«Գուցե այդ հատվածը սառած էր, ու այդ քաղաքացին ընկավ՝ խառը պահ էր. ես համարժեք պաշտպանվել եմ». Սիսակ Գաբրելյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին
Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ էին իրականացրել ԱԺ շենքի մոտ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում: Ակցիայի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը վեճի էր բռնվել ակցիայի մասնակիցների հետ, այնուհետև հարձակվել նրանց վրա:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով միջադեպին, Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ մեքենայից իջնելիս՝ ակցիայի 3-4 մասնակիցներ ծաղրական ու խուլիգանական արտահայտություններ են արել:
«Ես մեքենայի պատուհանները բարձրացրեցի, մտածեցի, որ ոստիկանները կգան ու թույլ չեն տա միջադեպ տեղի ունենա, երբ պատուհանը փակեցի, 1-2 հարված հասցվեց մեքենայիս, հարցրեցի՝ ո՞վ հարվածեց, կոպիտ պատասխան եղավ: Դուրս եմ գալիս ու հարցնում եմ, թե ով հարվածեց, մնացածը, կարծում եմ՝ քաղաքացիները տեսել են:
Այո, այնտեղ այդ հատվածից հետո, կա մի հատված, որտեղ քաղաքացի է գետին ընկած, և ես իրեն՝ չգիտեմ, ինչ-որ հարվածում եմ: Ասեմ, որ այդ քաղաքացին մոտեցավ ինձ, իր դեմքն այդպես լավ չեմ հիշում, նա պիջակիցս էր բռնել: Հենց այդ նույն հատվածում նոյեմբերի 9-ի գիշերը ծեծել են ԱԺ նախագահին: Դու գալիս ես աշխատանքի ու տեսնում ես՝ 15 ագրեսիվ երիտասարդներ վազում են քո վրա, և արձագանքն այն է, որ ասում ես՝ ինչ էլ լինի, գոնե պետք է ինքնապաշտպանվես, որովհետև ո՛չ փախնելու եմ, ո՛չ էլ կփախնեմ: Ասեմ՝ գուցե այդ հատվածը սառած էր, ու այդ քաղաքացին ընկավ, չեմ կարող ասել՝ խառը պահ էր, որովհետև 10-15 հոգով ու ես՝ միայնակ, հարձակվել էին, ես համարժեք ինքնապաշտպանվել եմ՝ իմ հասցեին հնչել են հայհոյանքներ, ու ես դրանց պատասխանել եմ»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը:
Հարցին՝ այդ արարքի համար չի՞ փոշմանում, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ փոշմանում է նրա համար, որ երկրում կան քաղաքացիներ, որոնք չեն մտածում, որ հարցերը կարելի է քաղաքակիրթ ձևով լուծել:
«Ինձ ճանաչողներն այս ընթացքում գրում են, թե ինձ ճանաչում են՝ որպես այլ տեսակի մարդ, ասում են՝ ինչ աստիճանին են հասցրել քեզ, որ այդպես ես վարվել»,- հավելեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում