Թուրքիայի հյուրանոցների մեծամասնությունը չի հրաժարվելու ամանորյա ծրագրերից
Թուրքիայի հյուրանոցների մեծամասնությունը որոշել է չհրաժարվել ամանորյա ժամանցային ծրագրերից, չնայած տեղական իշխանությունների կողմից համապատասխան արգելքին: Այդ մասին հաղորդել է TourDom.ru-ն:
Նախօրյակին Թուրքիայի ՆԳ նախարարությունը հրապարակել է շրջաբերական, որը կանոնակարգում է հյուրանոցների աշխատանքը դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 4-ը: Փաստաթղթի համաձայն, արգելված են գալա-ընթրիքները, դիսկոտեկները, շոուները, դիջեյների ելույթները, ինչպես նաեւ նմանատիպ միջոցառումների գովազդը: Ժամը 22:00-ից հետո անհրաժեշտ է անջատել ամբողջ երաժշտությունը հյուրանոցների տարածքում:
Հանձնարարվում է նաեւ թույլ չտալ մարդկանց կուտակումներ:
Շրջաբերականը խախտելու համար համալիրների ադմինիստրացիայի ծառայողներին սպառնում են ոչ միայն տուգանքներ, այլ նաեւ քրեական պատասխանատվություն:
Առանձին տուրիստական գործակալների խոսքով, որոնք այժմ հանգստանում են Թուրքիայում, իշխանությունները գաղտնի կերպով նույնիսկ արգելել են զբոսաշրջիկներին ալկոհոլ լցնել բարերում եւ ռեստորաններում: Ուստի Ամանորի տոնակատարության հարցը սուր է դրված:
Այդուհանդերձ, Անթալիայից տուրիստական գործակալության սեփականատեր Մարիա Շեքերի խոսքով՝ որոշումը հրապարակելուց հետո տոնական միջոցառումներից հրաժարվել են առանձին հաստատություններ. հյուրանոցի տերերը չեն ցանկանում վերադարձնել վաստակած փողերը:
Այնուամենայնիվ, երեկոների ծրագիրը ստիպված են եղել վերափոխել: Մասնավորապես, գալա-ընթրիքները չեղարկվել են ամենուրեք: Օրինակ, Անթալիայի խոշորագույն հյուրանոցներից մեկը, որպեսզի չհակասի կանոններին, այն անվանել է շվեդական սեղան, իսկ անցկացման վայրն առանձին խնջույքի սրահից տեղափոխել է համալիրի ռեստորան:
Ժամը 21:00-ից հետո երաժշտությունն անջատել նույնպես չի պատրաստվում, պարզապես սրահում աշխատելու կմնան երաժիշտները, որոնք առանց այդ էլ այցելուների համար նվագում են ուտելու ժամանակ:
Հյուրանոցների ցանցի վաճառքների գծով տնօրեն Սամի Յըլմազի խոսքով՝ հայտարարված միջոցառումները լրիվ ծավալով կկայանան գործնականում բոլոր օբյեկտներում, սակայն դրանց ավարտվելու ժամանակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշելու է հյուրանոցի ադմինիստրացիան: Հյուրանոցներում ջանալու են փոխզիջում գտնել շրջաբերականի կատարման եւ հյուրերի հետաքրքրությունների միջեւ»,-պատմել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: