«Արտահերթ ընտրությունների օրակարգով չենք հանդիպելու վարչապետի հետ»

Մամուլը գրել էր, որ այսօր կեսգիշերին կայանալու է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտահերթ ընտրությունների գնալու օրակարգը քննարկելու համար:

Ըստ այդ տեղեկատվության՝ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ոչ միայն ԲՀԿ առաջնորդի, այլև «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ՝ կրկին նույն օրակարգը քննարկելու համար:

168.am-ը խորհրդարանում  «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեց՝ Նիկոլ Փաշինյանի հետ նշված օրակարգով հանդիպում նախատեսվա՞ծ է:

«Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե մամուլը նման անհեթեթություններ որտեղից է վերցնում, ժամանակն է, որպեսզի մամուլը վերածվի մամուլի, այլ ոչ թե դեղին մամուլի: Փաշինյանը երեկ կամ առաջին օրը հայտարարել էր, որ ուզում է հանդիպում, քանի որ մենք մեր օրակարգում արտահերթ ընտրությունների գնալու հարց չունենք, դրա համար մենք նրանից պահանջել ենք հրաժարական, որի դեպքում կձևավորենք նոր կառավարություն միայն պրոֆեսիոնալների կազմով, երկիրը կկայունացենք ու նոր միայն կգնանք ընտրությունների: Եթե ԱԺ մտնելիս Կառավարությունը չի կարողանում նույնիսկ պատգամավորների անվտանգությունն ապահովել, անհեթեթ է խոսել արտահերթ ընտրություններից, մենք չունենք արտահերթ ընտրությունների գնալու օրակարգ, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

Մեր հաջորդ հարցին՝ վարչապետի հրաժարականի օրակարգով կհանդիպե՞ն Նիկոլ Փաշինյանի հետ,  Գևորգ Գորգիսյանը պատասխանեց՝ եթե նման առաջարկ լինի, ապա կմտածեն:

«Եթե Նիկոլ Փաշինյանն առաջարկի քննարկել իր հրաժարականի և իշխանությունն անցնցում հանձնելու հարցը, ապա կմտածենք հանդիպման մասին»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս