«Մենք գործ ունենք իր իշխանությունից կառչած ողորմելու հետ». Ավետիք Իշխանյան
Երբ պարտվում ես, և խայտառակ ձևով ես պարտվում և կապիտուլյացիա ես ստորագրում, թշնամու ախորժակը բացվում է: Եվ նա շարունակում է իր նվաճողական քաղաքականությունը, որքան որ հնարավոր է, եթե հնարավոր է՝ մինչև վերջ, մինչև ՀՀ-ի վերացումը:
Լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Մենք այդ իրավիճակում ենք գտնվում, և այդ անձը, որի անունը դուք տվեցիք, և որը պատասխանատու է այս ամեն ինչի համար, նույնիսկ՝ կասկածվում է դավաճանության մեջ, շարունակում է կառչած մնալ աթոռից: Եվ կարող է պատահի՝ մի օր էլ արթնանանք, ինչպես նոյեմբերի 9-10-ին, և իմանանք հերթական կապիտուլյացիայի մասին, այս անգամ՝ ամբողջ ՀՀ-ի: Այս ուղղությամբ է գնում ՀՀ իշխանությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀՀ-ի հարցերը լուծում են Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը:
Ըստ Իշխանյանի, Նիկոլ Փաշինյանը պետական կառույցները դարձրել է իր թիկնազորը, ինչպես ենիչերիները՝ սուլթանական Թուրքիայում:
«Եվ դրանով պաշտպանված է, և պաշտպանված շարունակում է հայրենիքը հանձնել թշնամուն՝ հանուն իր իշխանության: Եվ ինձ համար ամենազարմանալին այն է, որ ամբողջ ժողովրդի մեջ բազմաթիվ անտարբերներ կան: Մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղվում, մեքենաներ են գնում, նոր տարվա պատրաստություն են տեսնում, կարծես չեն զգում, որ հայրենիքը կորստի մեջ է: Արդյո՞ք մենք արժանի ենք սրան»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, թե չէր մտածի երբեք, որ այսքան այլասերված շերտեր ունենք: Նկատի ունի խաղալիք-պատգամավորներին, կառավարության անդամներին, քաղաքական որոշ գործիչների, շարքային քաղաքացիների, որոնք շարունակում են սատարել Փաշինյանին:
«Իրավական հարցերի մասին խոսելն անիմաստ է, որովհետև գործ ունենք ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետ, և խեղճուկրակ իշխանությանը կառչած մի ողորմելիի հետ»,- շեշտեց Իշխանյանը:
Իսկ թե ինչու Փաշինյանը չի հեռանում, իրավապաշտպանն ասաց՝ դա նրա բնավորությունն է:
«Նա որևէ զգացմունք, արժեք չունի, նրա համար գոյություն ունի միայն փող և իշխանություն: Նրա համար հայրենիք, սեր, դրանք զրոյական են, և ծիծաղում է այն մարդկանց վրա, որոնք ինչ-որ արժեքներով են ապրում, որովհետև կրկնում եմ՝ նրա համար փողն է և իշխանությունը»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը: