Դավաճանությունը սխալ չէ, դավաճանությունը ընտրություն է. եթե դավաճանությունը ներվեր՝ սատանան Աստծո կողքին կնստեր. Աբգար Սրբազան
«Եթե դավաճանությունը ներվեր,
ապա սատանան Աստծո կողքին կնստեր»-, այս մասին հայտարարել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։
Սրբազան Հոր խոսքով՝ կան բաներ, որոնք հնարավոր չէ ներել առանց հետևանքների։
«Ոչ թե որովհետև դու ոխակալ ես, այլ որովհետև դավաճանությունը ներելն առանց հետևանքների սպանում է արդարությունը։ Դավաճանը պետք է վճարի իր ընտրության գինը։ Ոչ թե վրեժով, այլ հետևանքներով։
Քո կյանքից նրան հեռացնելը դաժանություն չէ, այլ սահման։ Սատանան դավաճանեց Աստծուն և հավիտյան վտարվեց։ Ոչ թե խոշտանգվեց, այլ պարզապես զրկվեց լույսի կողքին մնալու իրավունքից։
Այդպես էլ դու՝ ներիր, եթե ցանկանում ես ազատվել ցավից, բայց երբեք քո կյանք մի վերադարձրու նրան, ով մի անգամ արդեն դանակ է խրել քո մեջքին։ Ներումը չի նշանակում վստահության վերականգնում։ Կարելի է ներել մարդասպանին, բայց նրան կրկին դանակ տալը իմաստություն չէ, այլ հիմարություն։
Դավաճանությունը սխալ չէ։ Սխալը կարող է պատահական լինել։ Դավաճանությունը ՝ ընտրություն է։
Իսկ յուրաքանչյուր ընտրություն իր գինն ունի։
Թող սատանան մնա այնտեղ, որտեղ արժանի է լինել՝ լույսից հեռու։ Իսկ դու պահպանիր քո երկինքը նրանցից, ովքեր արդեն ապացուցել են, որ իրենց մեջ խավար են կրում։
Եթե դավաճանությունը հետևանքներ չունենար, ապա հավատարմությունն էլ արժեք չէր ունենա»,- նշել է Աբգար Սրբազանը։

