Ներքին զորքերի 2000 ծառայողներ այս պահին մեկնել են Սյունիք. հրամայված է ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ ապահովելու համար

168.am-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի հրամանով` այս պահին ոստիկանության զորքերից թվով 2000 անձնակազմ շարժվել է դեպի Սյունիքի մարզ` Սյունիքի դարպասներ Զանգերի մոտ, որտեղ սյունեցիները պետք է իրենց անհամաձայնությունը հայտնեն Նիկոլ Փաշինյանի` Սյունիք այցելության հետ կապված, ու չթողեն, որ նա մտնի մարզ:

Ոստիկաններին հանձնարարված է ուժ կիրառել ժողովրդի դեմ, ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը մտնի մարզ։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ արգելելու կոչ էր արել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

«Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Գորիսի քաղաքապետը։

Տեսանյութեր

Լրահոս