ԱԺ-ն դադարեցրեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները

Ազգային ժողովը դադարեցրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները:

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին օրենքի նախագիծը փակ գաղտնի քվեարկությամբ ստացավ 78 կողմ, 4 դեմ ձայներ:

Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, նշեց, որ քվեատուփում առկա է եղել 84 քվեաթերթիկ, անվավեր են ճանաչվել 2-ը:

Նախագիծը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Ըստ «Իմ քայլը»-ի՝ գործնականում առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն: «Դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»»,- ասված է նախագծում:

Նախագիծը ներկայացնող Արթուր Հովհաննիսյանը հիշատակել էր Զոհրաբյանի գրառումներից մի քանիսը և նշել, որ Զոհրաբյանի գրառումներից և հրապարակային խոսքից պարզ է դառնում, որ պատգամավորի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ, ինչպես նաև Սահմանադրությանն ուղղակիորեն հակասող դասակարգումներ մարդկանց միջև, ավելին՝ այդ դասակարգմամբ պայմանավորելով վերջիններիս՝ Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար ընտրելու իրավունքի իրացումը:

Ըստ «Իմ քայլը»-ի՝ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները:

Նախագծի քննարկմանը ԱԺ նիստերի դահլիճում չեն մասնակցել ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն:

Տեսանյութեր

Լրահոս