«Դատարանները որևէ առնչություն չունեն ընտրական պրոցեսի հետ». ԲԴԽ նախագահը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով դատական համակարգին՝ ասել էր, թե դատական համակարգը դարձել է պսևդոէլիտայի մաս, ապա հարցին, թե նման պայմաններում նման համակարգով ընտրությունների գնալը ճի՞շտ է, արձագանքել էր.

«Ուրեմն եկեք որոշենք, դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր ենք գնում ընտրությունների»:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ո՞րն է հարցազրույցում հիշատակված դատական համակարգի հարցի լուծման ու ընտրությունների կապը, և ըստ ԲԴԽ նախագահի՝ ի՞նչ է նշանակում՝ լուծել դատական համակարգի հարցը, նոր անցնել ընտրությունների:

ԲԴԽ նախագահը հարցին պատասխանեց՝  Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհրդի «ժողովրդավարական հասարակություններում դատական իշխանության դերը և փոխհարաբերությունները իշխանության այլ թևերի հետ» վերտառությամբ թիվ 18-րդ կարծիքին հղում կատարելով:

«Ամբողջ այս կարծիքի լեյտմոտիվը հետևյալն է, որ իշխանության թևերի միջև կոնֆլիկտը դա նորմալ է: Պետք է լինի այդ կոնֆլիկտը: Դատական իշխանությունը-գործադիր իշխանություն, դատական իշխանություն-օրենսդիր իշխանություն և այդ կոնֆլիկտը նորմալ է: Կոնֆլիկտի բացակայությունը նշանակում է, որ պետությունում չկա ժողովրդավարություն, և պետությունում դիկտատուրա է տեղի ունենում, դատարանը անկախ չէ: Այսինքն՝ ակնհայտ է, որ բոլորը տեսնում են այն կոնֆլիկտը, որը  կա: Բայց այդ կոնֆլիկտը ինստիտուցիոնալ է, դա պետք է լինի, որպեսզի ճշմարտությունը հաղթի ի վերջո:

Ինչ վերաբերում է  վարչապետի խոսքերին, ճիշտն ասած, ես կապը չեմ տեսնում: Դատարանները որևէ առնչություն չունեն ընտրական պրոցեսի հետ: Դա՝ մեկ: Երկրորդը՝ միանշանակ համաձայն եմ, եկեք լուծենք դատական իշխանության հարցերը: Մենք բազմաթիվ չլուծված հարցեր ունենք: Եկեք մեր ֆինանսավորումը բարձրացնենք: Եկեք մեզ թափուր հաստիքներ տվեք: Եկեք մեր շենք-շինությունները վերանորոգենք»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս