մինչդեռ հիշեցնենք՝ նախկին նույնիսկ ամենաօդիոզ պատգամավորներից որևէ մեկը ո՛չ հող էր հանձնել, ո՛չ էլ նման պահվածքով աչքի ընկել:

Ոստիկանները, իհարկե, շտապեցին բերման ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիներին, իսկ հետագայում Սիսակ Գաբրիելյանի թիմակից, մասնագիտությամբ իրավաբան Վլադիմիր Վարդանյանն ըստ էության արդարացրեց նախկին լրագրողի խուլիգանական պահվածքը՝ համարելով, որ Սիսակ Գաբրիելյանի վրա հարձակումը  հարձակում էր ժողովրդավարության վրա:

Վլադիմիր Վարդանյանի ընտրովի հիշողությունը թույլ չի տալիս հիշել, որ այն նույն դահլիճում, որտեղ ինքը ելույթ էր ունենում, իր գործընկեր պատգամավորները հաձակվել էին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի վրա:

Մարդկայնորեն կարելի է հասկանալ վերոնշյալ անձանց. տղամարդ են, հունից դուրս են գալիս: Իսկապես հեշտ չէ ամեն անգամ վախեցած աջ ու ձախ նայել տանից դուրս գալիս, քայլելիս, որևէ տեղ մտնելիս կամ դուրս գալիս, դժվար է լսել քեզ դավաճան անվանող մարդկանց ձայները, բայց այն պահից, երբ ԱԺ իմքայլական պատգամավորներն իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ որոշեցին կիսել երկիրը հանձնելու պատասխանատվությունը, հենց այդ նույն պահից էլ պետք է պատրաստ լինեին նման զարգացումների, իմանային, որ այս երկրում ու այս քաղաքում իրենք այլևս երբեք հանգիստ չեն ունենալու, չեն կարողանալու նախկինի պես թանկարժեք ռեստորաններում լավ գինի վայելել, ընթրել, շփվել, երկրի ապագայի հետ կապված դարակազմիկ ծրագրեր «երկնել», քայլել, խոսել՝ առանց կողքերը նայելու, առանց ամոթից կամ վախից գլուխը կախելու: Այնպես որ՝ դա իրենց ընտրությունն էր, ու ոչ ոք դրանում մեղավոր չէ:

Երբ իրենցքայլական կին պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, որը մարդկանց հիշողության մեջ մնացել է սոսկ իր այն հայտարարությամբ, որ՝ եթե Փաշինյանը դատարկ թուղթ էլ բերեր ԱԺ, այլ ոչ ծրագիր, ինքը, միևնույն է՝ կողմ էր քվեարկելու, պատերազմի ժամանակ սպառնում էր լրագրողին, թե պատերազմն ավարտվի՝ կտեսնեք «ձեր հալը», իսկ տղամարդ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ կողքից թեման զարգացնում էր, պիտի արդեն իմանան, որ պատերազմն ավարտվել է, ու մարդիկ այժմ բոլորովին այլ տրամադրություններ ունեն:

Ինչևէ, 168.am-ը դիմեց ՀՀ իրավապահ մարմիններին՝ փորձելով պարզել՝ արդյո՞ք Սիսակ Գաբրիելյանի գործողություններին իրավական գնահատական տրվելու է, թե՞ ոչ:

ՀՀ ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում ԱԺ-ի մոտ տեղի ունեցած դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով, կան բերման ենթարկվածներ:

Դիտարկմանը, թե Սիսակ Գաբրիելյանն ԱԺ պատգամավոր է, և նրան հնարավոր չէ բերման ենթարկել, հետևաբար՝ հետաքրքիր է, թե ի՞նչ է պատրաստվում ոստիկանությունը ձեռնարկել նրա մասով, մեզ պատասխանեցին՝ ընթանում է քննություն:

Դիմեցինք նաև գլխավոր դատախազություն. Ցանկանում էինք իմանալ՝ արդյո՞ք գլխավոր դատախազությունը կկատարի այս դեպքում իր վերահսկողական գործառույթները, և գլխավոր դատախազն ԱԺ կմտնի՞, թե՞ ոչ՝ Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցով:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ դատախազությունը կերաշխավորի քրեական գործով օբյեկտիվ քննության իրականացումը և իրավական գնահատականներ տալը:

«Ենթադրում եմ՝ ոստիկանությունը հաղորդագրություն կտարածի: Իսկ գլխավոր դատախազը քրեական հետապնդման հարցով ԱԺ է մտնում այն ժամանակ, երբ քննություն է կատարվում ու ձեռք են բերվում պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու բավարար ապացույցներ»,- ասաց գլխավոր դատախազի խորհրդականը:

Ամեն դեպքում այս պահին գնդակը ոստիկանության դաշտում է և միայն ոստիկանության գործողություններից կամ անգործությունից հետո դատախազությունը ստիպված կլինի իրականացնել իր վերահսկողական գործառույթները:

Տեսանյութեր

Լրահոս