«Սա դասական պատերազմներից չէ… սեղանի շուրջ նստելու են կողմեր, որոնք ո՛չ հաղթած են, ո՛չ պարտված». Քաղաքագետ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական դիրքերին հարվածներ հասցնելու մասին։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ այս գործողությունները եղել են ուղիղ պատասխան դրանից մի քանի ժամ առաջ ԱՄՆ զինված ուժերի իրականացրած հարձակմանը։

Ավելի վաղ CBS News-ին ամերիկացի պաշտոնյան հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով խոցվել է չորս թիրախ․ հարվածները հասցվել են ԱՄՆ-ի վեց ցամաքային բազավորման ինքնաթիռներով։

Մինչդեռ հունիսի 14-ին ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Ինչպես նշել էին Թեհրանում, հուշագրի ստորագրումից հետո 60-օրյա ժամանակահատվածում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանը։

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի խոսքով՝ Իրանն ու Միացյալ Նահանգները երկկողմանի գնում են բանակցությունների՝ հակամարտությունը հաղթահարելու, ճգնաժամը դադարեցնելու համար։ Թեպետ արդեն ընդհանուր համաձայնագիր կա, որ գնալու են բանակցությունների, բայց յուրաքանչյուր հարցի քննարկում ուղեկցվում է մեծ լարվածությամբ։

Կարդացեք նաև

«Շատերն են ասում, որ Իրանը հաղթել է, Միացյալ Նահանգները՝ պարտվել, կամ հակառակն են ասում, այս երկու ծայրահեղություններն էլ սխալ են։ Ճշմարտությունն այն է, որ երկուստեք բախվել են խնդրի, ունեցել են մեծ կորուստներ և հիմա փորձում են այդ ձևաչափով գնալ ճգնաժամի հաղթահարման։ Այսինքն՝ ոչ թե հաղթանակն է երկուսին տարել դեպի բանակցությունների, այլ կորուստները։ Իրանը կարողացավ օգտագործել իր գեոպոլիտիկ դիրքը և փակել Հորմուզի նեղուցը, ստիպեց ծնկի գալ ողջ Արևմուտքին, որովհետև էներգետիկ մահակն այնպիսի հարված հասցրեց, որն ուղղակի արևմտյան ստրատեգները չէին կարողանում պատկերացնել։

Իհարկե, պետք է գոնե տարրական գիտելիքներ ունենային աշխարհագրությունից, պարզապես վրիպումն այն էր, որ հաշվարկել էին՝ եթե ոչնչացնում են Իրանի հոգևոր առաջնորդին, բարձրագույն ղեկավարությանը, երկրում քաոս կլինի, վարչակարգը կփոխվի, դրսից կբերեն նոր առաջնորդի, և Իրանը կլինի այն նույն կամակատարը, ինչ կար մինչև Իսլամական հեղափոխությունը»,- 168.amի հետ զրույցում ասաց Գարիկ Քեռյանը։

Ըստ նրա, Իրանն էլ իր հերթին տեսավ, որ պատերազմի շարունակումը կարող է իսկապես հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, որովհետև այն կորուստները, որոնք կրում էին Իրանի հարևան պետությունները, նաև ԵՄ երկրները, կարող էին բերել մեծ հակաիրանական կոնսոլիդացիայի, և բոլոր այդ հաշվարկներն անելով՝ Իրանը որոշեց գնալ բանակցությունների։

«Սա այն դասական պատերազմներից չէ, որոնք մենք տեսել ենք և որոնք ավարտվել են հաղթողի կամ պարտվողի բանակցություններով։ Այստեղ սեղանի շուրջ նստելու են կողմեր, որոնք ո՛չ հաղթած են, ո՛չ պարտված։ Լավ է այն իմաստով, որ այսօր խաղաղության ձգտումը տիրում է և Թեհրանի, և Վաշինգտոնի նպատակներում, վատ է այն, որ կողմերից որևէ մեկը չունի այնպիսի բացահայտ առավելություն, որպեսզի մյուս կողմին թելադրի կապիտուլյացիա։ Իսկ հավասար պայմաններն ավելի շատ հանգեցնելու են ավելի շատ կոնֆլիկտային իրավիճակների կամ բանակցությունների տապալման սցենարների, որովհետև կողմերից յուրաքանչյուրը, կապիտուլացված չլինելով, փորձում է դուրս գալ ավելի փոքր կորուստներով»,- հավելեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը նկատեց՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների հուշագրում նշված է, թե կողմերն ինչերի պետք է գնան, բայց ճանապարհային քարտեզը, մեխանիզմը դեռևս չկա։

Ավելին՝ Թրամփի իշխանության գալուց հետո, 2025 թվականի փետրվարից սկսած հավաքական Արևմուտքում նկատվեց պառակտում։ Թրամփն Ալյասկայում Պուտինի հետ հանդիպեց և միևնույն ժամանակ առանց ԵՄ լիդերների կարծիքը հարցնելու՝ պատերազմ սկսեց Իրանում, ինչն էլ բերեց որոշակի տարանջատման և ուկրաինական ճգնաժում էլ ռուսական կողմի դիրքերի ուժեղացման։

«Իրանական ճգնաժամը մի կողմով գնաց դեպի կարգավորման, բայց դա բերեց Ռուսաստանի իրավիճակի բարդության։ Նախկինում իրանական ճգնաժամը հանգեցնում էր նավթի գների բարձրացման, որը ձեռնտու էր Ռուսաստանին, հիմա հակառակ պրոցեսն է գնում։ Տեսնում ենք ուկրաինական ճակատում բավականին ակտիվացում՝ ի վնաս Ռուսաստանի»,- ընդգծեց Գարիկ Քեռյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930