«Մամ, կանայք արյուն են հանձնում, իսկ տղամարդիկ գնում են կռիվ». 24-ամյա Տարոնը բոլորից գաղտնի մեկնել էր ռազմաճակատ
«Կանայք արյուն են հանձնում, իսկ տղամարդիկ գնում են պատերազմ»,- Արցախում զոհված 24-ամյա Տարոն Գիվարգիզյանի խոսքն է՝ պատերազմ մեկնելուց առաջ: Տարոնի մայրը՝ Լաուրան, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին չափից դուրս հայրենասեր էր, յուրահատուկ վերաբերմունք ուներ բանակի և ծառայության նկատամամբ և հենց այդ վեհ զգացումն էր պատճառը, որ դպրոցը դեռ չավարտած՝ սեփական դիմումի համաձայն՝ 6 ամիս շուտ մեկնեց ծառայության:
«12-րդ դասարանում էր սովորում Տարոնս, դեռ ուներ ժամանակ, որ զորակոչվեր բանակ, բայց համառորեն, ինքնակամ դիմեց զինկոմիսարիատ և իր խնդրանքով՝ ժամանակից շուտ զորակոչեցին ծառայության, շատ մեծ սիրով գնաց: Դասարանի բոլոր շրջանավարտները վերջին զանգը դիմավորեցին ճերմակ վերնաշապիկով, բայց որդիս, քանի-որ ծառայության մեջ էր, միջոցառմանը մասնակցեց զինվորական համազգեստով… Տարոնս շատ քիչ է ծառայել, զորավարժություններից մեկի ժամանակ ոտքը վնասել էր և բուժման մեջ էր գտնվում: Քույրը միշտ ասում է, որ ինքը չէր ներում իրեն, որ ապրիլյան պատերազմին չի մասնակցել, քանի որ ապրիլյանի ժամանակ վիրավոր էր»,- հիշեց Տարոնի մայրը:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան տեղեկանալով, որ պատերազմ է սկսվել, Տարոնը ծնողներին տեղեկացրել է ու շտապել եկեղեցի.
«Ասաց՝ մի հատ վեր կացեք, տեսեք ինչ է կատարվում, պատերազմ է, ու անմիջապես տնից դուրս եկավ: Կիրակի էր, Տարոնս ամեն կիրակի առավոտյան պարտադիր գնում էր եկեղեցի՝ պատարագի: Մեկնելուց 1 օր առաջ երեկոյան եկավ տուն և հացը թողեց կիսատ, ափսեն հրելով ասաց՝ կուլ չի գնում, տղաներն այնտեղ կռվում են, իսկ ես տաք տան մեջ հաց եմ ուտում: Ասացի՝ Տարոն ջան, արի առավոտյան միասին գնանք արյուն հանձնենք, մեկ էլ դու ո՞նց կարող ես՝ ֆիզիկապես, հոգեպես, ֆինանսապես օգնես, պտտվեց և շատ խիստ հայացքով ասաց՝ մամ, կանայք արյուն են տալիս, իսկ տղամարդիկ գնում են կռիվ…»:
Տարոնը պատերազմ մեկնեց սեպտեմբերի 29-ին, հարազատներից թաքուն՝ ավտոբուսում էր թաքնվել: Ծնողներին ասել էր, թե զինվորների համար սնունդ են ուղարկում.
«Մենք գիշերը ժամը 1-ին ենք իմանում, որ արդեն Ղարաբաղում է: Քրոջն է զանգում, ասում է՝ մամային, պապային չասես, առավոտյան կասես, Տաթև ջան, ես Ղարաբաղում եմ, դու մամային, պապային լավ կնայես: Ամսի 29-ին արդեն ռազմաճակատում էր, ասում էի՝ Տարոն ջան, գոնե 2 օրով արի, էլի գնա, էլ ուժ չունեմ սպասելու, պատասխանում էր՝ մամ, բա այդ երեխեքը, մամ, դու գիտե՞ս՝ ինչ երեխեք կան այստեղ, ամեն մեկը մի լույսի կտոր է, կյանք են այստեղի երեխեքը, ու այդպես բոլորին սիրելով… Հետի վիրավոր ընկերը պատմում էր, որ Տարոնս զինվորներին բերում էր, իրենց վրանում կերակրում, ինչով պետք էր՝ հասնում էր և պարտադիր ժամը 5-ին ժամերգություն էր անում… Էլի մարտական ընկերներից եմ լսել, զինծառայողներ են եղել կանգնած, Տարոնս այդ երեխեքից մեկին շարքի միջից կանչել է, ասել՝ բատինկաներդ հանիր, այդ երեխուն զուգահեռ՝ նաև Տարոնս է իր ոտքի բատինկաները հանել ու փոխանակել, քանի որ տեսել է, որ այդ երեխու բատինկաները պատռված է եղել: Ուսին տալով՝ ասել է՝ ախպերս, գնա, ես Տարոնն եմ, ինչ հարցով պետք լինենք, ձեր կողքին ենք…»:
Տիկին Լաուրան պատմեց, որ Տարոնը շատ էր սիրում նաև սպորտը, հպարտությամբ հիշեց որդու հաջողողությունները նաև այդ բնագավառում.
«Միշտ հաջողություն էր ունենում, մրցումներից գալիս էր մի գավաթով, մի մեդալով, պատվոգրերով, ասում էի՝ Տարոն ջան, այդ որտեղի՞ց, ասում էր՝ մամ, հաղթել եմ…»:
Տարոնը բազմաթիվ նախասիրություններ ուներ, սպորտին հավասար նաև երաժշտություն էր սիրում, դաշնամուր էր նվագում, սակայն ծառայության տարիներին ընդհատել էր, իսկ զորացրվելուց հետո էլ ընտրել էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը.
«Տարոնիս մասնագիտությունը բավականին լավ մասնագիտություն է՝ որպես տղայի, և ոչ հասանելի է բոլորին՝ ֆիրմային մեքենաների ավտոէլեկտրիկ, դիագնոստիկա, կոդավորում, այդ ամենն ինքն անում էր, որը ինքը սովորել է գումարով՝ բավականին թանկ: Անընդհատ իր պապային ասում էին՝ տղադ բարեկենդանն է, ով գալիս է՝ անվճար սովորեցնում է, կերակրում է, գումարն էլ դնում է գրպանը՝ ճանապարհում: Մի օր եկավ տուն, ասացի՝ Տարոն ջան, լավ ես անում, բալես, բայց այնքան սուղ են քո գործիքները, կարելի է սիմվոլիկ գումար այդ երեխեքից վերցնել: Ինձ այնպիսի պատասխան տվեց, ես որպես մայր՝ ամաչեցի իմ ասածից: Խիստ տոնով ասաց՝ մամ, ով գա՝ սովորեցնելու եմ ու հացի տեր եմ սարքելու, ձայն չհանեցի, ասաց՝ չե՞ս հարցնում՝ խի՞, ասացի՝ խի՞ Տարոն ջան, պատասխանեց՝ որ պատի տակ կանգնողները ու վատ շրջապատ ընկնողները լավ մարդ դառնան…»:
Լաուրան պատմեց՝ տեղյակ է եղել որդու՝ հայ առաքելական եկեղեցում՝ ժամերգություններին մասնակցելու մասին, սակայն իր համար անակնկալ է եղել, երբ բոլորովին վերջերս իմացել է, որ Տարոնը Տաթևի վանական համալիրում դպիր է եղել.
«Տարոնս ծառայությունից որ եկավ՝ գնում էր հայ առաքելական եկեղեցի, որն իրեն ուղղորդում էր Տեր Նշանը: Տարոնս շատ լավ մարդ էր, բայց ավելի լավ մարդ դառնալու գործում Տեր Նշանը շատ մեծ ներդրում ունի: Եկեղեցի էր այցելում՝ պատարագների, ժամերգության, որը ես գիտեի, բայց դեպքից հետո եմ իմացել, որ տարոնս դպիր է Տաթևի վանքում, Հայր Միքայելի հետ պատարագներ է անցկացրել, հրավերներ է ունեցել Տարոնս Տաթևի վանքում, Գնդեվանքում: Տարոնիս ցանկությունն է եղել, մարտական ընկերոջն է ասել՝ տեսնես, որ ինձ մի բան լինի, մերոնք հաճախակի կգնա՞ն եկեղեցի, դա իր ցանկությունն է եղել, և իր ցանկությունը ես անպայման ի կատար եմ ածելու, անպայման: Տեր Աշոտն էլ է մեր կողքին՝ եկեղեցու քահանան: Տարոնս դպիր էր եկեղեցում, ասում են՝ ինչ Նարեկ էր կարդում, ինչ ողբերգություն, բոլորը ողբում էին… Ափսոսում եմ, որ չեմ տեսել Տարոնիս այդ հագուստով, որ դպիր է եղել, կարդացել է…»:
Տարոն Գիվարգիզյանը Մասիվի ջոկատի տղաների հետ զոհվել է հոկտեմբերի 29-ին:
«Չափից շատ հոգնած են եղել, նստել են ընդմիջման, և այդ պահին չարաբաստիկ անօդաչու սարքը նկատել է իրենց, տեղում զոհվել են 10 հոգի՝ Մասիվի ջոկատը: Այդտեղ Տարոնս շատ ընկերներ է կորցրել, և ես չգիտեմ, թե ի՞նչ կլիներ իր հետ, եթե ողջ լիներ, քանի որ ինքը չափից դուրս ընկերասեր էր…»:
«Ուզում էր ընտանիք կազմեր՝ ամուսնանար, որն այդպես էլ չստացվեց, մնաց նպատակ, համ Տարոնիս համար, համ մեզ համար՝ որպես ծնող… Դեկտեմբերի 29-ին Տարոնիս 25-ամյակն է, միշտ շատ հասարակ, ամեն օրերի նման է անցկացրել իր ծնունդները՝ ոչ մի ճոխություն, ոչ մի առանձնահատկություն… Սիրում եմ քեզ, Տարոն ջան, շատ…»:
Տիկին Լաուրան հատուկ ընդգծեց, որ շարունակելու է որդու մասին ներկայով խոսել, և ուրիշներից էլ է դա ակնկալում, ով ինձ ասում է՝ չգիտենք՝ ոնց ցավակցենք, ես արգելում եմ այդ բառն օգտագործել: Ասում եմ՝ ասեք՝ շնորհակալ ենք, որ ունեք Տարոն…:
«Տարոն ջան, շնորհակալ եմ քեզ, որ դու քո կյանքով և քո ծնողների արցունքներով՝ փրկել ես լիքը տղաների, ոնց որ դու ես ասել՝ ես 18-19 տարեկան երեխեքի կողքին պետք է լինեմ, չեմ գա՝ մինչև վերջ…»: